Ծաղկաշատի մանկապարտեզը կվերաբացվի, մեկնարկում են շենքի վերականգնման աշխատանքները
ԱՀ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքն ունի 195 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել։ Այս մասին «Արցախպրեսի»հետ զրույցում ասել է Ծաղկաշատի՝ օրերս կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրված համայնքապետ Սուրեն Սարգսյանը:
«Համայնքում վերաբնակեցվել է 18 ընտանիք՝ 70 հոգով: Դպրոցն ունի 34 աշակերտ. շենքը վերանորոգման կարիք ունի: Մանկապարտեզը չի գործում շենքային պայմանների պատճառով՝ չնայած , որ գյուղում մանկապարտեզի կարիքը շատ է զգացվում։ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը խնդիրը ներկայացրել է և ՀՕՄ֊Ի Արևմտյան ափի ատենապետուհի Ժակլին Բունիաթյանի արձագանքը չի ուշացել։ Շուտով կմեկնարկեն մանկապարտեզի նախկին շենքի վերանորոգման աշխատանքները. չափագրման գործընթացը սկսվել է։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել ՀՕՄ֊ի ԱՄՆ արևմտյան ափի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, մշակույթի տուն, որոնք ևս վերանորոգման կարիք ունեն. ունենք հանդիսությունների սրահ: Պատերազմական գործողությունների ժամանակ 2 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, իսկ մյուս մասը բարեկարգման կարիք ունի: Ունենք ջրի խնդիր: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- ներկայացրել է Ս. Սարգսյանը՝ նշելով, որ պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել:
Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը ասել է, որ բնակիչները շարունակում են ապրել ու արարել իրենց հայրենի գյուղում՝ մշակելով իրենց հողը: