27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանից հասել է Հայաստան
Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվել են աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար, հայտնում է հիմնադրամի կայքը:
Վերջերս վիրահայությունը ևս միացել է համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ է գնվել։ Անհատական աջակցությունը շուտով վերածվեց ավելի կազմակերպված «Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնության, որը սիրով ընդունվեց վիրահայերի կողմից, ինչի արդյունքում ևս 17 սարք գնվեց։ Արագ համախմբման արդյունքում արդեն ընդհանուր առմամբ 27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հասել է հայ-վրացական սահման։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համակարգել էր ամբողջ գործընթացը և երեկ կես գիշերին կազմակերպել է սպասված բուժտեխնիկայի տրամադրումը ՀՀ առողջապահության նախարարությանը։
Վիրահայերը մեծ պատրաստակամությամբ մասնակցում են նաև «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքին։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, ինչպես նաև այլ բժշկական պարագաներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կկազմակերպի դիմակների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին։ Համահայկական դրամահավաքին միացել են նաև Բելգիայի և Լյուքսեմբուրգի հայրենակիցները։
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել վիրահայերին:
- Շնորհակալ եմ Վրաստանի մեր հայրենակիցներին: Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով,- գրել է նա: