Ստոմատոլոգիան միրգ ու բանջարեղենի դե՞մ
Մշտապես լավ վիճակում լինելու, առողջությունը պահպանելու համար հարկ է հավասարակշռված սնունդ օգտագործել։ Տարբեր մասնագիտության բժիշկները, այդ թվում՝ դիետոլոգները, հանձնարարում են՝ որքան հնարավոր է շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, քանի որ դրանք վիտամինների ու հանքային տարրերի աղբյուր են։ Թերեւս միակ բժիշկը, որն այնքան էլ համաձայն չէ միրգ ու բանջարեղենի օգտակարության հետ, ստոմատոլոգն է։ Ահա թե ինչու։
ՇԱՔԱՐՆ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵՋ Է
Նարնջի թարմ քամած հյութը մոտ 12 կտոր շաքարին հավասար շաքար է պարունակում։ Մեկ խնձոր ուտելիս, կարելի է ասել, որ 6 կտոր շաքար ենք օգտագործել, բանան ուտելիս՝ 5 կտոր, մրգային յոգուրտ՝ 3, գազար՝ 1 կտոր շաքար։
Մանկուց շատ լավ հիշում ենք, որ շաքարը փչացնում է ատամները։ Եվ հնարավորինս սահմանափակում ենք կոնֆետների, թխվածքների, գազավորված քաղցր հյութերի ու այլ քաղցրեղենի օգտագործումը։ Սակայն շատ քչերը գիտեն, որ կարիեսի հիմնական պատճառ հանդիսացող շաքարը պարունակվում է նույնիսկ ամենաօգտակար մթերքի մեջ։ Այլ խոսքով՝ շաքարն առկա է ամեն տեսակի սննդամթերքի մեջ։
Իսկ ինչու՞ պետք է զգուշանալ շաքարից։ Որովհետև դրանից հետո բերանի խոռոչում ակտիվանում են մանրէները, որոնք ճեղքում են շաքարը՝ շաքարաթթուներ առաջացնելով։ Իսկ շաքարաթթուները քայքայում են ատամի էմալը՝ նպաստելով կարիեսի զարգացմանը։
ԱՆՎՆԱՍ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
Մի՞թե չկան այնպիսի ուտելիքներ, որոնք ատամները չեն վնասում։ Մասնագետներն ասում են, որ կան։ Դրանց թվին են պատկանում, սամիթը, մաղադանոսը, կանաչ սոխը։ Սննդի մեջ օգտագործվող կանաչեղենը հարուստ է ատամների համար օգտակար նյութերով։ Մասնավորապես՝ ֆոլաթթվով, որն օգնում է լնդերի ամրությանը։ Բացի դրանից, այս բույսերը բնական ախտահանող հատկություններ ունեն և, եթե սնվելուց հետո դրանցից մի քիչ ծամեք, ապա բերանի խոռոչում վնասակար միկրոօրգանիզմները կվերանան։
Կաթնամթերք։ Կաթնամթերքը ատամի հյուսվածքի համար օգտակար «շինանյութ»՝ կալցիում է պարունակում, որն ամրացնում է էմալը։ Ատամների համար օգտակար մթերք է համարվում նաև պանիրը, որը չեզոքացնում է շաքարաթթուները և կանխարգելում է հիվանդածին մանրէների բազմացումը։
Թարմ միրգ ու բանջարեղեն։ Չնայած դրանցից շատերը մեծ քանակությամբ շաքար են պարունակում, սակայն պինդ սնունդ ծամելն օգտակար է ատամներին։ Սա հիշելով՝ մի խուսափեք վարունգը, խնձորը և այլն, կծելով լավ ծամել, որից հետո լավ կլինի սովորական ջուր խմել։
Մեղր։ Թերևս միակ քաղցր մթերքն է, որը դրական ազդեցություն ունի ատամների վրա։ Մեղրն իր մեջ բնական նյութեր է պարունակում, որոնք մաքրում են բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից։
Ընկույզ։ Ընկուզեղենի մեջ պարունակվող հակամանրէային և հակասեպտիկ նյութերը մաքրում են բերանի խոռոչը։ Հատկապես օգտակար է հնդկական ընկույզը, իսկ նուշը նույնիսկ թեթև ցավազրկող հատկություն ունի, օգնում է վերացնել ատամնացավը։
ԲՈՒԺԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼ
Միայն մեզանից է կախված, թե այս արտահայտության մեջ որտեղ պետք է ստորակետ դնենք։ Բնականաբար, պետք չէ հասցնել նրան, որ ատամը ցավի։ Ցավն առաջանում է այն ժամանակ, երբ կարիեսը «հիմնովին» է զարգացել, և խնդիրը կարող է լուծել միայն ատամնաբույժը։ Դա կանխելու համար պետք է պահպանել բերանի խոռոչի հիգիենայի կանոնները։
Ի՞նչ է անհրաժեշտ։ Առաջին՝ ատամի ճիշտ մածուկ։ Այն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել բաղադրիչներին։ Մինչև վերջերս մասնագետները խորհուրդ էին տալիս ընտրել ֆտոր և կալցիում պարունակող մածուկները։ Համարվում էր, որ ատամի էմալի ամրությանը նպաստելով՝ հնարավոր է ատամները պաշտպանել շաքարաթթվի ազդեցությունից։ Սակայն գիտությունն այսօր ավելի է զարգացել. Ժամանակակից մածուկներում «արգինին» կոչվող բնական նյութն է պարունակվում։ Այն մարդու թքի բաղադրիչն է, մանրէասպան հատկություն ունի, պահպանում է բերանի խոռոչի pH-ը: Այդ մածուկները պարունակում են նաև կալցիում և ֆտորիդներ, որոնք անհրաժեշտ են էմալի ամրության պահպանման համար։
Ատամները պետք է մաքրել օրական 2-3 անգամ։ Ատամի խոզանակը պետք է լինի միջին կոշտության, ընդ որում՝ արհեստականն ավելի լավն է, քան բնական նյութերից պատրաստվածը։ Ատամները պետք է մաքրել խնամքով, մոտ 2 րոպե՝ առանց խիստ սեղմելու, որ էմալը չվնասվի։