Գյումրիում գողություններ են բացահայտել
Նախորդ տարվա հոկտեմբեր և այս տարվա փետրվար ամիսներին Գյումրիի Մանուշյան և Թետչերի փողոցներում երկու գողություն էր կատարվել։ Մի դեպքում մտել էին ավտոտնակ ու գողացել կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի լուսարձակները, ռադիատորը, «ABS» բլոկը, ավտոտնակից հափշտակել էին նաև մետաղյա ձողեր: Երկրորդ դեպքը բնակարանային գողություն էր։ Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մուտքի դռան փականը և հափշտակել լվացքի մեքենա, շինարարական գործիքներ, սպասք և հագուստ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դեպքի վայրերի զննությունից հետո լայնածավալ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել։ Առաջ են քաշվել աշխատանքային տարբեր վարկածներ։ Օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ նշված գողությունները կատարել է Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի 20-ամյա մի բնակիչ։ Նրան տանը հայտնաբերել չի հաջողվել։ Մայիսի 24-ին կասկածվողը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին։ Նա խոստովանել է ոչ միայն գողությունները կատարելու, այլև գողոնն իրացնելու փաստը։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: