Շարունակվում է զենք-զինամթերքի վնասազերծումը

Շարունակվում է զենք-զինամթերքի վնասազերծումը

2021 թվականի օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1341 զանգ. 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթ կատարել են 39 ելք:

Արցախում գրանցված հրդեհների մեծ մասը՝ 13 դեպք, գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում: Ասկերանում գրանցվել է 12, Մարտունիում՝ 10, Մարտակերտի շրջանում՝ 1 հրդեհ: Հրդեհի վերաբերյալ կանչեր են գրանցվել Շուշիի շրջանի անտառածածկ գոտում եւ Քաշաթաղի շրջանում: Դեռ շոգ է եւ հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում եւս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում՝ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 3 կանչ է ստացվել. Տուժել է 11 քաղաքացի: Փրկարարները՝ ոստիկանության ծառայողների եւ շտաբ բժշկական օգնության բժիշկների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: ՃՏՊ-ից զոհվածներ չկան:

Կենցաղային բնույթի 45 կանչ է գրանցվել, որից 20-ը՝ ջրամատակարարման վերաբերյալ: Փրկարարները խմելու ջուր են մատակարարել: Գրանցվել է հիվանդի տեղափոխման 5 կանչ, դռան՝ 7 եւ վերելակի բացման 2 դեպք: ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջրափրկարարները, համաձայն հիմնական միջոցառումների պլանի, անցած շաբաթ Սարսանգի ջրամբարում անցկացրել են ջրասուզական հերթական պարապմունքները:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ «The Halo trust» եւ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորների հետ շաբաթվա ընթացքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ Արցախի ողջ տարածքում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել է մեկ միավոր ավիառումբ, կասետային 3 հրթիռ եւ 2 պայթուցիչ:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով իրականացրել են 6 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1652 աճյուն:

wp-apeth