Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական պատգամավորները մեղադրում են միմյանց՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությանը քվեաթերթիկներն անվավեր դարձնելու համար: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երկրորդ անգամ չընտրվելուց հետո Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք առաջադրել ենք թեկնածու, կազմակերպվել է քվեարկություն: Ինձ համար, ձեզ համար, ԱԺ-ի համար ավելի արժանապատիվ է հայտարարել և դեմ քվեարկել, քան գնալ քեաթերթիկները անվավեր դարձնել: Եթե չընտրելով իշխող խմբակցությունից որևէ մեկի մտքով անցնում է, որ կարող է մենք գնանք ինչ-որ պայմանավորվածությունների, ասեմ, որ այդպես չի լինելու: Շարունակեք չքվեարկել»:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ քիչ առաջ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանն առաջարկում էր ավելի շատ ձայն տալ, հիմա Սաղաթելյանն ասում է՝ ձայներ չեն խնդրելու: «Ի վերջո, մեզ հստակ կասե՞ք, թե ինչ եք ուզում: Մենք մինիմալ ձայների քանակն ապահովում ենք, որ ընտրվեք: Դրանից ավել ձայն ուզո՞ւմ եք ի վերջո, թե՞ չեք ուզում»,-ասաց նա:
Սաղաթելյանն արձագանքեց՝ ԱԺ-ում «մուկ ու կատու» չեն խաղում: «Թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք, քվեարկեք, եթե չեք քվեարկում, շարունակեք չքվեարկել: Եթե ուզում եք, որ ես այս ամբիոնից ձեզ խնդրեմ, որ քվե տաք, չեմ խնդրելու»,-ասաց նա:
Ռուբինյանը նշեց՝ ընդդիմության թիմակիցների որոշումները հակասում են իրար: «Դե, երևի, այդպես էլ ստացվում է, որ ձեր խմբակցությունը կամ, գուցե, ոչ միայն ձեր խմբակցությունը, միաձայն չի քվեարկում»,-ասաց նա:
Սաղաթելյանը հավելեց՝ վստահ է, որ թե իրենք, թե մյուս ընդդիմադիր խմբակցությունը քվեարկում են:
ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն ու Էդուարդ Աղաջանյանն ընդդիմությանն առաջարկեցին չմասնակցել քվեարկությանը, իշխանությունն ապահովի 54 կողմ ձայն՝ Սաղաթելյանի ընտրության համար: «Հստակ ասեք, թե քա՞նի ձայն է ձեզ պետք ՔՊ-ից՝ ընտրվելու համար»,-հարցրեց Ալեքսանյանը:
Սաղաթելյանն էլ արձագանքեց. «Ուզում եմ հասկանալ՝ դուք լո՞ւրջ առաջարկ եք անում: Եվ ձեզ թվում է, թե ձեր առաջարկով մեր երկու խմբակցությունները կհրաժարվե՞ն քվեարկությունից ու դուք սցենարն ավարտին կհասցնե՞ք: Որևէ մեկը չի կարող մեզ առաջարկել չմասնակցել այդ քվեարկությանը»,-ասաց նա ու հավելեց՝ իր համար միևնույն է՝ կընտրվի, թե ոչ. դա իր համար քաղաքական պայքար է:
Իշխանությունից պնդեցին՝ Սաղաթելյանն իրենց սրտի թեկնածուն չէ, սակայն ունեն որոշում, որ ապահովեն նվազագույն անհրաժեշտ ձայներ նրա ընտրության համար:
Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ քվեարկությամբ չընտրվեց ԱԺ փոխնախագահ, առաջին անգամ չէր բավարարել 1 ձայն, 1 քվեաթերթիկ անվավեր էր համարվել: Երկրորդ անգամ կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ ևս 49-ը, անվավեր էր համարվել 5 քվեաթերթիկ: