Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի hատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի գործող ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2012թ. նոյեմբերից Տավուշի մարզի Բերդի քաղաքապետի, իսկ 2017թ. նոյեմբերին համայնքների խոշորացումից հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիք կատարելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարը, 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանի ցանցի ղեկավարի պաշտոնը, տեղեկացված լինելով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ կողմից Բերդ համայնքում գտնվող «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող 3.3535հա մակերեսով հողատարածքի ձեռք բերման մտադրության մասին, նշված ՍՊ ընկերության սեփականատիրոջ հետ նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, ըստ որի՝ վերը նշված հողատարածքից որոշակի հատված փոխանցվելու է վերջինիս որդուն, ապօրինի, ինքնակամ կառուցել է 106.96քմ. արդյունաբերական մասնաշենք և 236.66քմ. պահեստ:
2012թ. մարտին կայացված աճուրդում նույն ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել և 2.338.340 ՀՀ դրամով ձեռք է բերել «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պատկանող հիշյալ հողատարածքը, որը համայնքի ղեկավարի կողմից արդեն իսկ ծանրաբեռնված է եղել ապօրինի կառուցված շինություններով:
2013թ. սեպտեմբերի 11-ին ՍՊ ընկերության կողմից կատարվել է հողամասի բաժանում և համայնքի ղեկավարի կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքով և պահեստով ծանրաբեռնված 3421քմ մակերեսով հողամասը գրանցվել է որպես առանձին գույքային միավոր, սակայն սեփականության իրավունքի վկայականում ապօրինի կառույցների վերաբերյալ որևէ նշում չի կատարվել:
Այնուհետև համայնքի ղեկավարը, իր կնոջ, նշված ՍՊ ընկերության տնօրենի, Բերդի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի և համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի հետ հանցավոր համաձայնությամբ և վերջիններիս օժանդակությամբ, փաստացի իրեն պատկանող, իր կողմից ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը որպես ինքնակամ շինություն օրինականացնելու համար նախատեսված 2.152.623 ՀՀ դրամ պետական վճարումից խուսափելու նպատակով, կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շինարարության թույլտվություն, որի համաձայն՝ իբր, ՍՊ ընկերությանը տրվել է նոր կառուցվող արդյունաբերական մասնաշենքի աշխատանքների կատարման թույլտվություն և իր ստորագրությամբ հաստատել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամների կողմից կազմված կեղծ ակտը, որի հիման վրա իր կողմից 2010-2012թ. ապօրինի կառուցված արդյունաբերական մասնաշենքը և պահեստը 2015թ. հոկտեմբերի 14-ին վերոհիշյալ ՍՊ ընկերության անվամբ ստացել է պետական գրանցում, իսկ 2019թ. փետրվարի 15-ին ընկերության և համայնքի ղեկավարի որդու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ հիշյալ ՍՊ ընկերությունը համայնքի ղեկավարի որդուն նվիրաբերել է Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող հողամասն իր շենք-շինություններով, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 2.152.623 ՀՀ դրամի էական վնաս, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով որդու կողմից վերջինիս սեփականության իրավունքով պատկանող Տավուշի մարզի Բերդ համայնքում առանց համապատասխան շինարարական թույլտվության ինքնակամ հենապատ կառուցելու մասին, որպես համայնքի ղեկավար՝ միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու ուղղությամբ և անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որդու նկատմամբ 2018թ. չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոց:
Հետագայում՝ 2020թ. օգոստոսին, որդու դիմումի հիման վրա նրան պատկանող 0,06188հա. գյուղատնտեսական նշանակության հողի նպատակային նշանակությունը բնակավայրի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու փաստով Բերդ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության հողօգտագործման բաժնի պետի կողմից կատարվել է հողամասի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ կառուցված հենապատի մի հատվածը կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, ինչի վերաբերյալ վերջինս զեկուցագիր է ներկայացրել համայնքի ղեկավարի անվամբ՝ ինքնակամ ապօրինի շինություն կատարելու համար նրա որդու նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու համար, կազմել արձանագրություն՝ առանց հողօգտագործման իրավունքի՝ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու համար:
Սակայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը 2020թ. սեպտեմբերին տեղի ունեցած վարչական գործի լսումների վերաբերյալ նիստով արձանագրել է, որ համայնքի ղեկավարի որդին ենթակա չէ վարչական պատասխանատվության՝ վարչական տույժ նշանակելու ժամկետներն անցած լինելու հիմքով: Մինչդեռ ըստ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության իրավախախտումը բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հանձնաժողովն անտեսել է առանց հողօգտագործման իրավունքի համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինություն կառուցելու հանգամանքը՝ անդրադառնալով միայն առանց շինթույլտվության սեփական հողամասում ինքնակամ շինություն կառուցելուն, իսկ համայնքի ղեկավարը նախապես տեղեկացված լինելով որդու կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց շինթույլտվության և 92.2քմ մակերեսով համայնքապատկան հողում 46.12քմ. մակերեսով ապօրինի շինության ինքնակամ կառուցապատում իրականացնելու մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները և վերոհիշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունը և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ համայնքի, ապա՝ որդու սեփականության իրավունքը գրանցելու համար 2021թ. ապրիլի 19-ի որոշմամբ հիշյալ ինքնակամ շինությունը ճանաչել է օրինական հենապատ, և գրանցել որպես Բերդ համայնքի սեփականություն, որը 2021թ. մայիսի որոշմամբ՝ 456.558, իսկ 92.2քմ. մակերեսով հողամասը՝ 74.682 ՀՀ դրամ գումարով ուղղակի վաճառքի ձևով օտարել է որդուն, ինչի արդյունքում՝ վերջինս խուսափել է օրենքով սահմանված պատասխանատվությունից, համայնքը զրկվել է իր սեփական հողամասը տնօրինելու, տիրապետելու իրավասությունից, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից՝ այդ կերպ համայնքի շահերին պատճառելով էական վնաս:
Բացի այդ, համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերի 27-ից իր և կնոջ անվամբ գրանցված Բերդ քաղաքում հասարակական կառուցապատման նշանակության հողատարածքում, առանց նախագծային փոփոխություններ կատարելու և առանց նոր շինթույլտվության, ինքնակամ իրականացրել է 51քմ մակերեսով ներքին և արտաքին չափերով շինության ծածկի կառուցում և որպես համայնքի ղեկավար, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով վարչական պատասխանատվության միջոց:
Իր նպատակն իրագործելու համար, որպես համայնքի ղեկավար՝ 2020թ. հունվարի 17-ին կայացրած որոշմամբ օրինական է ճանաչել իրեն և կնոջն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 51քմ. մակերեսով ներքին և արտաքին չափերով ինքնակամ կառուցված շինություն-ծածկը, ինչպես նաև նույն որոշմամբ իրեն և կնոջը պարտավորեցրել է տեղական բյուջե մուծել 112.200 ՀՀ դրամ գումար:
Արդյունքում՝ համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Բերդ համայնքի շահերին հակառակ, այն ծառայեցրել է անձնական և խմբային շահերին, չեն կիրառվել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքից, ինչի հետևանքով համայնքի շահերին պատճառվել է էական վնաս: Բերդ համայնքի ղեկավարը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: