Կորոնավիրուսը գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանի հետ, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց։
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որն ընդամենը օրերս է հաղթահարել կորոնավիրուսը, մարդկանց հորդորում է արհամարհանքով չվերաբերվել վարակին։
«Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց շնորհիվ կարողացա հաղթահարել։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,— ասել է նա։
Իր հերթին, Դավիթ Պատրիկյանը քաղաքացիներին կոչ է արել հետևել բոլոր կանոններին և հույս հայտնել, որ դրա արդյունքում մինչև այս ամսվա վերջ կկարողանանք հաղթահարել համավարակը։
«Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի բնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն անտիբիոտիկների, հակավիրուսային դեղորայքի, սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողանում ենք ճիշտ բուժում գտնել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանիքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», — նշել է բժիշկը՝ ներկայացնելով իր բուժման ընթացքն ու առաջացած դժվարությունները։