Գողություն Գյումրիում
Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը և գողացել հեռուստացույց ու համակարգիչ, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Օպերատիվ խումբը մեկնել է Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել են դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկում, երբ հունիսի 1-ին բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ է ստացվել. դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել են Շարա Տալյան փողոցի տներից մեկի դուռը և գողացել հեռուստացույց:
Ձեռագիրը նույնն է եղել: Մշակվել է օպերատիվ պլան: Առաջ են քաշվել և ստուգվել տարբեր վարկածներ: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, և փոխգործակցությունն օրեր անց դրական արդյունք է տվել:
Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ բնակարանային գողությունները հնարավոր է կատարած լինի նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սավոյան փողոցի 36-ամյա մի բնակիչ: Հունիսի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին:
-
- Նա տվել է խոստովանական բացատրություն:
- Հանգամանքները պարզվում են:
- Գողոնը հայտնաբերվել է:
- Կատարվում է նախաքննություն: