Գյումրու բնակարանից հափշտակել էր 1 միլիոն 700 հազար դրամ և 8000 դոլար

Գյումրու բնակարանից հափշտակել էր 1 միլիոն 700 հազար դրամ և 8000 դոլար

Հունիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, կոտրել են խոհանոցի պատուհանը, տուն մտել, ննջասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 8000 դոլար, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած իրավապահներն ուսումնասիրել են տան տարածքը: Որոնողական աշխատանքներ են սկսվել: Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ են իրականացրել, ստուգվել ու հերքվել տարբեր վարկածներ: Հունիսի 9-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Գյումրիի Շիրակացու փողոցում բնակվող մի կնոջ բաժին են հրավիրել որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր ու 3.700 դոլար:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողության հաջորդ օրը փողն ու ոսկեղենը նախկինում դատապարտված և 2018 թվականին պատիժը կրելուց համաներմամբ ազատ արձակված 36-ամյա որդին է մորը տվել:
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

wp-apeth