Կայացել է ԱԺ հատուկ նիստը. մասնակցել են ՀՀ խորհրդարանական խմբակցությունների պատվիրակությունները

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱՀ Ազգային ժողովը հրավիրել է հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին: «Արցախպրեսի» հաղորդմամբ՝ նիստին ելույթներով հանդես են եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ հայը պետք է տեր կանգնի իրեն բաժին հասած հայրենիքին, զինվի համբերությամբ և առաջ գնա, քանի որ պատասխանատու է սերունդների, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած զավակների հիշատակի առջև:
Արթուր Թովմասյանը բոլոր դպրոցականներին, ուսանողներին, ուսուցչական ու պրոֆեսորադասախոսական ամբողջ անձնակազմին շնորհավորեց Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի անունից շնորհավորեց բոլորին, Արցախի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
«Սեպտեմբերի 2-ին արցախցու կամքի, հաստատակամության, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու 30-ամյակն է: Հավերժ փառք այդ իրավունքը և հաստատակամությունը պաշտպանած մեր բոլոր հերոսներին և փառք Արցախում ապրողներին, ովքեր նույնքան հաստատակամ են, որքան 30 տարի առաջ. նրանց կամքը չի սասանվում», — ասաց Ռ. Ռուբինյանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ պետք է կարողանանք թոթափել մեր մեջ եղած, մեզ կաշկանդող, մեզ իրարից բաժանող բոլոր մտքերը, խառնակիչ գործընթացները, որպեսզի կարողանանք վերագտնել մեր միասնականությունը և վերականգնել հաղթանակը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ մշտապես կանգնած կլինեն արցախցու թիկունքին, քանի որ ոչ միայն նույն են ճակատագրերը, այլ նաև միևնույն՝ ազատատենչ հայի արյունն է հոսում բոլորի երակներով, ուստի արցախյան արդար դատից հետ կանգնելն անհնար է, ընկրկելը թշնամական հոխորտանքների առջև, հանձնվելը բախտի ու ոսոխի քմահաճույքին՝ բացառված: