Զովունիում հայտնաբերվել են ամուսինների դիեր
2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։ Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին»,- ասված է հաղորդագրությունում: