5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ
Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօդյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել, հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:
Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ : Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
«Մենք հաճախ հայտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որին գրեթե նախապատրաստված չենք լինում: Մյուս կողմից` արտակարգ գործոնների ազդեցության հետևանքով հաճախ հայտնվում ենք անելանելի դրության մեջ: Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` մեզ անհրաժեշտ է անվտանգության ապահովում և իրավիճակի լուրջ մոտեցում ցուցաբերելու զգացում: Նման դեպքերում պետք է անհապաղ զանգահարել 911: Հիշե՛ք, որ ահազանգը գրանցվելու վայրկյանից՝ Ձեզ որոնում են»,- ասված է հաղորդագրությունում: