Սամվել Բալասանյանի կոչը գյումրեցիներին
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը կոչով դիմել է գյումրեցիներին
- Սիրելի գյումրեցիներ,
Ինչպես արդեն գիտեք, արտակարգ դրության պարետատունը սահմանել է տեղաշարժի սահմանափակումներ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Խնդրում և հորդորում եմ տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, վտանգի չենթարկել Ձեր և Ձեր հարազատների և շրջապատող անձանց առողջությունը: Որքան զգոն, ուշադիր և հետևողական լինենք բոլորս, այդքան առավել արդյունավետ կլինեն վարակի տարածումը կանխելու միջոցառումները: Քաղաքապետարանն այս օրերին իրականացրել և շարունակում է իրականացնել վարակի տարածումը կանխարգելող բոլոր այն գործառույթները, որ տրվում է պարետի ցուցումով:
Իմ շատ սիրելի գյումրեցիներ, եվս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ պահպանել հիգիենայի կանոնները, հաճախ լվացեք ձեր ձեռքերը, ինչպես որ ներկայացվում է դրանք ճիշտ լվանալու մասին ցուցումերում, ախտահանեք ձեռքերն ու տարածքները: Վերը նշված կանխարգելիչ բոլոր միջոցառումները շատ կարևոր են ու արդյունավետ: Երկրում տիրող այս իրավիճակում եկեք բոլորս համախմբված պահպանենք հանդարտություն և զգոնություն, խուճապի չմատնվենք: Հայ ազգն ու հատկապես գյումրեցին շատ ու շատ դժվար իրակիճակներ է հաղթահարել, ծանր օրեր վերապրել, բայց բոլոր իրավիճակներից պատվով է դուրս եկել իր համախմբվածության, բացառիկ անհատականության, թասիբի ու կամքի շնորհիվ: Վստահ եմ՝ մեր միասնականությունը, սոցիալական բարձր պատասխանատվությունը, համախմբվածությունն ու թասիբը մեզ կօգնեն այս դժվար իրավիճակը ևս պատվով հաղթահարել,- նշված է հայտարարությունում: