Արյան դոնորի միջազգային օրն է
Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է` որպես արյան դոնորի միջազգային օր, և տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է` տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, 2020 թվականին ցուցանիշը հասել է 25000-ի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:
Հիշեցնենք, որ Արյունաբանական կենտրոնը՝ հանդիսանալով հանրապետությունում արյան պաշարների հավաքագրման և պահեստավորման լիազոր մարմին, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. Հանձնե՛ք արյուն, որ շարունակեն բաբախել սրտերը։
Հունիսի 14-ին` ժամը 9։00-13։00-ը, ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին հրավիրված են բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են և կարող են լինել այս կարևորագույն առաքելության մասնակիցը։