Չորս անձի սպանություն Երևանում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:45-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին՝ տեղեկացնելով, որ Քանաքեռ 16 փողոցի տներից մեկում անձ է վիրավորվել: Ըստ նույն օրը հիվանդանոցներից ստացված ևս երկու ահազանգի՝ Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել 19-ամյա երիտասարդ՝ «Աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, նույն օրը՝ ժամը 05:50-ին, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ բուժօգնության են ընդունվել 61-ամյա տղամարդ՝ «Հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածքով», 27-ամյա երիտասարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 37-ամյա տղամարդ՝ «Աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք», 38-ամյա տղամարդ՝ «Կրծքավանդակի որովայնի շրջանում հրազենային վնասվածք», ինչպես նաև դեռևս տվյալների պարզաբանման փուլում գտնվող ևս մեկ տղամարդ՝ «Ձախ նախաբազկի միջաձիգ հրազենային վիրավորում վնասվածք» ախտորոշումներով: Վերոնշյալ 61 և 38-ամյա տղամարդիկ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
Նշված տան բակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու՝ 43 և 37-ամյա տղամարդկանց դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված քննչական խմբին:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: