Արցախի ԱԳՆ-ն՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ

Արցախի ԱԳՆ-ն՝ Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ

Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը, նշված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկությանը:

«Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։

Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:

Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և Հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։

Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։

Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- նշված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

wp-apeth