Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին

Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.

Պետրոս Ղազարյան — Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, հաշված օրեր են մնացել, որ լրանա մեկ տարին, երբ մենք կնքեցինք նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Անցել է մեկ տարի, և մենք այսօր այդ տարին կփորձենք ամփոփել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բարի երեկո, պարոն վարչապետ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից։ Հայաստանն ինչպե՞ս է գնահատում հայտարարության կետերի կյանքի կոչման ընթացքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նախ պիտի արձանագրենք, որ հայտարարության 1-ին կետը վերաբերվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, և մենք մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ, այո, պատերազմը դադարել է այդ հայտարարության ստորագրման բերումով։ Եվ ես կուզենայի ասել, որ այս առումով շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում: Նաև պիտի արձանագրեմ, որ հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում, և որոնք այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են, և սա պետք է արձանագրել:

Մյուս կողմից, պիտի ցավով նշեմ, որ, այնուամենայնիվ, կրակի դադարեցման ռեժիմը նաև Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում, և սա արձանագրել են նաև խաղաղապահները, և ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին ամենաաղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Այո, տրակտորի մեջ կողքին նստած խաղաղապահ է եղել, և նաև այն դեպքը, երբ մենք 5 վիրավոր զինծառայող ունեցանք:

Ցավոք, պիտի արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես նաև նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել: Սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, և նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք՝ մասնավորապես, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, նաև Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Պիտի ընդգծեմ, որ այսօր մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը` 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և մինչ այժմ ազատ չի արձակվել՝ ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն: Իմիջիայլոց, Ադրբեջանի մեկնաբանությունը թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, ամենևին տեղին չէ, որովհետև հայտարարության մեջ ասվում է ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք, այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության, այս կետի իրավազորության ներքո: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ է գերեվարումը տեղի ունեցել, թե՞ նոյեմբերի 9-ից հետո։

Հաջորդ անհանգստացնող փաստը. ես ասացի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, պիտի արձանագրեմ, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են տեղի ունենում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է: Նաև պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը:

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում պիտի ընդգծեմ, հետևյալն է. կրկին ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի` մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն: Չնայած այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում, և ես հույս ունեմ` առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, մյուս կողմից, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Բայց հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաև մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ:

Պետրոս Ղազարյան — Պարոն վարչապետ, նոյեմբերի 9-ի նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ թերևս առաջին անգամ հստակ դիրքորոշում է ներկայացվում, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հիմնական թեզն այն է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա այդ երկրները պետք է այդ ճանապարհների վերահսկողության հենց սուվերեն իրավունք ունենան: Կարո՞ղ ենք մենք արձանագրել, որ «միջանցքի» հետ կապված զարգացումների թեման փակված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունն ստորագրված է եղել, և ես այդ թեմային բազմիցս եմ անդրադարձել: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Պիտի արձանագրենք, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը պարզապես հրապարակայնացվել է, ավելի ճիշտ ոչ թե Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, այլև, այդ թվում, Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև, ըստ էության, հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին:

Եվ կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ, ճիշտ է, նրանք օգտագործում են «միջանցք» արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն՝ իրականում կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, Ռուսաստանն էլ է շահագրգռված, Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ է շահագրգռված, Թուրքիան էլ է շահագրգռված: Խնդիրը բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է:

Պետրոս Ղազարյան — 8 հանդիպում է եղել արդեն փոխվարչապետերի ֆորմատով: Կա՞ն առարկայական, արդեն ընդգծված, երևացող ինչ-որ միտումներ, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իրականում ահռելի աշխատանք է կատարել եռակողմ աշխատանքային խումբը, և ես շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը: Պիտի ասեմ, որ սկզբից կատարվել է զուտ տեխնիկական աշխատանք, օրինակ՝ ի՞նչ ճանապարհներ են գոյություն ունեցել, և ի՞նչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ:

Ես ուզում եմ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի կամ 10-ի հայտարարության — տարբեր վարկածներ կան, ժամանային գոտիներից կախված՝ 9-ը կամ 10-ը — 9-րդ կետի բովանդակությանը: 9-րդ կետն ասում է՝ առաջին նախադասություն. «Բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները»։ Որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ադրբեջանի և Ադրբեջանի միջև։ Որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ: Ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա այն մասին է, որ տրանսպորտային՝ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին:

Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել — նախկինում դրա մասին ասել եմ մի քանի անգամ — մեր ընկալումն այն է, որ, այո, Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, արդեն խոսեցինք, որ Հայաստանի սուվերեն ճանապարհներով, Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա, և մենք դա չենք ժխտում, և մենք դա ընդունում ենք, և մենք պատրաստ ենք: Եվ մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ընդ որում, մենք խոսում ենք նաև հետևյալի մասին. երբ խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև այն մասին, որ կունենա հաղորդակցություն նաև Թուրքիայի հետ: Այսինքն՝ այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին։ Մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծումների: Հարցին՝ աշխատանքային խումբն ի՞նչ է արել:

Պետրոս Ղազարյան — Ո՞ւր է հասել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված: Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում և նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Այսինքն՝ աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, ընդ որում՝ նաև Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն հասանելիության ուղիները: Եվ մենք հիմա պետք է քննարկումներով համաձանության գանք այդ երթուղիների վերաբերյալ:

Պետրոս Ղազարյան — Այսինքն՝ տեխնիկական մասը լուծված է, հիմա պետք է որոշումներ կայացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Տեխնիկական մասն իրականում, ճիշտ է, ամենաաշխատատար, բայց ամենադժվար մասը չէ: Ամենադժվար մասը, իմ ասած, հենց բանաձևերի խնդիրն է՝ թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն: Ընդ որում, բանաձևերի հետ կապված ասեմ հետևյալը. կարծում եմ՝ հունվարի 11–ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, և նաև նախորդ օրը աշխատանքային խմբի համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր: Սրանք նրբություններ են, որոնք պետք է շատ նրբորեն աշխատել և քննարկել:

Պետրոս Ղազարյան — Այսինքն՝ պարոն վարչապետ, կարելի՞ է ասել, որ այս գործընթացը նորմալ գնում է, խոչընդոտներ չկան դեռևս այս փուլում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այս գործընթացը գնում է, բայց այն ունի դժվարություններ: Կան նաև տեխնիկական հարցեր, որոնք աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական պրոբլեմն ինչպես կարելի է լուծել: Բայց, այնուամենայնիվ, մնացածը մնում է քաղաքական որոշումների տիրույթում, որոնք, իհարկե, չեն կարող չկրել այն տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն:

Պետրոս Ղազարյան — Ադրբեջանը, հատկապես վերջերս խոսում է այն մասին, որ ինքը խաղաղության առաջարկություն է արել Հայաստանին, և դա բարձրաձայնում է Ալիևը միջազգային տարբեր ամբիոններից: Թուրքիան նույնպես հայտարարեց, որ, տեսեք, Ադրբեջանը խաղաղության առաջարկ է արել Հայաստանին, և եթե Հայաստանը համաձայնի, ապա իրենք որևէ խոչընդոտ չեն տեսնում հարաբերություններ հաստատելու համար: Ինչպես նաև նրանք ընդգծում են, որ Հայաստանից դեռևս պատասխան չկա: Նախ, պարոն վարչապետ, կա՞ արդյոք նման առաջարկ, որովհետև առաջարկը պետք է ինչ-որ մի ձև միս ու արյուն ունենա: Կա՞ նման առաջակ Հայաստանի Հանրապետությանը: Եվ եթե Դուք պատասխան ունեք՝ խնդրեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նախ պիտի ասեմ, որ խաղաղության առաջարկը Ադրբեջանի մենաշնորհը չէ։ Մենք ինքներս ենք խաղաղության առաջարկ արել և դա արել ենք մի քանի անգամ: Եվ շատ տարօրինակ են հայտարարությունները, որ Հայաստանը չի արձագանքել: Հայաստանն արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է։ Մենք նաև ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է: Եվ մենք ասել ենք, որ, այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ: Մենք այս դիրքորոշումը հստակ արտահայտել ենք և ասել ենք, որ պատրաստ ենք: Մենք ընդհանրապես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգ ենք որդեգրել: Այդ դարաշրջանը բացելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Նաև դա արձանագրել ենք Կառավարության ծրագրում։ Նաև արձագանքել ենք միջնորդներին և հրապարակային արձագանքել ենք, որ, այո, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների:

Պետրոս Ղազարյան — Այսինքն՝ այդ պայմանագրի կնքումը մենք պատկերացնում ենք Մինսկի խմբում, այդ շրջանակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ոչ թե կնքումն ենք պատկերացնում Մինսկի խմբում, որովհետև պիտի կնքեն Հայաստանը և Ադրբեջանը:

Պետրոս Ղազարյան — Գործընթացը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մենք պատկերացնում ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Պետրոս Ղազարյան — Իմիջիայլոց, հայտարարություն եղավ, որ արտգործնախարարները հանդիպել են այս ֆորմատի շրջանակում, հետո եռանախագահները հայտարարեցին, որ պետք է գան տարածաշրջան, և մինչև հիմա չկա կոնկրետ գործողություն: Ինչո՞ւ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այո, վերջերս՝ նախորդ շաբաթ կամ այս շաբաթ Միացյալ Նահանգներից պատվիրակություն էր ժամանել Հայաստան և պատվիրակության կազմում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Ես այդ հարցը բարձրացրեցի՝ թե ինչու այցելությունը մինչև այս պահը տեղի չի ունեցել, և նա ասաց, որ իրենք աշխատում են այցն իրականացնելու ուղղությամբ: Եվ ես կարծում եմ, այո, ժամանակ անցել է, կարող էր արդեն տեղի ունեցած լինել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան ինչ-որ խոչընդոտներ:

Պետրոս Ղազարյան — Շատ է խոսվում դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին: Այս մասին, պարոն վարչապետ, նաև ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, և նրանք պատրաստ են օգնել: Հետաքրքիր է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը հայտարարում են, որ իրենք պատրաստ են այս գործընթացին: Նախ, կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ: Եվ մեզ մոտ՝ Հայաստանի հանրության մեջ մտահոգություն կա, որ դրանով Ադրբեջանը փորձում է դե յուրե ստանալ Արցախն իրենց կազմում: Որովհետև եթե մենք ճանաչում ենք նրանց սահմանները, ապա Արցախն ավտոմատ դառնում է Ադրբեջանի մաս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մենք հստակ ասել ենք, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը հստակ տարանջատված են իրարից: Սա մեր դիրքորոշումն է և, ըստ էության, այն արձանագրումն է, որը մենք արել ենք:

Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային՝ դեռ մայիսին, հիշո՞ւմ եք, ես հայտարարեցի Կառավարության նիստում, որ պատրաստ եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող փաստաթուղթը դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք՝ ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը կորսվել է և բաց է թողնվել։ Որովհետև, այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև մենք անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, մենք ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում:

Իմիջիայլոց, սա նաև Ձեր առաջին հարցի պատասխանի համատեքստում դիտարկենք, որովհետև պիտի արձանագրենք, որ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում սահմանին: Հիմա կարող ենք ասել՝ միջինացված բավական ցածր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, բայց պիտի արձանագրենք, որ գործնականում ամեն օր։ Գիտեք, նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը 5-6 օր: Արցախում է խախտվում ամենօրյա ռեժիմով հրադադարը, չնայած վերջին օրերին մենք Արցախում կոնկրետ ունեցել ենք մի քանի օր, նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ 0 են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում: Մենք սա կարևոր ենք համարում՝ որպեսզի մենք պայմաններ ապահովենք դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Իսկ այդ պայմանների ապահովման անհրաժեշտության մասին մենք նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, այդ թվում՝ Կառավարության ծրագրում ենք արձանագրել։ Ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Եվ, այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում, շատ դժվար է, չնայած մենք նաև այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք: Ձեր կոնկրետ հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պիտի պատասխանեմ, որ, ցավոք, ոչ:

Պետրոս Ղազարյան — Իսկ քանի որ գործընթացը կարող է գնալ, մենք ունե՞նք պատկերացում՝ ո՞ր թվականի քարտեզների մասին է խոսքը գնալու, մենք ունե՞նք այդ քարտեզները, թե՞ չունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մենք պետք է հասկանանք՝ քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։ Որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են: Տեսեք, մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են:

Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանների որոշման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ նաև, որ, այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն: Ինչո՞ւ։ Որովհետև Խորհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ. ասենք, օրինակ, Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով՝ ասենք, այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է: Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել: Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Եվ մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր։ Մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի:

Պետրոս Ղազարյան — Բայց եթե խոսքը Սովետական Միության մեջ տեղի ունեցած, այսպես ասած, վարչատարածքային նվիրաբերումների մասին է, այստեղ ի՞նչ իրավական հիմք կարող է լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Պետք է հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով են դրանք տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերն ինչքանո՞վ են վերաբերելի թեմային: Բայց, ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ մենք, ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են — այստեղ կա գործնական խնդիր — որ տեքստում նշված պայմանավորվածություններն արտացոլվեն քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պիտի արվի:

Պետրոս Ղազարյան — Շատ է խոսվում 3+3 ֆորմատի մասին, պարոն վարչապետ։ Ե՛վ Ռուսաստանի Դաշնությունն է այդ մասին բարձրաձայնում, և՛ Թուրքիան ու Ադրբեջանը, և պաշտոնապես նրանք համաձայն են, Վրաստանը ոչ այդքան, իսկ Հայաստանը դեռևս դիրքորոշում չունի: Ի՞նչն է խանգարում, որ մենք դիրքորոշում ունենանք, և ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքն այս հարցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իրականում Հայաստանը 2 օր առաջ` մեր Կառավարությունը Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, դիրքորոշում արտահայտել է այդ կապակցությամբ, և մեր դիրքորոշումը հետևյալն է. կցանկանամ ընդգծել, որ Կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցությունն ընդգծված է որպես կարևորագույն դրույթ, և մենք տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով ի սկզբանե հետաքրքրված ենք։ Խնդիրը նրբությունների մեջ է: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 3+3 հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով:

Պետրոս Ղազարյան — Այսինքն՝ կարելի է ասել բանաձևն այսպիսին է՝ եթե կա Մինսկի խումբը, որտեղ քննարկվում է Արցախի հարցը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Եթե կա համաձայնեցված ձևաչափ, այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատում կամ ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Որովհետև կարող է պարզվել, որ 3+3-ը միակ առաջարկը չէ, որը մեզ հետաքրքրում է: Եվ, իհարկե, այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք և արտահայտում ենք:

Պետրոս Ղազարյան — Գանք ևս մեկ խնդրի. Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Ձեր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել, և Դուք քննարկել եք այդ խնդիրները: Եղե՞լ է նման հանդիպում, թե՞ ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ոչ, իհարկե չի եղել: Տեսեք, թերևս ինչի մասին կարող է լինել խոսքը: Այս ընթացքում, գիտեք, որ շատ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև հայտնի շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև. մասնավորապես, Նյու Յորքում մեր Արտաքին գործերի նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար, անընդհատ հանդիպումների մեջ է, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան և Բաքու։ Բնականաբար, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն՝ որպես այդպիսին, միջնորդավորված, այո, միշտ էլ տեղի է ունեցել և միշտ էլ տեղի է ունենում բոլոր երկրների միջև։ Այդտեղ որևէ մի անակնկալ չկա:

Պետրոս Ղազարյան — Այսինքն՝ միջնորդավորված շփումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այո, իհարկե։ Այսինքն՝ ուղիղ բոլոր շփումները, որ տեղի են ունեցել, հանրությունը, դուք բոլորդ, դրա մասին գիտեք: Մնացած շփումներն արդեն անուղղակի, այսպես ասած, ուղերձային, ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում ամենատարբեր խողովակներով:

Պետրոս Ղազարյան — Պարոն վարչապետ, մեկ տարին լրանում է արդեն հրադադարի, և մեր հասարակությունն ունի մի քանի կարևորագույն հարցերի պատասխանների ակնկալիքներ. Ի՞նչ սխալներ են եղել ռազմական առումով: Վերջիվերջո, պատերազմի ընթացքում ակնհայտ է, որ եղել են, Դուք բազմիցս հայտարարել եք, մենք կարողացե՞լ ենք կարևորագույն գլխավոր հիմնական խնդիրները պարզել։ Ի՞նչ քրեական գործեր կան և մեղավորներ կան, որոնք թույլ են տվել պատերազմի ընթացքում, որի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քրեական գործերի մասով՝ արդեն նախկինում հայտարարվել է, որ 1000-ին մոտ քրեական գործ կա հարուցված պատերազմի դրվագներով: Այս պահին կարող եմ ասել, որ շուրջ 40 մեղադրվող անձ կա, և նաև կալանավորված անձինք կան: Ընդ որում, ընդհանրապես բանակի հետ կապված խնդիրներով մոտենում է մեկ տասնյակի կալանավորված անձանց թիվը և կարծում եմ նաև, որ կլինեն գործեր, որ կգնան դատարան:

Առանձին վերցրած դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց մենք պետք է հասկանանք, որ դա այսբերգի երևացող կողմն է: Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել. Օրինակ՝ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են, և բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտ է՝ ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն, բայց, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ, այսբերգի երևացող կողմն է:

Երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են, որոնք, ի վերջո, կանխորոշել են գործողությունները ռազմական թատերաբեմում: Հայտարարությունների և իրականության միջև խզումը, երբ, օրինակ, Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ: Եվ երբ մենք տեսնում ենք, թե ինչ բյուջետային զարգացումներ են եղել պաշտպանական ծախսերի Ադրբեջանում և Հայաստանում: Այս ամենը, ի վերջո, նաև արտահայտվել է կոնկրետ տեղամասերում, կոնկրետ բնագծերում, կոնկրետ երևույթներով և դրսևորումներով։ Մասնավորապես, ես կուզենայի նշել ևս մի կարևոր նրբություն, օրինակ, պահեստազորի հետ կատարվող աշխատանքը։ Երկար տարիներ, ըստ էության, Հայաստանում պահեստազորի զորահավաքներ պատշաճ ձևով և մակարդակով տեղի չեն ունեցել։ 2019 թվականին մենք իրականացրեցինք Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն զորահավաքը։ Հիմա էլ մենք մոբիլիզացիոն ռեսուրսի աշխատանքի այդ տրամաբանությունը շարունակում ենք, բայց պետք է արձանագրենք, որ երկար տարիներ այդ աշխատանքն ուղղակի չի արվել։ Ինչո՞ւ՝ անհասկանալի է։

Պետրոս Ղազարյան — Պարոն վարչապետ, իսկ հիմա ինչպիսի՞ն եք գնահատում մեր բանակի մարտունակությունը՝ հաշվի առնելով այն հարվածները, որ մենք ստացանք և ինչպե՞ս եք գնահատում մեր սպառազինության, այսպես ասած, կորուստների համալրումը։ Այն, ինչքան կարող եք բացել, ի՞նչ վիճակում ենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես չեմ ուզենա այդ թեմային շատ մանրամասն անդրադառնալ։ Պիտի ասեմ, որ մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, և մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել` որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում։ Պրոֆեսիոնալ բանակի, որի գործունեությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա։ Մենք Կառավարության ծրագրում արձանագրել ենք, որ Հայաստանը որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն Հայաստանի Հանրապետության տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից։ Սա է մեր նպատակը։

Պետրոս Ղազարյան — Ընդդիմությունը քննադատում է Ձեր Կառավարության ծրագիրը, նաև Ձեր հռչակած գաղափարախոսությունը` խաղաղության օրակարգը։ Նրանք ասում են` տեսեք, եթե հարևաններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, հռետորաբանությունը չեն փոխում, ցանկանում են էլի ինչ-որ բան պոկել քեզանից, իսկ դու խոսում ես խաղաղության մասին, դա նման է նրան, որ ինչ ուզում եք արեք, միայն մեզ մի խփեք, նման է այդ քաղաքականությանը։ Եվ դա պարտվողականություն է՝ փթե նրանք քեզ ուզում են ճնշել, դու ասում ես՝ եկեք խաղաղ ապրենք։ Դա չաշխատող և Հայաստանը լավ տեղ չտանող մոդել է և մոտեցում է։ Ձեր մեկնաբանությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մեր օրակարգը մենք ձևակերպել ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Այդ օրակարգն այն մասին չէ, որ մեզ վրա պիտի հարձակվեն, իսկ մենք փոխարենը պետք է խաղաղություն քարոզենք։ Ես արդեն ասացի, որ Զինված ուժերի և բանակի բարեփոխումները և իրեն պատշաճ պաշտպանական կարողություններով օժտելը մեր առաջնահերթություններից են, և մենք շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ։

Բայց, մյուս կողմից, շատ կարևոր քաղաքական ուղղություն է Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու` թշնամության մթնոլորտի հաղթահարման փորձեր անելը, որովհետև ինչքան թշնամանքի մթնոլորտը խորանա, ի վերջո, այն բերելու է կատակլիզմների։ Սա ակնհայտ է, և փորձել կառավարել թշնամանքի մթնոլորտը շատ կարևոր օրակարգ է, որը մենք անպայման պետք է առաջ տանենք։ Ի՞նչ է դա նշանակում։

Այնտեղ, որտեղ հնարավոր է համագործակցություն՝ փորձել իրականացնել համագործակցություն։ Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Այնտեղ, որտեղ հնարավոր չէ համագործակցություն, փորձել կառավարել թշնամանքը և թշնամանքի մթնոլորտը, փորձել Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ առավել բարենպաստ միջավայր և մթնոլորտ ստեղծել, փորձել մեր տեսակետներն ավելի ընկալելի և հասանելի դարձնել միջազգային հանրությանը և տարածաշրջանի երկրներին։ Սա մի ուղղություն է, որը մենք պետք է առաջ տանենք։ Ինչը չի նշանակում, էլի եմ ասում, խաղաղության օրակարգն այն մասին չէ, որ մեզ վրա հարձակվեն, իսկ մենք փոխարենը խաղաղություն քարոզենք։ Խաղաղության օրակարգն այն մասին է, որ մենք փորձենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել։

Պետրոս Ղազարյան — Դուք գործընթացի մեջ եք, Ձեր ձեռքը զարկերակի վրա է։ Ի՞նչ եք կարծում` հեռանկարում այդ կապուղիները կբացվե՞ն, թե՞ ոչ, պարոն վարչապետ։ Ինձ թվում է` ցանկացած հեռուստադիտող, որ հիմա նստած է, ասում է, վերջիվերջո, կբացվե՞ն, թե ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ճանապարհնե՞րը, թե՞ խաղաղության դարաշրջանը։

Պետրոս Ղազարյան — Մեկը մյուսի հետ ուղղակի կապված է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Խնդիրը հենց դրանում է, որ մենք ասում ենք խաղաղ զարգացման դարաշրջան, բայց բոլորս գիտենք, որ դա չի կարող միայն մեզնից կախված լինել։ Շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշումներ կունենան այն պոտենցիալ շահառուները, որոնց դիրքորոշումից նույնպես կախված է այս օրակարգի սպասարկումը։ Մենք փորձում ենք հենց դա անել, որպեսզի այս օրակարգը լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև լինի տարածաշրջանի մյուս երկրներինը նույնպես, լինի միջազգային հանրության տեսակետից իրենց օրակարգը՝ Հարավային Կովկասում վարվող քաղաքականության տեսակետից։ Մենք, օրինակ, պիտի նաև հասկանանք, որ արդյունքները կարող են լինել աշխատանքի արդյունք, այսինքն` արդյունքները գալիս են աշխատանքի բերումով։ Հարցն այն է` մենք այդ ուղղությամբ ուզո՞ւմ ենք աշխատել, թե՞ ոչ։ Եթե երաշխավորված լիներ ամեն ինչը…

Պետրոս Ղազարյան — Կնստեինք, կսպասեինք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իհարկե։ Տեսեք, ոչ թե կնստեինք, կսպասեինք, այլ սպասելու կարիք չէր լինի արդեն, երաշխիքը կսկսեր աշխատել։ Հենց դրանում է ամբողջ խնդիրը, թե մենք պատրաստվում ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրե՞լ, թե՞ ոչ։ Ինչը չի նշանակում, որ պիտի մոռանանք Հայաստանի պաշտպանության անհրաժեշտության օրակարգը կամ ընդհանրապես որևէ օրակարգ։

Պետրոս Ղազարյան — Ընդդիմությունը, եթե չեմ սխալվում, վաղը՝ ամսի 8-ին, հանրահավաք է անելու, հանրահավաք է անելու, և մեկ օրակարգ կա` թույլ չտալ, որպեսզի Արցախը հանձնենք և չթրքանանք, ոչ թրքացմանը։ Ի՞նչպես կմեկնաբանեք, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Նախ մենք մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք։ Դա բացարձակ անհիմն օրակարգ է, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Ի՞նչ է նշանակում չթրքանանք։

Պետրոս Ղազարյան — Դե, որ դուք ուզում եք հավանաբար Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Կներեք, այդ նույն հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներից շատ-շատերը, երբ եղել են իշխանություն, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու օրակարգ են ունեցել, փորձեր են արել, գործունեություններ են արել։ Այսինքն` նրանք այդ ժամանակ թրքացմա՞ն օրակարգ էին առաջ տանում։ Հայաստանի օրակարգում միշտ էլ եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, այն արձանագրել ենք Կառավարության ծրագրում, և ես ասացի, որ մենք պատկերացնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և նրանց առաջարկած բովանդակությամբ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` արձանագրելով բանակցային գործընթացն անմիջապես վերսկսելու անհրաժեշտությունը հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Պետրոս Ղազարյան — Պարոն վարչապետ, մեր ամենացավալի հարցերից մեկը ռազմագերիների վերադարձն է։ Ի՞նչ հեռանկար եք Դուք այստեղ տեսնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մենք պիտի անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձելու ուղղությամբ, և մենք այդպես էլ անում ենք։ Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք։ Այո, պիտի արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և մենք պետք է աշխատենք մեր միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ, նաև Ադրբեջանի հետ պիտի աշխատենք, որպեսզի այդ խնդիրն օր առաջ, րոպե առաջ լուծվի։

Պետրոս Ղազարյան — Մամուլը գրեց, հերքեց, գրեց։ Նոյեմբերի 9-ին որոշակի հանդիպում կա՞՝ այո՞, թե՞ ոչ, և եթե կա` ինչպիսի՞ օրակարգ։ Հնարավո՞ր է, թե՞ ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Նախորդ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարարը խորհրդարանական ամբիոնից ասաց, որ կան բազմաթիվ գաղափարներ և առաջարկներ։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։

