Ոչնչացվել է զինամթերք․ 121 պայթուցիչ, 2 ական, 35 հրթիռ, կասետային 29 հրթիռ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Սեպտեմբերի 12-19-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 666 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է կանչերի եւ գրանցված արտակարգ դեպքերի թիվը:
Հրշեջ-փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Ամենախոշոր հրդեհը բռնկվել էր Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարեւանությամբ: Այրվել է մոտ 2 հա չոր խոտածածկ, ծառեր եւ թփուտներ: Ընդհանուր առմամբ՝ հրդեհի 4 դեպք գրանցվել է Մարտակերտում, 7-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Մարտունու, մեկը՝ Ասկերանի շրջանում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, մեկը՝ մահվան ելքով՝ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհին։ ՃՏՊ-ներից տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները բժիշկների եւ ոստիկանության ծառայողների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ:
Գրանցվել է տեխնածին բնույթի 33 եւ սոցիալ-կենցաղային 26 կանչ: Փրկարարները երեքական անգամ բացել են դուռ եւ վերելակ, տեղափոխել առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու։
Հայտնաբերվել է մեկ թունավոր օձ։ Փրկարարները սողունին տեղափոխել են անվտանգ տարածք:
Շաբաթվա ընթացքում ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը վնասազերծել են 121 պայթուցիչ, ականանետային 2 ական, 35 հրթիռ, կասետային 29 հրթիռ:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը կատարել է 5 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1668 աճյուն: