Շիրակի փոխմարզպետն՝ իրեն սևացնելու փորձի, նախկին բիզնեսի և իր «Հայկական երազի» մասին

Շիրակի փոխմարզպետն՝ իրեն սևացնելու փորձի, նախկին բիզնեսի և իր «Հայկական երազի» մասին

Օրեր առաջ մամուլում հոդված հրապարակվեց, որում անդրադարձ էր կատարվել Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի ընտանիքի անձնական միջոցներին ու բիզնեսներին։ Թեմայի շուրջ hingshabti.am-ը զրուցել է փոխմարզպետի հետ:

  • Պարոն Գրիգորյան, օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հոդված էր հրապարակել և բացասական լույսի ներքո էր ներկայացնել Ձեր բիզնես գործունեությունը՝ այն կապելով պետական պաշտոնում Ձեր գործունեության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։
  • Ինձ համար միշտ ցավալի է եղել, որ մեր երկրում, մեր շրջապատում աշխատանքով հաջողության հասած մարդկանց երբեմն փորձում են ներկայացնել բացասական լույսի ներքո։ Սա թերևս սեփական անզորության, անկարողության, կյանքում կայացած չլինելու արդյունք է շատերի համար, որոնք, նախանձից, չարությունից դրդված, փորձում են ամեն կերպ բացասական լույսի ներքո ներկայացնել հաջողակ մարդուն։ Զարմանալի է, սակայն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր շրջապատում պետք է լինես պարտադիր ընչազուրկ, չկայացած, օգնություն ակնկալող, որպեսզի վաստակես մաքուր մարդու համբավ։ Սա շատ վատ մտածելակերպ է, սա շատ վատ մենթալիտետ է։ Հայաստանում հաջողակ, աշխատանքով հաջողությամբ հասած մարդը պետք է հարգված ու ընդունելի լինի, ոչ թե հակառակը՝ մուրացկանը, անզորը կամ օգնություն խնդրողը։ Սա մտածելակերպի խնդիր է, որը պետք է լուծել պետական մակարդակով։ Ինչ մնում է բիզնես գործունեությանը, ապա ինձ ծանոթ մարդիկ բոլորն էլ գիտեն, որ կահույքի բիզնեսով, դեռևս 90-ականներից, զբաղվում է հայրս։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնել ենք, մուծել մեծաքանակ հարկեր ու ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր։ Ինչ մնում է լոմբարդին, ապա այո, չեմ հերքում, մինչև փոխմարզպետի պաշտոնին անցնելը, ես այն կառավարել եմ, սակայն այժմ այն պատկանում է կնոջս ու ես զբաղվում եմ պետական պաշտոնավարմամբ։
  • Այդ դեպքում որն էր փոխմարզպետի պաշտոնը ստանձնելու ձեր նպատակը։
  • Շատ լավ հարց տվեցիք: Ասեմ, որ ես ունեմ իդեա, երազ՝ կառուցելու մի այնպիսի երկիր, որտեղ իմ երեխաները, իմ ընտանիքը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որը նույնպես իմն է, ապրի և ստեղծագործի լավագույն պայմաններում, իսկ դրա համար պետք է ստեղծել հզոր պետություն, որը լինի հավերժ և այդ իդեան ես անվանում եմ «Հայկական երազ»: Փոխմարզպետի պաշտոնն ես ընդունեցի, որպեսզի կարողանամ իրականացնել իմ երազը: Հետո հանդիպեցի համախոհ ընկերների Ազգային Արժեք ակումբում և հիմա իմ ազատ ժամանակը ժամը 18:00-ից հետո շատ հաճախ անցկացնում եմ հենց Ազգային Արժեք ակումբում իմ երազող ընկերների հետ:
  • Պարոն Գրիգորյան, ձեր խոսքից այն տպավորությունն է ստեղծվում, թե փոխմարզպետի կամ թեկուզ մարզպետի պաշտոնն այնպիսի լծակների է տիրապետում, որ դուք կարող եք նման մեծ խնդիրներ լուծել։ Չեք կարծո՞ւմ, որ մի փոքր չափազանցնում եք ձեր գործունեության հնարավորությունները։
  • Տեսեք, թե որն է իմ ու ձեր մտածելակերպի տարբերությունները։ Ես չեմ վախենում երազել, ես չեմ վախենում մտածել մեծ բաների մասին, կուզենայի, որ բոլոր հայերը կարողանային երազել ու քայլ առ քայլ գնալ երազի հետևից։ Այսօր մեր ժողովրդին հենց սա է պակասում, մեզ ժողովրդից ազգի վերածվելուն հենց այդ միասնական երազն է պակասում։ Ես ոչինչ էլ չեմ չափազանցնում, քանի որ հստակ միտում կա իմ անձը վարկաբեկել, իսկ դա թերևս, վախի արդյունք է, որ ես կստանամ ավելի մեծ լծակներ ու ավելի մեծ հնարավորություններ՝ թողնելով ոմանց լուսանցքում։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ իմ պաշտոնյայի գործունեության մեջ ես որևէ կերպ կաշկանդված չեմ, որևէ մեկից կախում չունեմ։ Պաշտոնի անցնելով՝ ես կայանալու, գումար աշխատելու խնդիր չեմ լուծել։ Ես այստեղ եմ գաղափարի համար, ոչ անձնական շահի։ Այնպես որ, իմ չուզողներին խորհուրդ եմ տալիս դեպի ինձ ցեխ չշպրտել, ցեխը ինձ չի հասնի, բայց իրենց ձեռքերը անպայման կցեխոտվեն։
wp-apeth