Խախտումները զգալիորեն նվազել են

Խախտումները զգալիորեն նվազել են

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առևտրի մեծ ու փոքր կենտրոնններում և այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ է կասեցման միջնորդություն ուղարկվում։ Մայրաքաղաքում արձանագրված այս պատկերին մոտ է նաև մարզերում դիտարկվող իրավիճակը։

Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ կուտակումները, հերթերի թերի կառավարումը, ախտահանման և ջերմաչափման խնդիրները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։

  • Կրթության տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ: Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանության հետ կապված խնդիրներ:

Կրկնակի ստուգայցից պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն:

wp-apeth