Ավելի քան 26 000 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են կատարել տեղանքի և սոցիալական կառույցների՝ պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանումների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է ավելի քան 2300 հա տարածք, ինչպես նաև 683 կմ ճանապարհ, շուրջ 2000 շինություն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին:
Ինչպես հաղորդվում է, ռուս սակրավորներն Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղի մոտակայքում հայտնաբերել և նույնականացրել են ПМН-1 հակահետևակային ականը, որը դուրս բերել հնարավոր չէ: Հրամանատարը որոշում է կայացրել այն տեղում ոչնչացնելու մասին: Տվյալ պայթյունավտանգ առարկան երկրորդ աստիճանի վտանգ է ներկայացնում, որը պետք է ոչնչացվի հայտնաբերման վայրում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։