Էրդողանը կրկին խեղաթյուրել է պատմությունը

Էրդողանը կրկին խեղաթյուրել է պատմությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չհամակերպվելով սեփական պետության արյունոտ անցյալի հետ, դարձյալ խուսափել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված հայերի կոտորածները:

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Թուրքիայի նախագահը Օսմանյան կայսրության կողմից պետականորեն կազմակերպված ու իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին դարձյալ փորձել է քողարկել Առաջին աշխարհամարտում զոհ դարձածների անվան տակ:

«Հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին»,- ասված է նամակում:

Շարունակելով Թուրքիայի՝ մեկ դարից ավելի ձգվող ժխտողական քաղաքականությունը, Էրդողանը կրկին խեղաթյուրել է պատմությունը՝ նշելով, թե իբր հայ և թուրք ժողովուրդները մշտապես խաղաղ բնակվել են կողք կողքի ու մոռանալով, թե ինչպես ու ում ձեռամբ վերջ դրևվեց այդ «համակեցությանը»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

wp-apeth