Աղվան Հովսեփյանը կկալանավորվի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպեսեւ սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնել է փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ըստ Հատուկ Քննչական ծառայության՝ 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականների ընթացքում զբաղեցրել է նախ գլխավոր դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):