Արթիկում և Գյումրիում կասեցվել են կարի խոշոր արտադրությունների գործունեությունը

Արթիկում և Գյումրիում կասեցվել են կարի խոշոր արտադրությունների գործունեությունը

Գյումրիում եւ Արթիկում երկու օրում կասեցվել է կարի 4 արտադրամասի գործունեություն՝ «Սաստեքս», «Սվեստեքս», «Չեխարմինվեստ» եւ «Վոլիում գրուպ», ընդ որում առաջին երկուսը՝ 72 ժամով։ Նախորդիվ՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի ընթացքում այս ձեռնարկություններում արձանագրել էր ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ։ Մասնավորապես, չի ապահովվել անհրաժեշտ թվով փակվող աղբամանների առկայությունը, ջերմաչափման, ընդմիջումն արտադրական մասից դուրս՝ առանձին օդափոխվող տարածքում կազմակերպելու պահանջները թերի են կատարվել, աշխատանքային արտահագուստի եւ սեփական հագուտի համար առանձին հանդերձապահարաններ չեն նախատեսվել, կորոնավիրուսի կանխարգելման պատասխանատու չի եղել։

Մեծաթիվ աշխատողներ ունեցող կարի այս արտադրություններում կորոնավիրուսի (Covid19) տարածման կանխարգելման նպատակով հաստատված նորմերի պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի հանրային առողջապահական ռիսկերը կանխելու տեսանկյունից։ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս ապահովել այդ նորմերի պահպանումը և հիշեցնում՝ խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում այն ավելի խիստ կլինի։

ԱԱՏՄ-ն արգելել է նաև լաբորատորիայի աշխատանքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ընթացել են նաև Երևանի Ավան վարչական շրջանում։ Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել են տասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են նաև լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։

Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։ Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

ՍԱՏՄ-ն շարունակում է սննդի շղթայի կարգազանց օպերատորների գործունեության կասեցումները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 11.06.2020թ, 24 ժամով կասեցրել է մոտ հինգ տասնյակ տնտեսավարողների աշխատանքը: Մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և, նաև իրացման ցանցերում, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Երկու օրով կասեցվել է երեք մանկապարտեզի գործունեություն

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված մշտադիտարկման արդյունքում մայրաքաղաքի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել: Ըստ այդմ՝ ՀՀ պարետի N-127 Ա որոշման համաձայն, երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը: Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես` երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով, արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում, իսկ մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել: ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում՝ Կրթության տեսչական մարմինը այսօր շարունակել է ստուգայցեր կատարել Երևանի Ավան վարչական շրջանում:

wp-apeth