Ռուսաստանը 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության 10 տոննա բեռ՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Չկալովսկի օդանավակայանի ռազմական ինքնաթիռում:
«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա հումանիտար օգնության փոխադրումը Հայաստանի Հանրապետություն: Թռիչքն անցել է սահուն, առաջադրանքը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:
Բեռը պետք է տեղափոխվի Ստեփանակերտ: Ուղարկված մարդասիրական օգնության մեջ են նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար: Հասցվել է նաև սնունդ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, էլեկտրական վառարաններ և այլ ապրանքներ: «Դրանք կտրամադրվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատ կորցրածներին, կարիքավորներին, ներքին տեղահանվածների ընտանիքներին, — ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: