Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան

Թբիլիսիից շնչառական սարքեր են ուղարկվում Հայաստան

Վրաստանում ապրող հայերը շարունակում են աջակցության ուղիներ փնտրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգտակար լինելու համար, հայտնում է aliq.ge-ն:

«Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից թվով 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։

Վրաց-հայակական սահմանի փակ լինելու պայմաններում` սարքերը Հայաստան հասցնելու գործում աջակցության պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «MS-500» տիպի շարժական արհեստական շնչառության սարքերը փոխանցվելու են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Աջակցության այլ ծրագրեր եւս կան:

Պավել Օգանեզովի առաջարկով նաեւ դրամահավաք է սկսվել «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել մի շարք վիրահայեր։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան ու տրամադրվելու սոցիալապես անապահով խմբերին` հաշվի առնելով այն, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է դարձել եւ շատ ընտանիքների համար սա չնախատեսված, հավելյալ ֆինանսական բեռ է։

Նախօրեին աղբյուրը հայտնել էր, որ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանի և ՀՀ կառավարություններն ակտիվորեն հաղորդակցվում են:

Վրաստանի արտգործնախարարի մամլո խոսնակի հայտարարությամբ, «Վրաստանը ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնում»:

«Համավարակի շրջանում կառավարությունը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ: Օրեր առաջ կայացել է երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցը: Հաղորդակցություն կա առանձին նախարարների մակարդակով ևս: Այսօր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին և նրա հայ գործընկերը անդրադարձել են երկու երկրներում տիրող իրավիճակին: Զալկանիանին ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու խոսել օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին»,- հայտարարել են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն այն վիճակում են, որ արդեն կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:

ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես են եկել քաղաքական ու հասարակական գործիչներ, ակտիվիստներ:

Ատեղծվել է նաև օնլայն ստորագրահավաք, որտեղ քաղաքացիները կոչ են անում Վրաստանի կառավարությանն օգնել Հայաստանին` հիվանդներին Վրաստան տեղափոխելով:

wp-apeth