11(+2) մեդալ՝ 30 տարում. Մարզական Շիրակի հաղթական ուղին ու ապագան

11(+2) մեդալ՝ 30 տարում. Մարզական Շիրակի հաղթական ուղին ու ապագան

Անկախ Հայաստանի պատմության մեջ միջազգային ռինգերում քիչ մենամարտեր չեն անցկացրել Շիրակի մարզը, մասնավորապես Գյումրին ներկայացնող մարզիկները, սակայն միայն երեք տարի առաջ Հովհաննես Բաչկովին հաջողվեց կրկնել գյումրեցի Մեխակ Ղազարյանի արդյունքը՝ 30 տարի անց հաղթելով բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Դրանից երկու տարի անց Բաչկովը պահեց մայրցամաքի լավագույնի կոչումը՝ հավասարը չունենալով Եվրոպական խաղերում: Համաքաղաքացուց հետ չմնաց նաև Արթուր Հովհաննիսյանը, որը Մինսկի խաղերում հռչակվեց չեմպիոն:

Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում,  Եվրոպական մարզական խաղերում և  Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնություններում սկսած 1992 թվականից մինչև հիմա Շիրակի մարզի բռնցքամարտիկներից յոթն են դարձել մեդալակիր՝ ընդհանուր հաշվով նվաճելով 11 մեդալ՝ 3 ոսկի, 8 բրոնզ: Մինսկի խաղերում հաղթած Բաչկովն ու Հովհաննիսյանը միաժամանակ ճանաչվել են նաև Եվրոպայի չեմպիոն, սակայն արժանացել են մեկական մեդալի, հետևաբար մեդալների ընդհանուր թիվը կազմում է 11, այլապես կլիներ 13 մեդալ՝ 5 ոսկի և 8 բրոնզե: Այսինքն մարզիկներին շնորհվել է երկու տիտղոս, բայց հանձնել են մեկական մեդալ:

Օլիմպիական խաղեր (1992 — 2020)

Նշված ժամանակահատվածում շիրակցի բռնցքամարտիկներին չի հաջողվել մեդալով վերադառնալ Օլիմպիական խաղերից: Մասնագետները լիահույս են, որ առաջիկա խաղերին բացը կլրացվի, հատկապես մեծ են սպասելիքները Հովհաննես Բաչկովից, որը պատրաստվում է նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում:

Աշխարհի առաջնություններ (1992 — 2020)

Անցած երեսուն տարում հաջողության հասել է միայն Հովհաննես Բաչկովը՝ բրոնզ նվաճելով 2017 թվականին Համբուրգում և 2019 թվականին Եկատերինբուրգում:

Եվրոպայի առաջնություններ (1992 — 2020)

1992 թվականից սկսած մեդալ նվաճել են հինգ շիրակցի: Չեմպիոնի կոչումը 2017 թվականին Խարկովում նվաճել է Հովհաննես Բաչկովը: Մեկական անգամ բրոնզե մեդալակիր են դարձել Մեխակ Ղազարյանը (Բուրսա 1993), Արմեն Գևորգյանը (Բուրսա 1993), Բագրատ Օհանյանն (Տամպերե 200) ու Վլադիմիր Սարուխանյանը (Անկարա 2011):  Հատկանշական է, որ 2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպական խաղերը հաշվել են նաև որպես Եվրոպայի առաջնություն: Ստացվում է՝ Մինսկում հաղթող ճանաչված Արթուր Հովհաննիսյանը նույնպես Եվրոպայի չեմպիոն է, իսկ Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Եվրոպական խաղեր (1992 — 2020)

Մինսկում կայացած Եվրոպական մարզական երկրորդ խաղերում Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանն իրենց քաշային կարգերում հավասարը չունեցան:

Եվրոպայի Մ22 առաջնություններ (1992 — 2020)

Մեդալակիրներն են Արթուր Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Արթուրը հաջողության հասել է 2017 թվականին ռումինական Բրաիլայում, իսկ Գուրգենը` 2019 թվականին Վլադիկավկազում:

Ամենատիտղոսակիրները

Ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը Հովհաննես Բաչկովն է՝ նվաճած չորս մեդալով: 27-ամյա բռնցքամարտիկը Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Եվրոպական խաղերի հաղթող: Նրանից հետո գալիս է Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպական խաղերի հաղթող և Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Մնացել են սպորտում

Մեխակ Ղազարյանը, որը բացի վերոհիշյալ բրոնզից 1987 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնությունում, ներկա պահին Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետն է, մինչ այդ ղեկավարել է Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցը:

Արմեն Գևորգյանը ներկա պահին զբաղված է մարզչական աշխատանքով Գյումրիում հայտնի «Սպարտակի զալում»: Սպորտից չի հեռացել նաև 31-ամյա Վլադիմիր Սարուխանյանը, որը սիրողական բռնցքամարտը թողնելուց հետո որոշեց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Հիմա Ռուսաստանում է:

Կարող են ավելացնել

Նշված յոթ մեդալակրից ներկա պահին իրենց ուժերի ծաղկման շրջանում են Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան), Գյումրու բռնցքամարտի մարզադպրոցի սան Արթուր Հովհաննիսյանը (անձնական մարզիչներ՝ Ռուդիկ Մկրտչյան, Կարեն Ղազարյան) և Ախուրյանի համալիր մարզադպրոցի սան Գուրգեն Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Արտավազդ Գևորգյան):

Ծանր հիվանդություն

Ոչ պակաս գյումրեցի անվանի բռնցքամարտիկ Վարուժան Դավթյանի սան Բագրատ Օհանյանը հասցրել է ուժերը փորձել նաև պրոֆեսիոնալ ռինգում, սակայն ստիպված է եղել հեռանալ սպորտից և մինչ օրս պայքարում է ծանր հիվանդության դեմ:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth