Փաշինյանի ու Մակրոնի հանդիպումը Փարիզում
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ելիսեյան պալատ։ Վարչապետի պաշտոնակատարին դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես են եկել հայտարարությամբ։ Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան֊Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները։
Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ։ Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի։ Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում։ Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ։