Ճգնաժամային փուլերն անխուսափելի են

Ճգնաժամային փուլերն անխուսափելի են

Ճգնաժամի հաղթհարման ցավագին շրջանին հաջորդում է բնականոն զարգացման ընթացքը: Ընդ որում, որքան խորն է ճգնաժամն, այնքան առավել ամբողջական է հին տարրերի վերափոխումը և նույնչափ կտրուկ կարող է լինել առաջընթացի թռիչքը:

Սկիզբն այստեղտե՛ս Թեմա 1 (Մաս1)

Գ) Ճգնաժամային փուլերն անխուսափելի են:

Հասարակական համակարգերի ցիկլային շարժընթացին բնորոշ հաջորդ օրինաչափությունը վերաբերում է ճգնաժամերի պարտադիր բնույթին: Այսինքն, համակեցության ցանկացած տիպ, իր զարգացման ընթացքում պարտադիր կերպով ապրում է ճգնաժամային էտապ: Այն` որքան որ ցավագին, այնքան էլ խիստ անհրաժեշտ է հասարակական ցանկացած համակարգի շարժընթացում, քանի որ ճգնաժամերը օժտված են մի շարք դրական գործառույթներով`քայքայող, ստեղծարար և ժառանգականության: [4, էջ 46]

  • քայքայող (նրանք քայքայում են համակարգի հնացած, բայց դեռևս տիրապետող էլեմենտները, որոնց ներուժն արդեն սպառվել է և արգելակում է զարգացումը),
  • ստեղծարար (համակարգը հարստացնում է նոր գենոտիպով և ապահովում է սերնադափոխության գործընթացը)
  • ժառանգականության (ձևավորում է նոր համակարգի, կամ հնի նոր էլեմենտների ձևավորման ու զարգացման համար պայմաններ):

Այսպիսով, ճգնաժամը հանդիսանում է ազդակ, շարժիչ հետագա առաջընթացի, քանի որ ձևավորվող քաոսից ծնվում են նոր կարգերը: Ճգնաժամերը լինում են տարբեր խորության և տևողության` կախված այն ցիկլի բնույթից, որի ալիքը հանդիսանում է տվյալ ճգնաժամը:

Ելնելով ճգնաժամերի պարտադիր լինելու տրամաբանությունից կարող ենք առանձնացնել երեք կարևոր հետևություն.

  • Նախ` ճգնաժամերը հանդիսանում են գիտական կանխատեսման կատեգորիա: Այսինքն, ամբողջապես տեղավորվում են գիտական ճանաչողության տրամաբանությունում, հետևաբար ենթակա են հասարակության կողմից կարգավորվող ազդեցության:
  • Հասարակական համակարգերի զարգացման կանխատեսելիության ու կառավարման հնարավորությունը բացարձակապես չի ենթադրում անցում՝ առանց ճգնաժամային զարգացման: Նկատենք, որ դեռևս տիրապետող հասարակական, գիտական ու հատկապես քաղաքական տրամադրություններում առկա է այն մոտեցումը, որ կայուն զարգացման պարագայում հնարավոր է խուսափել ճգնաժամերից: Սակայն, մենք հակված ենք այն մասնագետների կարծիքին, ովքեր դա ոչ ճիշտ տեսակետ են համարում: Նույնիսկ շատերը նշում են, որ ճգնաժամերի նկատմամբ ճիշտ չէ կիրառել «հակա» նախածանցը, քանի որ այն ճգնաժամերից ընդհանրապես խուսափելու նկատմամբ ուտոպիստական հույսեր է արթնացնում:Այս ամենը միայն հնարավորություն է ստեղծում ճիշտ ախտորոշել ճգնաժամերը, ըստ այդմ` հասարակական կառավարման մեխանիզմների շնորհիվ սեղմել ճգնաժամի ազդեցության ժամկետները և նվազագույնի հասցնել կորուստները:
  • Ճգնաժամերը հաղթահարելի են հասարակական նպատակաուղղված գործունեության շնորհիվ: Վերջիններիս շարքին դասվում են հեղափոխությունները, բարեփոխումները և նորարարությունները, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է ճգնաժամերի հաղթահարման ինքնատիպ սցենար:

1. Հեղափոխությունները հասարակական կենսագործունեության ոլորտներում կտրուկ, որակական և արմատական փոփոխություններն են, որոնք արտահայտվում են առավել ցավագին և առավել քայքայիչ դրսևորումներով: Հեղափոխությունները կարող են տեղի ունենալ ինչպես կոշտ (արյունահեղություններ, զգալի ավերումներ), այնպես էլ առավել փափուկ (թավշյա հեղափոխություններ) ձևերով:

2. Բարեփոխումների պարագայում հին տարրերի փոփոխությունը տեղի է ունենում առավել համաչափ, համեմատաբար ոչ ցավագին ձևերով:
Եթե հեղափոխությունները և բարեփոխումները երկար են տևում, ապա համակարգը պայթում է ներսից, կտրուկ նվազում է նրա արդյունավետությունը՝ երբեմն հանգեցնելով վախճանի:

3. Նորարարությունը թույլ է տալիս համակարգի հին տարրերը փոխարինել նորերով, առավել առաջադեմ և արդյունավետ տարրերով, որոնք հարմարվում են նոր միջավայրին:
Բոլոր երեք ուղղությունների պարագայում էլ տեղի է ունենում համակարգի հին, սպառված տարրերի փոփոխություն նորերով, արդյունքում՝ համակարգի շարժընթացի համար ձևավորվում է բոլորովին նոր իրավիճակ: Սակայն, ի տարբերություն նորարարության, հեղափոխությունները և բարեփոխումները չեն կարող անվերջ լինել, քանի որ նվազեցնում են համակարգի կայունությունը, որի ընթացքում համակարգի ներուժը ենթարկվում է կամ լրջագույն փոփոխությունների, կամ էլ ամբողջապես քայքայվում է: Այդ ժամանակ նրա տեղը հաստատվում է այլ՝ նոր համակարգ:
Ճգնաժամերի հաղթահարման ցավագին շրջանին հաջորդում է բնականոն զարգացման երկար ընթացքը, երբ նոր տարրերը հնարավորություն են ստանում իրացնելու սեփական ներուժը: Ընդ որում, ճգնաժամի ժամանակ որքան խորն է անկումն, այնքան առավել ամբող-ջական է հին տարրերի վերափոխումը և նույնչափ կտրուկ կարող է լինել առաջընթացի թռիչքը:

Ընդհանրացնելով վերը քննարկված օրինաչափությունների վերլուծությունը՝ հասարակական համակարգերի ցիկլային շարժընթացի համար առաջարկում ենք հետևյալ պարտադիր բնութագրիչները.

  • Հասարակական համակարգերի շարժընթացին հատուկ է պարուրաձև (սպիրալաձև) ընթացքը, որի գալարը համապատասխանում է կյանքի մեկ լրիվ ցիկլին: Իսկ գալարի ձգվածության մեջ իրար են հերթափոխում կյանքի ցիկլի փուլերը՝ ծնունդից մինչև ճգնաժամ: Հետևաբար յուրաքանչյուր գալար իրենից ներկայացնում է հասարակական համակարգի կոնկրետ տիպի շարժընթացը:
  • Գալարների հատման հատվածն իրենից ներկայացնում է էլիպսոիդ՝ իր ֆոկուսային գագաթների առկայությամբ, որոնց միջև էլ գտնվում է տվյալ հասարակական համակարգի էներգիային դիմադրող ամենամեծ ուժը: Այսինքն, էլիպսոիդը համապատասխանում է կյանքի ճգնաժամային փուլին: Հետևաբար, էլիպսոիդի ցածր գագաթից դեպի բարձր անցմամբ է պայմանավորված հասարակական համակարգի վերարտադրությունը:
  • Նոր գալար տեղափոխվող համակարգերը սկսում են կյանքի նոր ցիկլ, որը բովանդակային (գալարի հաստության) և տարածական (գալարի հորիզոնական ձգվածության) առումով ընդգրկուն է նախորդից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր գալարում, հին՝ վերարտադրված համակարգերի հետ հանդես են գալիս նորերը՝ հարստացնելով գալարի պարունակության և՛ էներգիան, և՛ տարածության մեջ նրա ձգվածությունը:
  • Այն համակարգերը, որոնք էլիպսոիդի դիամադրողականությունը չեն հաղթահարում, կործանվում են: Սակայն, կան նաև այնպիսիները, որոնք նույն դիմադրության հաղթահարման ժամանակ մյուսներից ավելի շատ էներգիա են ծախսում: Դրանք, ճիշտ է, տեղափոխվում են հաջորդ գալար, որտեղ ինքնատիպության պահպանման հաշվին ապահովում են նաև սեփական շարժընթացը, սակայն, ներուժի սպառման տեսանկյունից հետ են մնում նույն կարգավիճակը ունեցող այլ համակարգերից և հայտնվում են ռելիկտային վիճակում: Այս համակարգերը հաջորդ էլիպսոիդներում կարող են ամբողջությամբ վերարտադրվել, ըստ այդմ նոր ցիկլում կարող են կրկին ունենալ առաջնային կարգավիճակ:
  • Հասարակական յուրաքանչյուր համակարգի (համակեցության յուրաքանչյուր տիպի) համապատասխանում է սեփական շարժընթացի պարույրը, որի գալարներում հասարակական էներգիան տեղափոխում են միայն համապատասխան կարգավիճակի համակարգերը: Սակայն, այդ նույն գալարների բովանդակությունը միաժամանակ պարունակում է ավելի ցածր ենթակարգություն ունեցող բոլոր համակարգերի շարժըն-թացը:
  • Եվ վերջինը, հասարակական համակարգի պարուրաձև շարժընթացի յուրաքանչյուր գալարում սպառվում է ենթակարգությամբ նրանից անմիջապես ցածր աստիճանում գտնվող համակարգի կյանքի ամբողջական ցիկլը: Այսինքն, ստացվող օրինաչափության համաձայն, ենթակարգային յուրաքանչյուր միավորի կյանքի ամբողջական ցիկլը համապատասխանում է ենթակարգության ավելի բարձր միավորի կյանքի մեկ փուլին:

Այսպիսով, շարժընթացի ցիկլային օրինաչափությունները հատուկ են հասարակության մեջ գոյություն ունեցող համակարգերին և համակեցության ձևերին:

Ընդհանրացնելով առաջին թեմայի արդյունքները, կարող ենք պնդել, որ մարդկության ներկա հանգրվանում, երբ համադրվում են համամարդկային, համաշխարհային ու լոկալ քաղաքակրթությունների կյանքի ցիկլային շարժընթացների ճգնաժամային հատվածները, ապա եռաչափ ճգնաժամն ապագայում հանդես է գալու ռեզոնանսային, իսկ ներկայում՝ ամբողջապես ապակայացնող բնույթով, որի դրսևորումներից է նաև՝ COVID-19 համավարակը: Ըստ այդմ առաջ է գալիս հաջորդ թեմայի քննակման անհրաժեշտությունը՝ մենք ականատես ենք լիբերալիզմի ավարտին:

Գրականություն՝

  • Ներսիսյան Ա., «Քաղաքակրթություն» գիտական կատեգորիայի հիմունքները: Հասկացության գիտական մեկնաբանման փորձ, ՇՊՀ գիտ. տեղեկագիր 2017, Գ., 2017 N 1, Բ պրակ էջ 56-65:
  • Ներսիսյան Ա. «Քաղաքակրթություն» բուրգի ներքին կառուցվածքը, ՇՊՀ գիտ. տեղեկագիր 2018, Գ., 2018, էջ 181-189:
  • Վալեսյան Լ., Աշխարհագրական կանխատեսում, Եր., 2008, 262 էջ:
  • Кузык Б. Н., Яковец Ю. В., Цивилизация: прошлое и будущее, — М., 2008, с.

Շարունակելի

Ազգային Արժեք ակումբ

wp-apeth