Ես Ձեզ այսպիսի մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա։

Պետրոս Ղազարյան – Ե՞րբ կստեղծվի Ազգային ժողովի հանձնաժողով, որը կքննի պատերազմի պատճառները և արդյունքները։ Դուք հավանաբար գիտեք, որ ընդդիմությունը հայտարարել է, որ եթե այնտեղ համամասնությունը խախտվի, և արտախորհրդարանական ուժերը գան, նրանք հնարավոր է բոյկոտեն և չմասնակցեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բայց ինչո՞ւ։

Պետրոս Ղազարյան — Որովհետև կխախտվի ուժերի բալանսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մենք այնտեղ ուժերի բալանսի՞ մասին ենք խոսում, թե՞ ճշմարտության բացահայտման մասին ենք խոսում։ Ի վերջո, այնտեղ տեղի է ունենալու բովանդակային քննարկում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել արտահայտել իր կարծիքը։ Եվ եթե կեղծիք լինի, մատնանշել այդ կեղծիքը և ապացուցել այդ կեղծիքի առկայությունը։

Հաջորդ հարցը, թե երբ կստեղծվի հանձնաժողովը։ Ըստ էության, տեսեք` ինչո՞ւ մինչև հիմա չի ստեղծվել հանձնաժողովը։

Պետրոս Ղազարյան — Ինչո՞ւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շատ պարզ պատճառով։ Նախ, գիտեք, որ հանձնաժողովը գործնականում ստեղծված է, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` անվտանգության ոլորտում քննիչ հանձնաժողովի դերը կատարելու է նույն անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Այսինքն` հանձնաժողովը կա, գոյություն ունի։ Մինչ հիմա ինչո՞ւ չի ստեղծվել։ Որովհետև նախ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն։ Դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց, իսկ այնտեղ նյութերի մեծ մասը քննարկվելու է հույժ գաղտնիության ռեժիմով։

Երկրորդը, Դուք գիտեք, որ մենք պայմանավորվածություն ունենք, որ արտախորհրդարանական ուժերը պիտի ներգրավվեն, և նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավվեն։ Գործող օրենքով այդպիսի պրոցեդուրա՝ ուղղակի հանձնաժողովի կազմ ընդգրկելու, գոյություն չունի։ Եվ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց, նաև նրանց համաձայնությամբ ներգրավել, որովհետև Ձեր նշած այդ բալանսը, ըստ էության, չի կարող խախտվել, որովհետև հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն է գործում, և այնտեղ որոշումները կայացվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Եթե բալանսի մասին է խոսքը, այսպես, թե այնպես ի սկզբանե իշխանությունն այնտեղ ունի մեծամասնություն։

Պետրոս Ղազարյան — Բայց կարևոր է մթնոլորտը, որովհետև այն անունները, որ հնչում են` Սամվել Բաբայան, Դավիթ Սանասարյան, Նորայր Նորիկյան, նրանք այսպես, թե այնպես ավելի շատ հակաընդդիմադիր են։ Այսպես ասենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այդ անուններն ինչպե՞ս են ի հայտ եկել։ Դուք գիտեք, որ կա արտախորհրդարանական ուժերի ֆորմատ։ Այդ ֆորմատում հարցը բարձրացվել է, և ես ասել եմ, որ մենք քաղաքական որոշում ունենք, որ ներկայացուցիչներ ընդգրկենք, խնդրեմ՝ դուք որոշեք, թե ովքեր են։ Իրենք առաջարկել են, որ 3 ներկայացուցիչ լինի առանց անունների, ես ասել եմ` մենք խնդիր չունենք և առաջարկել եմ, որ իրենք կազմից 3 հոգի ընտրեն։ Քվեարկություն է տեղի ունեցել` 3 հոգու ընտրել են։ Այսինքն` արտախորհրդարանական ուժերի ներգրավվածությունը մենք, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովենք։

Բայց այսպես, թե այնպես հանձնաժողովում հավասարակշռությունը չի կարող խախտվել, որովհետև մենք չենք կարող մարդկանց պատգամավորի կարգավիճակ տալ։ Այո, հանձնաժողովի աշխատանքներին նրանք լիարժեք կմասնակցեն, նրանք էլ ազատ կլինեն տեսակետներ, կարծիքներ արտահայտել, հարցեր հնչեցնել։ Բայց հիմա տեսեք` ի՞նչն է խնդիրը. նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքով ասվում է, որ քննիչ հանձնաժողովը պետք է գործի 6 ամիս և կարող է երկարացվել ևս 6 ամիս։ Հիմա մենք չենք ուզում այս զուտ տեխնիկական ընթացակարգային հարցերի վրա ծախսել այդ 6 ամիսներից։ Այսինքն` մենք ուզում ենք այս ընթացակարգային հարցերն ավարտել, և հենց հանձնաժողովը՝ դե յուրե գոյություն ունենալու առաջին օրից արդեն բուն թեմայով զբաղվի, որպեսզի այդ 6 ամիս ժամկետը պահպանվի։

Իհարկե, տեսականորեն մենք կարող ենք «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարել, երկարացնել, բայց նաև կարևոր է, որ այդ հանձնաժողովի գործունեության ժամկետն այդպես անսահման չլինի, որովհետև Դուք ասացիք, որ հանրությունը պատասխաններ է ակնկալում։ Պիտի ասեմ, որ անձամբ ես շատ շահագրգռված եմ, որ այդ պատասխանները հնչեն, և ես ակնկալում եմ, որ այո, պիտի ոչ միայն ռազմական, բուն պատերազմի դրվագները քննվեն, ինչը նույնպես շատ կարևոր է։ Պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը, ի վերջո, պատասխանի նաև մեկ հարցի. ես, օրինակ, ասում եմ, որ 2018 թվականից հետո՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։

Եվ գիտեք այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո:

Պետրոս Ղազարյան — Ինչո՞ւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Որովհետև եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել: Եվ էական չէ նույնիսկ` ինչպես ենք ժառանգել։ Ի՞նչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, որովհետև մինչև չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Պետրոս Ղազարյան — Ընդդիմությունն էլ ակնկալում է, որ նույն խստությամբ կքննարկեն ձեր գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Իսկ ո՞վ է ասում` ոչ։ Թող առաջինն ամենայն խստությամբ քննարկեն մեր գործողությունները, որևէ խնդիր չկա, ո՞վ է դրան դեմ: Եվ այդ ազդակը, որ մենք կարող է բոյկոտենք, թերևս առաջին հերթին այն մասին է, որ նրանք հրաժարվում են մասնակցել մեր իսկ գործողությունների՝ ամենախիստ ձևով քննությանը, որովհետև շատ լավ գիտակցում են, թե այդ քննության արդյունքում ինչ է լինելու: Ի վերջո, ասում են՝ գաղտնիք, գաղտնիք, բայց, ըստ էության, շատ գաղտնիք չկա, գաղտնիք կա դետալների մեջ, որովհետև շատ բան ասվել է հրապարակային, և իրենք են այդ բովանդակությունը ձևավորել: Իսկ ինչո՞ւ են հրաժարվում, երբ 2017 թվականի աշնանը Հայաստանի թիվ մեկ բանակցողի կողմից ասվում էր, որ մենք պատրաստակամ ենք 7 շրջանները հանձնել, բայց Ադրբեջանն ամեն անգամ նորանոր պահանջներ է առաջադրում: Թող հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել:

Պետրոս Ղազարյան — Եվ մեկ նրբություն՝ այդ Су-30СМ-երի հարցը հիմա լուծվե՞լ է, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ի՞նչ առումով։

Պետրոս Ղազարյան — Շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում զարգացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, պետք է շարունակենք:

Պետրոս Ղազարյան — Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Շնորհակալ եմ: Կուզենամ 1-2 նախադասություն ավելացնել: Նոյեմբերի 9-ի տարելիցն է լրանում, և ես ուզում եմ իմ խոնարհումի խոսքերն ասել մեր բոլոր նահատակներին, մեր բոլոր զոհերին, իմ խոնարհումի խոսքերն ասել զոհվածների ընտանիքներին և ուզում եմ զորակցության խոսքեր ասել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներին և ասել՝ թող չկասկածեն, որ մենք ամեն օր բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք՝ նրանց վերադարձնելու համար, և որևէ կասկած չկա, որ նրանք բոլորը կվերադառնան:

Պետրոս Ղազարյան – Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ավելի շուտ մենք էինք հյուրընկալվել: Մենք քննարկեցինք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դրանից հետո մեկ տարի ընկնող բոլոր ներքին քաղաքական, արտաքին քաղաքական խնդիրները։ Մենք ուշադրությամբ կշարունակենք հետևել գործընթացներին: Ցտեսություն:

wp-apeth