Վարդգես Սամսոնյանի ուղերձը՝ դեկտեմբերի 7-ի կապակցությամբ

Վարդգես Սամսոնյանի ուղերձը՝ դեկտեմբերի 7-ի կապակցությամբ

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը: Ներկայացնում ենք Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ուղերձն օրվա կապացությամբ:

«Հարգելի՛ գյումրեցիներ,

33 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը բոլորիս հիշողության մեջ շարունակում է մնալ որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն: Աղետալի այդ օրը հազարավոր գյումրեցիների կյանքը բաժանեց երկու փուլի՝ դեկտեմբերի 7-ից առաջ և հետո: Վայրկյանների և րոպեների ընթացքում խեղվեցին հազարավոր ճակատագրեր, հզոր տնտեություն ունեցող քաղաքը վերածվեց ավերակների:

Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Իմ խոսքն եմ ուզում հղել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին, չամոքվող վշտին, չընկրկեցին, մնացին հարազատ քաղաքում, պայքարեցին, արարեցին ու իրենց ջանքերը ներդրեցին Գյումրու վերակառուցման դժվարին գործում: Չեմ կարող իմ երախտիքի խոսքը չհղել նաև այն անձանց, ովքեր ծանրագույն այդ ժամանակահատվածում աշխարհի տարբեր անկյուններից ձեռք մեկնեցին և կանգնեցին գյումրեցու կողքին:

Օր-օրի նոր շունչ ստացող Գյումրին դեռ շատ չսպիացած վերքեր ունի, բայց գյումրեցին անկոտրում է, իսկ արարելու ձգտումը՝ անսահման:

Սիրելի՛ գյումրեցիներ, ևս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, մաղթում բոլորիս ոգու ամրություն, լավատեսություն և տոկունություն»,- Սամսոնյանի խոսքերը մեջբերել է Գյումրու համայնքապետարանի լրատվության բաժինը:

wp-apeth