Հերթական կերուխումի արտահերթ ավարտը

Հերթական կերուխումի արտահերթ ավարտը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեել է, որ Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է նշված հասցե: Քիչ անց ստացվել է նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Վնասվածքը ծանր էր: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ մինչ այդ Էրեբունու քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տվյալ, և դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ: Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth