Գիշերային ակումբի մոտ երկուսին դանակահարել էր

Գիշերային ակումբի մոտ երկուսին դանակահարել էր

Մարտի 16-ին, ժամերի տարբերությամբ, նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Սևանի բաժնում երկու հաղորդում ստացվեց. «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոններից հայտնում էին, որ ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ են հիվանդանոցներ տեղափոխվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաշնից:

«Նրանց Երևան-Իջևան ճանապարհի գիշերային ակումբի մոտից էին բուժհաստատություններ տեղափոխել: Հիվանդանոցներում ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումները, զրուցեցին տուժողների հետ: Ընկերներ էին: Ըստ նախնական տվյալների՝ վիճել էին 20-ից 25 տարեկան անծանոթ երիտասարդի հետ, որն էլ նրանց դանակահարել էր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Իրավապահները մեկնեցին նշված ակումբ, օպերատիվ հարցումներ իրականացրին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սևանի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան կասկածվողի ինքնության վերաբերյալ։ Նորատուս գյուղի 19-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին: Նա ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth