«Խմելու ջրի» ռազմավարական պրոյեկտ (թեմա 3, մաս 1)
Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորությունների սկիզբ է: Սակայն, նոր հնարավորությունների համար պետք են ոչ միայն (ոչ այնքան) արագ, ժամանակավոր էֆեկտ ապահովող, կարճաժամկետ ծրագրեր, այլ՝ ռազմավարական ու համակարգային լուծումներ: Մեզ պետք են «Նոր Աշխարհում» մեր այցեքարտերը: Հենց այս տրամաբանությամբ, Ազգային Արժեք ակումբն առաջարկում է «Խմելու ջրի» ռազմավարական պրոյեկտի դիտարկումը:
Աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ: Մենք ևս պետք է փոխվենք ու հասկանանք՝ որն է մեր ապագան: Երբ քարի դարն ավարտվեց, քարերը չէին վերջացել: Նավթը ևս չի ավարտվել, բայց ստիպված ենք ազդարարել նավթային աշխարհի վախճանի մասին: Որ ռեսուրսն է ապագայում դառնալու որոշիչը՝ իհարկե ջուրը: Մեզ մնում է հասկանալ այս պարզ ճշմարտությունը ու այս պահից սկսած, առանց ժամանակ կորցնելու, լծվել ջուր արտահանող տերություն դառնալու ազգանպաստ ու պետականանվեր գործին: Այս տեսակետը բնավ ֆանտազիայի ժանրից չէ, մենք պատրաստ ենք այն հիմնավորել չոր թվերով ու փաստերով: Ահավասիկ.
Քաղցրահամ ջրի կարևորությունը ընդգծվում է երկու հարթությամբ. Հայաստանը տարածաշրջանում առանձնանում է քաղցրահամ ջրի համեմտաբար հարուստ պաշարներով, և դա պայմանավորելու է ապագա աշխարհաքաղաքական գործընթացների միտումները: Խնդրի վերլուծության ամբողջականությունը ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում նախ քննարկել տարածաշրջանային և համաշխարհային մասշատաբով քաղցրահամ ջրի պահանջարկի դինամիկան և այն միջազգային առևտրի կարևորագույն բաղադրիչ դառնալու հիմքերը: Մասնագետների բնորոշմամբ` ջրի առևտուրը հանդիսանում է միջազգային ռազմավարության կարևորագույն էլեմենտներից մեկը, որը պայմանավորված է ջրի և սննդամթերքի պակասորդի անընդհատ դինամիկայով: Այն կարող է լինել աշխարհաքաղաքական կարևոր գործիք և հնարավորություն է ստեղծում չեզոքացնելու ջրային ռեսուրսների շուրջ առաջացող հակամարտությունները:
Այսօր աշխարհաքաղաքական գործընթացներում անվիճելի է ջրային գործոնի նշանակության շարունակական աճը, որն էլ իր հերթին պայմանավորում է պետությունների վարքագիծը միջազգային փոխհարաբերություններում: Ջրային գործոնի դերը ապագայում առավել կընդգծվի, քանի որ բնակչության թվի շարունակական աճը և գյուղատնտեսության և արդյունաբերության կողմից նրա որակի նկատմամբ պահանջարկի անընդհատ դինամիկան, երկրագնդի շատ հատվածներում քաղցրահամ ջրի իրական դեֆիցիտ կստեղծեն: 20-րդ դարում համաշխարհային բնակչության թիվը աճել է ավելի քան 3 անգամ, սակայն այդ նույն ժամանակահատվածում ջրի պահանջարկը աճել է շուրջ 7 անգամ: Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների` այսօր աշխարհում շուրջ 2 մլրդ մարդ տառապում է ջրի պակասության պատճառով: Նշենք, որ ջրոլորտի 97%-ը բաժին է ընկնում օվկիանոսային աղի ջրին: Իսկ ցամաքային ջրերի 2/3-ը ամբարված է Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցադաշտերում: Մարդկությունը ռեալ տիրապետում է ջրային ռեսուրսների ընդամենը 1%-ին:
Պարզ է, որ խնդիրը աշխարհագրական առումով ընդգրկում է ողջ երկրագունդը, սակայն նրա առանձին հատվածներ խնդրի սրությամբ առանձնանում են: Նման հանգույց է համարվում ողջ Մերձավոր Արևելքը, որն աշխարհաքաղաքական կառուցվածքի մեզոմակարդակում ընդգրկում է նաև Հայաստանը: 20-րդ դարի կեսին ջրի պակաս աշխարհում ունեին յոթ երկրներ, որոնցից երեքը՝ Կատարը, Հորդանանը և Քուվեյթը, գտնվում են Մերձավոր Արևելքում: 1990-ական թվականներին վերոհիշյալ յոթին ավելացան ևս 13 երկրներ, որոնցից ութը՝ Ալժիր, Իսրայել, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Թունիս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Մերձավոր Արևելքում են: ՄԱԿ-ի տվյալներով` 2025թ. ևս յոթ մերձավորարևելյան երկրներ՝ Եգիպտոս, Եթովպիա, Իրան, Լիբիա, Մարոկկո, Օման, Սիրիա, կմտնեն այդ ցուցակի մեջ: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կլինեն 18 երկրներ, որոնք կունենան ջրի պակաս:
Մերձավոր Արևելքի բնակչությունը 1990թ. 314 մլն մարդ էր, 2020թ. այն կկազմի 348 մլն մարդ, իսկ ջրի պահանջարկը տարեցտարի ավելանում է 470 մլրդ խոր. մետրով: 1960թ-ին այս տարածաշրջանում բնակչության կողմից տարեկան սպառվել է 3300 լիտր ջուր, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հավասար է 1250 լ/տարի: Նկատենք, որ սանտիրական նվազագույն սահմանը համարվում է 1000 լ/տարի: Սա սպառնում է դառնալ լարվածության և կոնֆլիկտածին աննախադեպ աղբյուր: Տրամաբանական է այն եզրակացությունը, որ եթե կա ջրի պակասորդ, ապա կձևավորվի նաև (արդեն ձևավորվում է) ջրի շուկա: Ինչպես բոլոր շուկաներում, այնպես էլ ջրի պարագայում, կձևավորվի նաև կայուն գին, որը կախված կլինի այս ռեսուրսի տեղափոխման ձևից: Պրակտիկայում դիտարկվում է ջրային ռեսուրսի տեղափոխման մի քանի տարբերակ` այսբերգների, շշալցված, տանկերների և ջրամուղների տեղափոխման միջոցով: Նկատենք, որ շատ երկրներ ապագայում նախատեսում են ստեղծել այսպես կոչված ջրի բորսա:
Այսինքն` ջրի համաշխարհային շուկայի ձևավորումը ժամանակի հրամայականն է: Սակայն, այսօր այն դասական տարբերակով բացակայում է, քանի որ ջրի օգտագործման միջազգային իրավունքը միայն «մաքուր ջրի» առևտուրը չի խրախուսում: Առավել տարածված են միջսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման տարբերակները (selling services of water supply): Այնուամենայնիվ, համաշխարհային պրակտիկայում ոչ շշալցված տարբերակով ջրի առևտրի օրինակներ արդեն կան: Հատկանշական է, որ այս հարցում որպես ավանգարդ հանդես է գալիս Թուրքիան: Պետք է շեշտել, որ վերջինս «ջրային առևտրի» գործոնը ոչ միայն ֆինանսական հարթության վրա է դիտարկում, այլ աշխարհաքաղաքական, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ակնհայտ ճնշում գործադրելու հարևան սակավաջուր երկրների վրա: Այս երկրի աշխարհագրական դիրքի գլխավոր առավելությունն այն է, որ Մերձավոր Արևելքի խոշոր գետերը` Տիգրիսը և Եփրատը, սկզբնավորվում են Թուրքիայի ներկայիս տարածքում /Արևմտյան Հայաստանում/:
2011-2022 թթ-ին Թուրքիան այս գետերի վրա նախատեսում է կառուցել 22 ամբարտակ, 19 հիդրոհանգույց և ջրամաբար: Թուրքիայի կողմից ջրային գործոնի աշխարհաքաղաքական նշանակության իրացման փորձերը հաստատվում են ներքոհիշյալ օրինակները քննարկելիս: Մասնավորապես`2002թ-ի օգոստոսին Թուրքիայի և Իսրայելի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն Իսրայելը Թուրքիայից տարեկան կգնի 50 մլն մ3 ջուր` 35 մլն ԱՄՆ դոլարով: Ծրագիրը իրականացվելու է հետևյալ սխեմայով. հատուկ տեխնիկայի միջոցով Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանավղաթ գետի ջուրը պետք է բեռնվի հատուկ տանկերները, որոնք այն կհասցնեն իսրայելական Աշկելոն նավահանգիստ, որտեղից էլ ջրամուղների միջոցով այն կմղվի Իսրայելի ջրամբարներ: 400հզ տոննա տարողությամբ տանկերներից յուրաքանչյուրը տարեկան 65 բեռնափոխադրում պետք է իրականացնի9 : Բացի դրանից, 2009թ-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին իր երկիրը պատրաստվում է հատուկ ջրամուղ կառուցել դեպի թուրքական Կիպրոս: Ջրամուղի ընդհանուր երկարությունը կազմելու է 110 կմ, որը ծովում պետք է անցնի 250 մ խորությամբ: Ջրամուղի թողունակությունը լինելու է 73 մլն մ3: Թուրքական կողմը այս գործոնը ակտիվ շահարկում է նաև աշխարհաքաղաքական հարթությունում` պնդելով, որ այն պետք է լինի խաղաղության ջրամուղ, քանի որ Կիպրոսի երկու հատվածների միջև մերձեցում կարող է ապահովել: Ներկայում Կիպրոսի Հանրապետությունը այս ծրագրի նկատմամբ բացասական է տրամադրված, սակայն պետք է ընդգծել, որ ապագայում «ջրային գործոնը» կարող է հունական Կիպրոսի վրա ազդելու լուրջ գործիք դառնալ:
Տեսակետը հիմնավորելու համար փաստենք հետևյալ իրողությունը. 2008թ-ին Կիպրոսի Հանրապետությունը ուժեղ երաշտի պատճառով հայտնվեց խիստ ճգնաժամային իրավիճակում և ստիպված էր շուրջ 10 ամիս շարունակ տանկերներով Հունաստանից ջուր ներկրել` 1 տոննայի համար վճարելով 5,5 ԱՄՆ դոլար (ընդհանուրը 39 մլն ԱՄՆ դոլար) : Այդ ժամանակ կիպրական հանրապետության ջրային ամբարներում մնացել էր ընդամենը 17-19 մլն մ3 ջուր, որն ավելի քիչ է, քան Հայաստանի ամենափոքր` Կեչուտի ջրամբարի պաշարները և շուրջ 31,5 անգամ ավելի քիչ, քան Արցախում գտնվող Սարսանգի ջրամբարի պաշարները10: Ըստ բնապահպանների` ժամանակի ընթացքում Կիպրոսի ջրային հիմնախնդիրը ավելի է սրվելու: Հետևաբար` վերոհիշյալ ջրամուղը շահագործելուց հետո Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ լծակներ է ձեռք բերում Հունաստանի և Կիպրոսի հետ փոխհարաբերություններում:
Հավելենք նաև, որ Կիպրոսի Թուրքական հատվածում այսօր իրականացվում է ջրամաքրիչ կայանների ակտիվ շինարարություն: 2010թ-ին «ջրային առևտրի» համաձայնագիր կնքվեց նաև Հորդանանի և Թուրքիայի միջև: Համաձայնագրի արժեքը գնահատվում է շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար: Վերջինիս համաձայն` Թուրքիան արաբական այս երկրին օրական պետք է մատակարարի 0,27 մլն մ3 ջուր11: Նկատենք, որ տարածաշրջանում «ջրային առևտրի» այլ օրինակներ ևս կան: Մասնավորապես` մեր հարևան մյուս երկիրը` Իրանի Իսլամական Հանարպետությունը, նույնպես բավականին ակտիվ է ջրային գործոնի աշխարհաքաղաքական ներուժը իրացնելու հարցում: Այսպես, օրինակ, 2003թ-ին Իրանի և Քուվեյթի միջև կնքվեց 30 տարվա պայմանագիր, որի համաձայն` Իրանը 900 մլն մ3 (օրական` 0,75մլն մ3) ջուր պետք մատակարարի Քուվեյթ: Պայմանագրի ընդհանուր արժողությունը գնահատվում է 2 մլրդ ԱՄՆ դոլար: Ջուրը պետք է մատակարարվի Քարուն գետից 540 կմ ընդհանուր երկարության ջրամուղով, որից 330 կմ-ը ցամաքային տարածքով, իսկ 210 կմ-ը` Աբադանից, ծովի հատակով մինչև Քուվեյթ:
Ընդհանարացնելով վերը շարադրվածը` կարող ենք արձանագրել, որ ջրային ռեսուրսների հիմնախնդիրը շատ երկրներում դիտարկվում է որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս: Բացի դրանից, ջուրը դառնում է նաև միջազգային առևտրի կարևոր բաղադրիչ, որը ենթադրում է այս ռեսուրսի կայուն գնի ձևավորում: Հետևաբար` արտահանող երկրները կարող են ունենալ ֆինանսական լուրջ եկամուտներ: Ջուրը աստիճանաբար դառնում է ժամանակակից աշխարհաքաղաքականության կարևոր տարրերից մեկը: Որոշակի մակարդակում ջրային ռեսուրսների համար մղվող պայքարը կփոխարինի նավթային հակամարտություններին` աշխարհը բաժանելով այդ ռեսուրսով հարուստ և աղքատ երկրների: Սակայն կա մեկ էական տարբերություն. եթե էներգակիրների պարագայում հնարավոր է այլընտրանքային տարբերակների մասին մտածել, ապա ջրային ռեսուրսին այլընտրանք չկա: Կարևոր նշանակություն է ձեռք բերելու ջրի արտահանման ուղիների և միջոցների ընտրությունը, որի պատճառով աշխարհի գեոպոլիտիկ կառուցվածքում առանցքային է դառնալու ջրամուղների աշխարհագրությունը: Այսպիսով` ապագայում աշխարհաքաղաքական գործընթացների բովանադակությունը պայմանավորող գլխավոր ռեսուրսը դառնալու է ջուրը` բնական այն ռեսուրսը, որով Հայաստանը համարվում է ապահովված:
Ընդհանրապես Հայակական լեռնաշխարհը բարձրադիր ջրբաժան է Կասպից, Սև ծովերի և Պարսից ծոցի ավազանների միջև: Այստեղ են ձևավորվում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը: Հայաստանի Հանրապետությունը, զբաղեցնելով լեռնաշխարհի հյուսիսարևելյան փոքր հատվածը, նույնպես օժտված է ջրային ռեսուրսների հիդրոէներգետիկ մեծ պոտենցիալով և լեռնային աղբյուրների բարձրորակ ջրով: Այն, որ Հայաստանը ջրային ռեսուրսների արտահանման լուրջ հայտ կարող է ներկայացնել, պարզվում է ջրային հաշվեկշռի վերլուծության միջոցով: Մեր հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը կազմում է 18,5 մլրդ մ3 , որի գոլորշիացման արդյունքնում, մնում է 7,1 մլրդ մ3: Եվս 1,4 մլրդ մ3 ջուր երկրի ջրային պաշարներին ավելանում է սահմանային Արաքս գետի միջոցով: Ըստ այդմ` հանրապետության պաշարները կազմում են 8,5 մլրդ մ3:
Այս ցուցանիշները փաստում են, որ ջրային պաշարների մոտ 90%-ը ձևավորվում է հանրապետության տարածքում: Նկատենք, որ վերջինիս գերակշիռ մասը վերածվում է մակերևութային հոսքի` մեծամասամբ դուրս հոսելով հանրապետության տարածքից: Հետևաբար` եթե Հայաստանը կարողանա ամբարել արտահոսող ջրի որոշակի մասը և այնուհետև արտահանել Մերձավոր Արևելք, ապա կարող է դառնալ տարածաշրջանում ընթացող աշախարհաքաղաքական գործընթացների ակտիվ խաղացող12: Այս ուղղությամբ մասնագետների կողմից գործնական ծրագրերի մշակման փորձեր արդեն առկա են13: Ավելին` 1999թ-ին Հայաստանի ջրային ռեսուրսների արտահանման հարցը լուրջ քննարկման է արժանացել նաև կառավարությունում: Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Հայկական նախագծին», որի իրականացման համար կոնկրետ հանձնարարություններ են տրվել արտաքին գործերի, ֆինանսների և բնապահապանության նախարարություններին: Սակայն, մինչ այսօր համակարգված քայլեր չեն նկատվում: Նկատի առնելով այն հանգամանքը, որ շրջանառության մեջ կան կոնկրետ ծրագրեր և խնդիրը պետք է հիմնավորվի համատասխան մարմիններում, մենք խնդրի թվային վերլուծությունը սահմանափակում ենք վերը շարադրված ընդհանուր մոտեցումով:
Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ապագայում այս ռեսուրսի տիրապետման համար, թե տարածաշրջանային և թե համաշխարհային մասշտաբով, լուրջ մրցակացություն կսկսվի: Այսինքն` Հայաստանը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական գործընթացների ակտիվ ազդեցության տիրույթում, որի հետևանքները խիստ բացասական կարող են լինել: Այսինքն, գործընթացի դանդաղեցումը ոչ միայն զրկում է քաղաքական և տնտեսական լուրջ հնարավորություններից, այլև նվազեցնում է ռեսուրսի ինքնուրույն օգտագործման հնարավորությունը: Հետևաբար` անհրաժեշտ ենք համարում կոնկրետ գործողությունների ենթակարգության մշակումը և դրանց արագ իրականացումը: Այն առաջին հերթին ենթադրում է, այս բնական ռեսուրսի ամբարման և արտահանման արդյունավետ տարբերակների մատնանշում: Բացի դրանից, տարածաշրջանում խիմնախնդրի լուծման այլ տարբերակներ նույնպես շրջանառվում են: Տարբերակներից հիմնականը այսբերգների օգտագործումն է: Միայն Անտարկտիդայում տարեկան ձևավորվում են այնքան այսբերգներ, որոնցում կուտակված ջուրը կբավարարի համաշխարհային բնակչության տարեկան պահանջարկը: Ընդ որում, գիտնականների կարծիքով, այսբերգներում ամբարված ջուրը աչքի է ընկնում բացառիկ մաքրությամբ:
Այսբերգների ջրի օգտագործման գաղափարը 1950-ական թվականներին շրջանառության մեջ է դրել Սքրիփսոնի օվկիանոսագիտության ինստիտուտի (Scripps Institution of Oceanography) գիտնական Ջոն Այզեկը: Արդեն 1970-ական թվականներին Սաուդյան Արաբիայի պատվերով ամերիկյան ֆիրմաները սկսեցին մշակել այսբերգների տեխափոխման տեխնոլոգիական հնարավորությունները` ծախսելով միլիոնավոր դոլարներ: Սակայն 1978թ-ին ԱՄՆ կոնգրեսի որոշմամբ ծրագիրը դադարեցվեց` ոչ հեռանակարային լինելու պատճառով: Այսինքն` այսբերգներից ստացված ջուրը թանկ հաճույք համարվեց նույնիսկ արաբական շեյխերի համար: Սակայն այսօր էլ հյուսիսային երկրները, սառույցի արտահանումից չեն հրաժարվում: Մասնավորապես` Գրենլանդիան մտադիր է մոտ ապագայում սառույցից շշալցված ջուր մատակարարարել աշխարհի բոլոր խոշոր քաղաքներին: Իսկ, ռուս գիտնական Իվան Կալկոյի համոզմամբ այսբերգների օգտագործումը հնարավորություն կտա առաջիկա տասնամյակներում լուծելու քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Ըստ նրա` այսբերգները պետք չէ որևէ տեղ փոխադրել, քանի որ մասնագիտացված նավերի միջոցով կարելի է տեղափոխել ոչ թե այսբերգը, այլ արդեն վերամշակած ջուրը:
Այսպիսով, ըստ մասնագետների, այսբերգների ջրի օգտագործումը այսուհետ չի կարելի համարել ուտոպիստական: Ընդհանրացնելով վերը շարադրվածը` կարող ենք արձանագրել, որ չնայած Հայաստանի Հանարապետության բնառեսուրսային սահմանափակ հնարավորությունների վերաբերյալ տիրապետող տեսակետներին, այնուամենայիվ, հայկական աշխարհաքաղաքական ներուժի բնական բաղադրիչը ապագայում կարող է լուրջ խթան հանդիսանալ ազգային աշխարհաքաղաքական պատկերացումների իրացման համար: Իսկ դա հնարավոր է ներուժի լիարժեք իրացման պարագայում, որի գլխավոր նախապայմանը հզոր և ինքնուրույն պետության առկայությունն է:
Շարունակելի
Կարդա նաև — տե՛ս Թեմա 1 (Մաս 1), տե՛ս Թեմա 1 (Մաս 2)
Կարդա նաև — տե՛ս Թեմա 2 (Մաս 1), տե՛ս Թեմա 2 (Մաս 2)
Ազգային Արժեք ակումբ