Սնունդ լյարդի համար

Սնունդ լյարդի համար

Լյարդն ունի ինքնավերականգնման ապշեցուցիչ ունակություն։ Այն մշտապես ծանրաբեռնված աշխատում է, քանի որ մաքրում է օրգանիզմն ավելորդ նյութերից եւ միաժամանակ ինքնամաքրվում է։ Իհարկե, սա չի նշանակում, որ լյարդը խնամքի եւ հատկապես ճիշտ սննդի կարիք չունի։ Ընդհակառակը լյարդը շատ զգայուն է ոչ ճիշտ սննդի նկատմամբ։

ԽԵԼԱՄԻՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Առողջ մարդիկ, ովքեր սնվում են հավասարակշռված, չունեն լուրջ հիվանդություններ, վնասակար սովորություններ և կայուն են սթրեսների նկատմամբ, կարիք չունեն լյարդի հատուկ մաքրման։ Լյարդն ինքը հրաշալի կարողանում է ինքնամաքրվել և գտնվել նորմալ վիճակում։ Նույնիսկ ծանր հիվանդություններից հետո լյարդը կարողանում է բավականին արագ վերկանգնվել։ Իսկ ահա լյարդի հիվանդությունների դեպքում հարկավոր է անցնել հատուկ սննդակարգի։ Իհարկե, դա կօգնի նաև որպես կանխարգելիչ միջոց, որը հնարավորություն կտա լյարդը երկար տարիներ պահել առողջ վիճակում.

  • Սահմանափակել յուղերի քանակը: Կենդանական յուղերը փոխարինել բուսական յուղերով (կարագը, օրինակ, արևածաղկի, ձիթապտղի յուղով), որոնց քանակը օրվա ընթացքում պետք է կազմի 1-2 ճաշի գդալից ոչ ավել։
  • Շաքար պարունակող սննդամթերքները փոխարինել մրգերով, չրերով և բնական մեղրով։ Վերջիններս նույնպես պետք է օգտագործել չափի մեջ, ոչ մեծ քանակներով։ Լյարդը ակտիվ կերպով մասնակցում է ածխաջրատային նյութափոխանակությանը։ Լյարդում կուտակվում է չծախսված շաքարը գլիկոգենի ձևով, որը էներգիայի պահեստային աղբյուր է։ Օրգանիզմում շաքարի ավելցուկը վերածվում է ճարպի և կուտակվում լյարդում։
  • Հրաժարվեք գործարանային արտադրության այնպիսի սննդամթերքներից, որոնք պարունակում են տարբեր քիմիական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համի և հոտի բերալավիչներ։ Փոքր քանակներով սրանք լյարդի համար վտանգավոր չեն և օրգանիզմից հեռանում են։ Սակայն եթե առողջության հետ խնդիրներ կան, ապա ավելի լավ է լյարդին լրացուցիչ ծանրաբեռնվածություն չտալ։
  • Լյարդը չի սիրում քաղցածությունը։ Բանն այն է, որ երկար ժամանակ քաղցած մնալիս սննդանյութերի և ենթամաշկային ճարպաշերտերի քայքայումը առաջացնում են շատ թունավոր նյութեր, որոնք աղտոտում և ախտահարում են լյարդը։
  • Բացառեք, հրաժարվեք երշիկներից, յուղոտ մսից, պահածոներից, ապուխտներից: Միաժամանակ ուշադիր եղեք, որ սննդում չառաջանա սպիտակուցային քաղց: Օգտագործեք կաթնաշոռ, կաթնաթթվային մթերքներ՝ մածուն, կեֆիր 2-5 %-ից ոչ ավել յուղայնությամբ, անյուղ միս խաշած վիճակում, անյուղ ձուկ, ինչպես նաև լոբի, ոսպ, շիլաներ։

ԼՅԱՐԴԸ ՍԻՐՈՒՄ Է ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ
Լյարդի համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ եք ուտում, այլ նաև այն, թե ինչպես եք սնվում։ Լյարդը սիրում է կարգուկանոն և չափավորություն ամեն ինչում։

  • Սնունդն ընդունեք քիչ-քիչ, քանի որ օրգանիզմն ավելի լավ է յուրացնում սննդի փոքր չափաքանակները։
  • Սնվեք ճիշտ նույն ժամերին, օրը 4-5 անգամ։ Սննդի ռեժիմի շնորհիվ լյարդը հավասարաչափ է լեղի արտադրում և չի ենթարկվում կտրուկ գերծանրաբեռնվածության՝ կապված ընդունվող սննդի չափաքանակի հետ։
  • Քնելուց առաջ կուշտ մի կերեք։ Օրվա ընթացքում սննդի ընդունման վերջին ժամը պետք է լինի քնելուց 3 ժամ առաջ։ Գիշերը լյարդը զբաղվում է ամբողջ օրգանիզմը մաքրելով, և ավելորդ ծանրաբեռնվածություն պետք չէ։ Բացի այդ, եթե դուք քնում եք աջ կողքի վրա, լիքը ստամոքսը ճնշում է լյարդին, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում նրա աշխատանքի վրա։
  • Սնունդն ընդունեք ճիշտ հաջորդականությամբ։ Սկզբում ընդունեք լյարդի համար հեշտ մարսվող սնունդ, հետո՝ ավելի ծանրը։ Օրինակ՝ հում բանջարեղենից պատրաստված աղցան, հետո տաք մսային ճաշատեսակներ։
  • Ճաշատեսակներն օգտակար են, եթե պատրաստվում են գոլորշու վրա կամ շոգեխաշում են։ Տապակելիս առաջանում են նյութեր, որոնք գրգռում են լյարդը, ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթը։

ԵՐԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԹԵՐՔՆԵՐԸ
Մեր կողմից օգտագործվող սննդամթերքների ցանկում կան 3-ը, որոնք հատկապես դուր են գալիս լյարդին։ Դրանք նպաստում են լյարդի վերականգնմանը և օգնում են մաքրել օրգանիզմը: Եթե այս սննդամթերքներն օգտագործվեն ճիշտ և կանոնավոր, ապա լյարդի լրացուցիչ մաքրման կարիք չի լինի:

Դդում։ Միջուկը հարուստ է բջջանյութով և պեկտինային նյութերով, որոնք նպաստում են թույների, ավելորդ նյութերի հեռացմանը։ Դդումից պատրաստված կերակրատեսակները շատ հարուստ են վիտամիններով, որոնք օգնում են տարած հիվանդություններից կամ երկարատև դեղորայքային բուժումից հետո վերականգնել լյարդի բջիջները։ Դդումի երկարատև օգտագործումը կանխում է լեղաքարային հիվանդությունը։ Լյարդի համար շատ օգտակար է ջեռոցում պատրաստված դդումը, հատկապես եթե դրան ավելացնեք խնձոր կամ համեմեք կոճապղպեղով, դարչինով կամ մանանեխով։

Ծիրանաչիր։ Օգտակար նյութերով իր հավասարը չունի այլ կորիզավոր մրգերի մեջ։ Ծիրանաչիրն ունի լյարդին անհրաժեշտ բոլոր վիտամինները, հարուստ է պեկտինային նյութերով, բջջանյութով, հակաօքսիդանտներով և օրգանական թթուներով։ Ծիրանաչրի ֆենոլային միացությունները բարենպաստ ազդեցություն ունեն ճարպային նյութափոխանակության վրա, նվազեցնում են «վտանգավոր» խոլեսթերինի քանակը՝ այդպիսով լյարդը պահպանելով ճարպակալումից։ Բացի այդ ծիրանաչիրը նաև քաղցրավենիք է և քանի որ լյարդի խնդիրների դեպքում թխվածքները, կոնֆետները, կաթնային շոկոլադը և այլ քաղցրեղենները հակացուցված են, այն ամբողջովին կարող է փոխարինել քաղցրավենիքին։ Ծիրանաչիր ընտրելիս ուշադրություն դարձրեք հետևյալին՝ օգտակար է համարվում ոչ թե նարնջագույն, այլ մուգ կարմրավուն, պինդ և ոչ թե շատ փափուկ չիրը։ Բուժական նպատակներով պետք է ընտրել ոչ փայլուն պտուղները։

Վարսակ։ Հատկապես վարսակի ամբողջական հատիկները առանձնանում են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների օպտիմալ հարաբերակցությամբ։ Պարունակում են նաև վիտամիններ, օգտակար ճարպաթթուներ և օրգանական թթուներ։ Վարսակի եփուկը պարուրում է աղիների պատերը, ինչի շնորհիվ նպաստում է աղիների գործունեության լավացմանը և նվազեցնում է ծանրաբեռնվածությունը լյարդի վրա։ Օգտակար է նաև վարսակից պատրաստված կիսելը։

ԼՅԱՐԴԸ ՄԱՔՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Լյարդը մաքրելու համար չարժե օգտագործել շատ ուժեղ միջոցներ, օրինակ՝ բուսական յուղը կիտրոնի հյութով։ Ցանկալի է ընտրել առավել թեթև միջոցներ։ Օրինակ՝ լյարդի փափուկ մաքրում բազուկի միջոցով։ Դրա համար օգտագործվում է բազուկի կվասը։ Մինչ կսկսեք լյարդի մաքրումը, անցեք բուսական սննդի՝ օգտագործեք թարմ մրգեր և եփած բանջարեղեն։ Այդ ընթացքում արգելվում են հացամթերքները, խմորեղենը, աղը, շաքարը։

Բազուկի կվասը պատրաստվում է այսպես. վերցնել 3 միջին չափսի բազուկ, կտրտել խորանարդիկներով, լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել 2 ճ/գ ալյուր և 2 ճ/գ շաքարավազ, լցնել ջուր բանկայի չափով։ Բանկայի պարունակությունը օրը 2 անգամ թափահարել, պահել տաք տեղում։ 2 օր անց բանկայի մեջ 700 գրամ չամիչ (անհրաժեշտության դեպքում ավելացրեք ջուր), 2 ճ/գ շաքարավազ։ Կվասը թողնել տաք տեղ ևս 7 օր (չմոռանաք ամեն օր խառնել), որից հետո քամել։
Ընդունել օրը 3 անգամ 1-ական ճ/գ. ուտելուց 30 րոպե առաջ:

Մաքրման կուրսի համար, որը կարելի է կատարել տարին 2 անգամ, անհրաժեշտ կլինի 3 լիտր կվաս:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. — Այս մեթոդը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի, աղիների խոցային հիվանդությունների դեպքերում։

wpn-zarhing