Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների կողմից պլանավորված և համակարգված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի քանի անձանց ներգրավվածությամբ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Մասնավորապես, 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 6 փաթեթ, բժշկական կաթուցիչ:
Բացի այդ, քննիչների կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալների իրացման արդյունքում ժամեր անց՝ ժամը 02:30-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրից ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել 1984թ. ծնված երկու տղամարդու: Օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վերջիններս իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել և իրենց վարձակալած հյուրանոցային համարում պահում են թմրամիջոց: Պարզվել է նաև, որ վերջիններս թմրամիջոցը ձեռք են բերել հիշյալ 39-ամյա տղամարդուց:
Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են։
Դեպքի վայր հանդիսացող հիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ և թմրանյութեր պատրաստելու իրեր։ Մասնավորապես՝ հայտնաբերվել են տարբեր սրվակներում, փաթեթներում լցված 32.81 գրամ ընդհանուր քաշով «Մեթամֆետամին», 31.12 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա», 26.25 գրամ ընդհանուր քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ, չօգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, էլեկտրոնային կշեռքներ, «Զիպ» փականով դատարկ փաթեթներ, այրված և սպիտակ գույնի զանգվածի հետքերով երկաթե շերեփ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված կիսով չափ լցված բժշկական սպիրտի տարրա, թորած ջրով ապակյա սրվակ և այլն։ Հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ և համակարգիչ:
Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություններ։ Հայտնաբերվածից մի քանի փաթեթների պարունակության վերաբերյալ նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունների համաձայն դրանք եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանանռության միջոց՝ նշված անձինք օգտվել են «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից, իսկ հյուրանոցային քոթեջը, որը վարձակալվել է նշված անձանցից մեկի կողմից, որոշակի ժամանակահատվածում առերևույթ ծառայեցվել է որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք, որտեղ հյուրանոցի աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքաի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1984թ. ծնված երկու անձանց՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկի մասով դատարանը մերժել է խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը:
Քննչական մարմնի և Ոստիկանության ծառայողների կողմից համագործակցված միջոցառումները շարունակվում են թմիջոցառումների ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: