Պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4.1 միլիարդ դրամ
Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից համատեղ մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այսպես, 2022 թ. հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են տարբեր տեսակի ապրանքների 35 հսկիչ գնումներ՝ ծածկագրված եղանակով։ Արդյունքում, կատարված հսկիչ գնումներից 24-ի դեպքում հաստատվել են ստացված օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կատարված 8 հսկիչ գնման ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ 3 դեպքում՝ ընկերության կողմից ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրվել, այլ տրամադրվել են ներքին կտրոններ։
Ձեռք բերված ելակետային տվյալների հիման վրա կատարվել է հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:
«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ն՝ Երևանի Բաղրամյան պողոտայի 31ա 23 հասցեում գտնվող գրասենյակում վարույթային գործողությունների ընթացքում առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր, սակայն ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․ Ս․ -ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում տարբեր բնագավառներում, այդ թվում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և օպերատիվ տվյալների միաժամանակյա կիրառման արդյունքում պարզվել է, որ ընկերության տեղեկատվության սերվերը կարող էր գտնվել առավելագույնը 10 կմ հեռավորության վրա: Ընդ որում, նշված երկու հասցեների միջև ինտերնետային հասանելիության կապը ապահովված էր առանց որևէ ինտերնետ պրովայդերի մասնակցության՝ կիրառելով այսպես կոչվող «Dark Fiber» ուղիները՝ նպատակ ունենալով քողարկել և վերահսկողությունից դուրս պահել սերվերի հասցեն։ Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն։ Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը :
Միջոցառումների շրջանակներում հետազոտվել է տվյալների շտեմարանը: Արդյունքում պարզվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին, մասնավորապես՝ 2022 թ-ի հոկտեմբերի 19-ին ժամը 15։24-ին օպերլիազորները ծածկագրված եղանակով՝ Խորենացի փողոցի 33/7 հասցեում գործող՝ «Զովք» սուպերմարկետից կատարել են հսկիչ գնում: Գնվել է պանիր, հում ապխտած երշիկ, ֆիլե, լավաշ, պոլիէթիլենային տոպրակ, հալած պանիր, գազավորված ջուր, կաթնային շոկոլադ: Տվյալ կտրոնի տեղեկատվությունն ուղարկվել է ՀՀ ՊԵԿ ոչ ամբողջությամբ, արդյունքում նշված գնման համար վճարված շուրջ 7 հզ 133 դրամի գումարից հարկային մարմին ուղարկվել է 6. 060 դրամ գումարը: Իսկ տարբերությւոնը 1080 դրամի գումարը չի ուղարկվել, այլ պահպանվել է «ՆՈՐ Զովք» ընկերության հաշվապահական հաշվառման վարման տվյալների շտեմարանում:Եվ սա ընդամենն այս մեկ դեպքով:
Միաժամանակ, վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թ․թ․-ի վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում, ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ, ըստ նախնական տվյալների ընկերությունը նման հանցավոր գործելաոճի արդյունքում՝ 2019թ․-ից մինչև 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայումս, միջոցառուներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին չիրականացնել ծրագրային միջամտություններ, քանի որ կոմիտեն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բավարար գործիքակազմ` հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանցներին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ տեսանյութում: