Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․ՔՈ բացահայտումը
ՀՀ Ոստիկանությանից հայտնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները:
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։ Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ։
Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: