Գյումրիում կորոնավիրուսով մահվան դեպք չի արձանագրվել

Գյումրիում կորոնավիրուսով մահվան դեպք չի արձանագրվել

Կայքերից մեկում տեղեկատվություն էր ներկայացվել, որ Շիրակի մարզում 70-ամյա տղամարդ է մահացել, վերջինիս մոտ կորոնավիրուս է կասկածվել: Այդ հանգամանքով պայմանավորված Էլ` «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայում» հրաժարվել են նրան դիահերձել, մինչ բժիշկները կապահովվեն համապատասխան արտահագուստով: Հոդվածում նշված է, որ տղամարդը մահացել է «Գյումրի» ԲԿ-ում: «Ցայգ» ՀԸ «Այսօր» լրատվականին «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ տվյալ քաղաքացին ԲԿ-ում հոսպիտալացված չի եղել: Նրան բերել են Շտապբուժօգնության ավտոմեքենայով, ինչից հետո բժիշկն ուղղորդել է պոլիկլինիկա: Հիվանդին այլեւս «Գյումրի» կենտրոն չեն բերել եւ նա ոչ մի օր հիվանդանոցում չի եղել, բուժում չի ստացել:

Նշվում է, որ քաղաքացին Շիրակի մարզի Բայանդուր գյուղից է: Համայնքի ղեկավար Դավիդ Դավդյանի փոխանցմամբ` տղամարդը մահացել է տանը: Այն, որ կորոնավիրուս է կասկածվել, համայնքի ղեկավարը տեղեկություն չուներ, միայն հաղորդեց, որ ընտանիքը արտերկրից ժամանած որեւէ քաղաքացու հետ շփում չի ունեցել, իր համար էլ զարմանալի է, որ նման կասկած կա:

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի» տնօրեն Գագիկ Մարկոսյանը եւս հերքեց այն տեղեկատվությունը, որ մահացած քաղաքացու մոտ կորոնավիրուս է կասկածվել եւ նրան հրաժարվել են դիահերձում կատարել: Հարցում ուղարկվել է նաեւ պարետատուն՝ ինֆորմացիայի պարզաբանման նպատակով:

wp-apeth