Վարակվածների 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր

Վարակվածների 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ «Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,— նշել է նա։

Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):

«Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։

wp-apeth