ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները մարտի սկզբին կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, փոխանցում է «Արցախպրեսը»:
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես, գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով: ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները ։
Նշենք, որ Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։