Գողություն՝ Հառիճի Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը: Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը, ժամը 19-ից 20-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր: Քրեական հետախույզների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի 32-ամյա մի բնակչուհի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և խոստովանեց արարքը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: