Ծաղկաշենում նոր արտեզյան ջրհոր կկառուցվի. համայնքապետը ներկայացրել է գյուղի առօրյան

Ծաղկաշենում նոր արտեզյան ջրհոր կկառուցվի. համայնքապետը ներկայացրել է գյուղի առօրյան

ԱՀ Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն համայնքն ունի 164 բնակիչ. պատերազմից հետո բոլորը գյուղ են վերադարձել: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Ծաղկաշենի համայնքապետ Ռաֆիկ Գալստյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 6 ընտանիք՝ 26 հոգով. ևս 6 ընտանիքի մեծ սիրով կընդունենք մեր գյուղում։ Դպրոցում սովորում է 12 աշակերտ. շենքը վերանորոգման կարիք ունի:

Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ: Մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը՝ «Վալեքս» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսվել էին նոր հանդիսությունների սրահի կառուցման շինաշխատանքները, պատերազմից հետո ֆինանսավորումը դադարեցվել է, և դեռևս շենքի կառուցման աշխատանքներ չեն ընթանում:

Պատերազմական գործողությունների ժամանակ 5 տուն մասնակի վնասներ է կրել: Գյուղամիջյան ճանապարհները խճապատված են: Ունենք ջրի խնդիր, բայց մոտ օրերս, ըստ նախատեսվածի, կմեկնարկեն նոր արտեզյան ջրհորի կառուցման աշխատանքները։

Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- ներկայացրել է Ռ. Գալստյանը։ Վերջինս նշել է, որ պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, 3֊ն էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել են։ Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ համայնքապետը նշել է, որ, չնայած առկա խնդիրներին, բնակիչները շարունակում են ապրել ու արարել իրենց հայրենի գյուղում՝ զարկ տալով գյուղատնտեսությանը:

wp-apeth