Մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսը
Հայաստանի տարբեր մարզերի 36 խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության ժամը 20։00-ի դրությամբ, էլեկտրոնային տարբերակով ստացված նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1 մլն 112 հազար 396 քաղաքացիներից 472 հազար 528-ը կամ 42,48 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը։
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե բոլոր համայնքներում պայքարում է համայնքապետի պաշտոնի համար։
Մասնավորապես, Վանաձորում ընտրություններին մասնակցել է 92 հազար 182 ընտրողներից 33 հազար 199-ը (36,01 տոկոս)։ Այս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։ Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Վահե Դոխոյանը: Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Նոյեմբերյան համայնքում ընտրություններին մասնակցել է 24 հազար 133 ընտրողներից 13 հազար 314-ը (55,17 տոկոս)։ Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 3 կուսակցություններ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը, «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանն է, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում է անկուսակցական Մհեր Աղամյանը։
Արթիկում ընտրություններին մասնակցել է 36 հազար 865 ընտրողներից 19 հազար 60-ը (51,70 տոկոս)։ Այստեղ իշխանություն ձեւավորելու համար պայքարող «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը: Արթիկի ՏԻՄ ընտրություններում հայտ ներկայացրած «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» եւս մասնակցում է ընտրություններին, ցուցակն Արթիկում գլխավորում է Հակոբ Մաթիլյանը:
Մասիս խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է 62 հազար 950 ընտրողներից 29 հազար 511-ը (46,88 տոկոս)։ Այս համայնքում պայքարում է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակի առաջին համարը Մասիսի գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է: