Գյուղատնտեսության վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, թե գյուղատնտեսության պլանային զարգացում

Գյուղատնտեսության վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, թե գյուղատնտեսության պլանային զարգացում

Հետևելով նրան, թե վերջին տասը տարիների ընթացքում ինչքան է խոսվում գյուղատնտեսությանն օգնելու, զարգացնելու մասին և ինչ գործիքներ են օգտագործվում այդ պրոցեսների համար, քանի-քանի դեպքեր են եղել, որ ավելի շատ քննադատվել են այդ ոլորտի կրողները, բայց ականատեսն ենք նրան, որ ֆերմերները ամեն տարի առնչվում են նույն խնդիրներին: Այդ խնդիրները կապված են ինչպես արտաքին երևույթների, այնպես էլ հենց իրենց կողմից տնտեսության ոչ ճիշտ վարման հետ:

Սխալ կլինի ասել, թե այս ամբողջ խնդիրներն սկսեցին առաջանալ հողի համատարած սեփականաշնորհումից հետո: Դրանք ավելի խորն են և դեռևս ԽՍՀՄ-ից են գալիս։ Գոյություն ունեին Խորհրդային Տնեսություններ (СовХоз), որտեղ գյուղացու աշխատանքը հավասերացված էր գործարանի բանվորի աշխատանքին, կարճ ասած՝ նրանք աշխատում էին ժամավճարի դիմաց, բայց դե պլանային ցուցանիշները ապահովում էին, ստանում էին նաև պարգևատրումներ: Այս արատավոր համակարգի թերություններից մեկն էլ այն էր, որ ֆինանսավորումը միշտ կար և աշխատող մարդը աշխատում էր, իսկ գլուխ պահողը՝ միշտ փախնում աշխատանքից: «Գյուղ-տեղում» էլ շատ ժամանակ դրանց մասին բարձրաձայնելը այդքան էլ ընդունված չէր: Տարիքով մարդիկ կհիշեն ինչպես էին ցանքի և բերքահավաքի ժամանակ դեպի գյուղ արշավ կազմակերպվում (հայտնի на картошку արտահայտությունը): Այդ պրոցեսին անմասն չէին մնում նաև ուսանողական ամառային ջոկատները: Ինձ այդ տարիներին որպես պիոներ (պիոներական ճամբարից, օգնություն մոտակա գյուղի աշխատանքներին) բախտ վիճակվեց մասնակցել շաքարի ճակընդեղի քաղհանին: Ասեմ, որ այդ տնտեսության «բախտը» մեր կտրվածքով չբերեց: Մենք՝ անհոգ պատանիներ, ոչ թե ճակընդեղին ազատեցինք մոլախոտից, այլ մոլախոտը ճակընդեղից: Պատճառը՝ մեզ բոլորիս հետաքրքրում էր շաքարի ճակընդեղի համը: Այս տնտեսություններին խորթ չէր նաև խորհրդային արատավոր մյուս երևույթը, ինչ-որ բան տուն տանելու կտրվածքով: Պրպտող, աշխատող գյուղացին օգտվում էր ինչպես սեփական այգու և բանջարանոցի բարիքներից, այնպես էլ Խորհրդային Տնտեսության (ԽՏ) բարիքներից, բոլորը միասին վաճառելով կոլտնտեսային շուկաներում: Հիմնականում շուկաներում լինում էր հատընտիր ապրանք, ի տարբերության պետական պտուղ-բանջարեղային խանութների:

Եվ այսպես, այս միշտ ֆինանսավորման սպասող կարճ ասած պետական կառույցները առաջինը մասնավորեցվեցին: Այն գյուղացին, որ միշտ սովոր էր իր աշխատանքով բերք ու բարիք ստեղծել, շարունակեց, ոմանք էլ ընդլայնեցին իրենց տնտեսությունները հողային աշխատանքներից հեռու ֆերմերների վաճառված հողատարածքների հաշվին: Այս ամենի հետ զուգահեռ գյուղացիների մոտ խնդիրները միշտ ավելանում էին: Չկար միասնական մատակարար բոլոր հնարավոր միջոցների համար, որը չէր խաթարի նորմալ տնտեսություն վարելուն, այնպես էլ գիտելիքի բազա արագ փոփոխվող ու զարգացող տեխնոլոգիաների համար: Քանի-որ շատերի մոտ հոգեբանորեն նստած էր, որ պետությունը անընդհատ իրենց պետք է օգնի բոլոր հարցերում և ամենակարևոր հարցում` ստացված բերքի իրացման խնդրում: Սակավ բերքի տարին, կարող է սխալվեմ, ֆերմերի համար ամենալավն էր: Բարձր գին և արագ իրացում: Սակայն կարող էր այդ ամենը չծածկեր նրա բոլոր ծախսերը և դժվարացներ հաջորդ տարվա աշխատանքները սկսելու համար: Սրանց համար պետք էին լրացուցիչ ռեսուրսներ: Ֆինանսական կառույցներից մինչ 1996թ-ը քչերն էին համարձակվում այս ոլորտ մուտք գործել, մի հատ էլ լայնածավալ վարկավորում անեին: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլի բանկի (Հայգյուղփոխբանկի) մուտքը ինչ-որ աշխուժություն մտցրեց գյուղատնտեսական ոլորտի վարկավորման դաշտում և արդեն տարբեր արտասահմանյան հիմնադրամներ իրենց գյուղատնտեսական զարգացման ծրագրերի հետ մեկտեղ սկսեցին կիրառել նաև վարկավորման ծրագրեր: Արդյունքն այն էր, որ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների առկայությունը փակեց առկա բացը, բայց սա լուծումներից մեկն էր գյուղացու բազմաթիվ խնդիրներին:

Ասենք, որ արդեն չկար ԽՍՀՄ-ի մոտեցումը, բոլորս դեպի գյուղ, օգնելու մեր գյուղի աշխատավորներին: Նրանք մնացածի հետ դիտվում էին մի հարթությունում: Աշխատիր և վաստակիր քո եկամուտը: Այս ամենի մեջ ֆերմերների համար խորանում էր կանխիկի հարցը: Շատ դեպքերում (մինչ 2000 թվականի սկիզբը) բերքի իրացումը լինում էր ապրանքափոխանակության տեսքով: Ոչ բոլորն էին կարողանում իրենց բերքը հասցնել շուկաներ, կամ մթերողներին: Վերջիններս այլ խնդիր էին: ԽՍՀՄ-ից մնացել էր մեկ գնորդի հոգեբանությունը, այսինքն պետությունը գնում էր ամբողջ բերքը, մթերող կազմակերպության, թե պտուղբանջարեղենի վաճառքի ցանցի խանութների կամ արտահանում կազմակերպելու տեսքով: Վճարողը մեկն էր` պետությունը: Հիմա դրանք տարբեր էին, իրենց պահանջներով և ռիսկերով: նախնական փուլում գյուղացին բերքը հանձնելով մթերողներին (իհարկե մի շարք բացառություններով և սկզբնական փուլում) նրանք փողի դիմաց լավագույնը ստանում էին այդ կազմակերպության արտադրանք որպես օրինակ 20 շիշ, 0.5 լ օղի կամ 45 տարա տոմատի մածուկ: Գյուղացու ավելացող պահանջները պետության հանդեպ անընդհատ շարունակվելու է, որը պետք է իրացնի իր բերքը, ավելցուկ բերքն ինչ անեն, ոռոգման ջուրը նորմալ չի մատակարարվում, որի պատճառով վճարումներն էլ խնդիրներով են կատարվում, հողերը չեն մշակվում, հարկերը չեն վճարվում և այսպես կարելի շարունակել: Ավարտելով խնդիրները ասեմ, որ տարի չկա մի բնական խնդիր չլինի, կարկուտի կամ ջրհեղեղի տեսքով` ավելի խորացնելով դրանք:

Ես արդեն նշեցի, որ 1995-ից սկսվեց գյուղացիական տնտեսությունների վարկավորումը: Ֆինանսավորում ասելն այստեղ սխալ կլինի: Միջոցները տրամադրվում էին վերադարձելիության և տոկոսի վճարման պայմանով՝ վարկավորում: Այդ ոլորտ սկսեց հոսել դրամական միջոցներ: Գյուղացիները սկսեցին բողոքել արդեն իրենց պատուհասած ևս մեկ աղետի մասին՝ ֆինանսական կառույցների բարձր տոկոսներից․«Աշխատանքի արդյունքները ամբողջությամբ գնում են ֆինանսական կառույցներին» կարգախոսով: Այս աղետին որպես դարման պետությունը ներմուծեց նոր գործիք գյուղատնտեսական ոլորտի համար, գյուղատնտեսական վարկերի տոկոսների պետական սուբսիդավորում: (Ամեն խնդիր լուծվում էր յուրովի, նույնիսկ միջամտություն բերք մթերող կազմակերպությունների կողմից մթերման գների և ծավալների որոշման նկատմամբ: Այս մեջբերումը ներկայացրեցի, որպեսզի բոլոր բերած խնդիրներին անհատապես չանդրադառնամ): 2008թ-ին կառավարությունը որոշեց փորձնական 3 տարածքային համայնքներում` Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի կիրառել սուբսիդավորման գործաընթացը, հասկանալու փոքր ծավալով ինչպես է այն աշխատում: Ծրագիրը նախատեսված էր առնվազն 5 տարի և պետությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորելու էր գյուղացիների կողմից ստացված վարկերի, ծրագրի շրջանակներում, տոկոսների մի մասը: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից ծախսվելու էր 212 մլն դրամ: Նոր գործիքի աշխատանքը դրական գնահատվեց և կառավարութունը 2011թ.-ին առաջ քաշեց ավելի լայնամասշտաբ ծրագիր ամբողջ հանրապետության կտրվածքով, որոշակի տարբերակումով, ինչպես նաև ճյուղային առանձնահատկության պահանջով: 2011-2017թթ-ին կառավարության հաստատած ծրագրով ծախսվել է 5.1 մլրդ դրամ, 2018թ.-ին 0.5 մլրդ, իսկ 2019թ-ին նախատեսվում էր ծախսել 2.2 մլրդ դրամ: 2020թ-ին այն ավելի մեծ մասշտաբ կկազմի կապված համավարակի հետ:

Ինչ խոսք նմանատիպ գործիքը օգնություն է գյուղացուն հնարավորինս մատչելի ռեսուրս ունենալու կտրվածքով, աշխատանքները մատչելի կազմակերպելու համար, բայց արդյո՞ք արդյունավետ է այն: Դիտարկենք մի քանի ուղղություններ: Կառավարությունը սահմանել է տարածաշրջաններ` իրենց սուբսիդավորման դրույքով, ճյուղայնության նպատակահարմարությամբ (պետության տեսանկյունից զարգացման համար անհրաժեշտ ճյուղերը): Ծրագիրը շատ է ընդլայնված, ընդհուպ ֆինանսական պրոդուկտի նկարագրությունը` գումարների սահմանաչափը, տոկոսադրույքի վերին սահմանը, մարման պահանջները, լրացուցիչ վճարների նկարագիրը և այլն: Այս ծրագրի նման կա նաև այլ սուբսիդավորման նախագծեր այլ ոլորտների համար, ասենք օրինակ «Բնակարան երիտասարդների» հիպոթեքային վարկավորման ծրագիրը, որին հետո կանդրադառնամ օրինակ ներկայացնելու համար: Այս բոլոր սահմանափակումներով հանդերձ, ծրագրին կարող են միանալ բոլոր ֆինանսական կառույցները, որոնք պատրաստ են տրամադրել կառավարության ծրագրով սահմաված գյուղատնտեսական վարկերը: Այստեղ գալիս է կարևոր հարցը. վարկավորումը կատարում է ֆինանսական կառույցը իր ռիսկով և որոշմամբ: Պարզ ներկայացնելու համար վարկառուի կողմից պարտավորության չմարման ռիսկը կրում է ֆինանսական կառույցը, ինչպես նաև ֆինանսական կառույցից հետ է կանչվում մինչ այդ տրված սուբսիդավորված գումարը, այն է պետության կողմից վարկառուի համար վճարված տոկոսները: Ակնհայտ է, որ պետությունը միջամտելով մասնավորի բիզնես գործունեության մեջ, սահմանափակում է նրա ստանձնած ռիսկի դիմաց համապատասխան փոխհատուցում ստանալը: Շուկայում կատարվում է վարկերի (ես մտածված չեմ գրել գյուղատնտեսական) տոկոսադրույքների արհեստական իջեցում միայն մարզերում, Երևանը այս ծրագրին ուղղակի մասնակցություն չունի, ընդհուպ մինչև 0 տոկոս:

Այստեղ արդեն բացեմ առանձնահատկություններն ու «Բնակարան երիտասարդ» ծրագրի մեջբերումը: Վերջինիս դեպքում, ով էլ վերցնի «Բնակարան երիտասարդ» ծրագրով վարկը նրա նպատակայնությունը չի կորում: Այսինքն ի վերջո ձեռք է բերվում անշարժ գույք: Մեր նկարագրած ծրագրով բոլոր տեսակի ֆերմերային տնտեսություններին տրամադվող տոկոսների սուբսիդարվող վարկերի (բացառությամբ ֆինանսական լիզինգի և մթերողներին տրամադրավողների (այս մեկին նպատակայնությունը խառնելը մի քիչ դժվար է, շահառուների քանակը շատ է, ծրագրի առանձնահատկությունից ելնելով)) նպատակայնությունը արդեն կորում է մարդու այդ պահին առաջացած պահանջներից: Ես իմ աշխատանքային փորձից եմ հիշում, որ դեռևս 2000-ականների սկզբին ֆերմերները ունենալով համապատասխան աշխատանքային և արտադրական ռեսուրսներ, ֆինանսական կառույցներից վարկային ռեսուրս պահանջելով, նշում էին միջոցի օգտագործման իրական նպատակը, որոնք սպառողականից ոչնչով չէին տարբերվում: Գյուղատնտեսական վարկերը գրավիչ էին ինչպես սեզոնայյին վճարումների հնարավորությամբ, այնպես էլ տոկոսադրույքների ոչ բարձր լինելով: Առավել ևս լինելով հավատարիմ հաճախորդ օգտվում էր որոշակի առավելություններից, իսկ նույն պահին գործող սպառողական վարկերը իրենց պայմաններով ավելի խիստ էին: Մերժման դեպքում այն կարող էր վաճառել իր կարողությունները, ունենալ դժվարություններ հետագա վճարումների հետ, քանի որ նախկին վարկից դեռևս ուներ մնացորդ և այլ խնդիրներ: Ի վերջո հաճախորդը կատարում էր պայմանագրում նշած ծրագիրը, հիմնականում իր ռեսուրսների հաշվին, մի քիչ էլ օգտագործելով ներգրավված ռեսուրսը, և օգտվում իր այլ սպառողական կարիքների համար ներգրավված մատչելի ռեսուրսից: Այս դրվագում ներկայացրեցի ազնիվ հաճախորդի կերպարը, որոնց «ձեռք էին առնում» այլ կատեգորիա հաճախորդներ: Վերջիներս չունենալով ոչինչ, կեղծ ինֆորմացիա ներկայացնելով, նրանք ոչ միայն ծրագիրը չէին իրականացնում, այլև ունենում էին խնդիրներ պարտավորությունը մարելու ժամանակ: Նրանք եկամուտ չէին ստեղծում որտեղից կարողանային մարել վարկը:

Այս երկու տարբեր իրավիճակները ներկայացրի, որպեսզի ավելի պարզ լինի, թե որքան շատացել են «գրագետ» բողոքավորները ֆինանսական կառույցների դեմ, այնքան էլ շատացել են այդ կառույցներից «գրագետ» ձևով օգտվողները: Նրանք հասկացել են, որ պարզություն պետք չէ, գիտեն ինչպես իրենց տնտեսությունը ներկայացնեն, որպեսզի վերցնեն համապատասխան վարկեր: Մինչդեռ լավ կլինի, որ ֆինանսական միջոցները մնան նույն համայնքում ու ծառայեն այդ վարկառուին նույնիսկ սպառողական նպատակով: Այնուամենայնիվ մեր ազգի բարեկամասեր բնավորությունը հաշվի առնելով` ես չեմ զարմանա, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրով վարկային միջոցները ծառայեն վերավարկավորման գործընթացի ասենք հիպոթեքային կամ այլ սպառողական վարկի և մինչև հարյուր տոկոսով սուբսիդավորեն այդ վարկերը: Այս գործընթացը խաթարում է ամբողջ ֆինանսական շուկան: Շուկայում առաջարկ է ձևավորվում 0-7 տոկոսով վարկերի: Չհետևելով այս պրոցեսին լրջորեն, այլ դիտարկել միայն վիճակագրական տվյալները, մենք կունենանք բարձր կատարողական, ոչ թե արդյունավետ օգտագործում: Ինչպես նաև այս գործիքը շատ ֆինանսական կառույցների համար դարձավ շուկայում հաճախորդ ներգրավվելու գրավիչ հնարավորություն: Այստեղ բացեմ փակագիծը: Հոդվածում արդեն նշել ենք, որ վարկերը տրամադրվում են ֆինանսական կառույցի ռիսկով և ավելացնեմ միջոցների ֆինանսավորման աղբյուրի ընտրությունն էլ է ֆինանսական կառույցինը, որը պետությունից ուղղակի ֆինանսավորում չի ստանում վարկ տալու համար:

Կառույցը հաճախորդին առաջարկում է այդ ծրագրին մասնակցություն, պայմանով: Այդ պայմանները կարող են լինել բազմապիսի, որովհետև այս վարկերը, ինչպես նշել էինք վերևում, որևէ լրացուցիչ վճար չեն պահանջում, բացի գրավադրման հետ կապված գործարքների վճարներից: Տարբերությունն արդեն հասկանալի դարձավ այլ գործող ծրագրերից, նպատակայնության կորուստ, բայց ի՞նչ աստիճան՝ դա արդեն պետական պատկան մարմինները պետք է ասեն: Այս խառը վիճակից խուսափելու համար պետությունը պետք է անհատական սուբսիդավորի այս վարկերի տոկոսները, չսահմանափակելով տոկոսադրույքի վերին սահմանը: Ֆինանսական կառույցը լավ և լավագույն հաճախորդներին չկորցնելու համար երբևիցե շատ բարձր տոկոսներով չի վարկավորում, շուկան չի խաթարվի կեղծ ցածր տոկոսներից, սուբսիդիան կլինի նպատակային: Եթե կառավարությունը կարողանում է եկամտային հարկով հիպոթեքային վարկի տոկոսը սուբսիդավորի, ապա սա էլ դժվարություն չի լինելու:

Գոյություն ունեն մարզային գյուղատնտեսական կառույցներ, որոնք այս ծրագրի դասընթացներն են կազմակերպում: Ֆերմերը դասընթացից հետո դիմում է ֆինանսական կառույց համապատասխան ծրագրով ստանալով վարկը: Ծրագրի իրագործման ժամանակ արդեն պետք է դիմի դասընթաց կազմակերպող մարզային կառույցին (կամ այլ լիազորված պետական մարմնի), որը կստուգի համապատասխանությունը ծրագրի պայմանների հետ և կգրանցի տվյալ վարկը որպես սուբսիդավորվող: Վճարված տոկոսի սուբսիդավորվող մասը. նույն մեխանիզմով ինչ եկամտային հարկի դեպքում է, կտրվի վարկառուին, այլ ոչ բանկին: Ի տարբերություն եկամտային հարկի, որի ինֆորմացիան տրամադրում է ՊԵԿ-ը, ապա այս ինֆորմացիայի աղբյուրը կլինի ֆինանսական կառույցը: Սա տոկոսադրույքի նպատակային սուբսիդավորման մասին, բայց ես կուզեի այլ ուղղություն տալ, հարկատուների գումարը արդյունավետ օգտագործելու, քան հազար ու մի ծրագիր մտածել պետության կողմից բոլոր վարկառուների տոկոսները սուբսիդավորելու համար: Այստեղ արդեն խտրականություն է գնում, սովորական քաղաքացին ինչ անի, որ արդեն բնակարան ունի և գյուղում էլ հող չի մշակում, բայց պետությանը բարձր հարկեր է մուծում:

Ընթերցելով տարբեր երկրների գյուղատնտեսության սուբսիդավորման ծարագրերը հանգում ես այն եզրահանգման, որ հիմնականում սուբսիդավորում են ագրոնոմիայով զբաղվող մարդկանց վերջնական արդյունքը, այլ ոչ թե պրոցեսը: Կարող են լինել հակափաստարկներ, թե ներկայացված երկրները հարուստ են, տարիների փորձը և այլն: Խոսքս չի վերաբերվում գումարային համեմատության, կամ ՀՆԱ-ի հետ տոկոսային համադրության մասին, այլ միմիայն արդյունավետության մասին: Սկզբում ես անդրադարձել էի մինչ օրս գյուղատնտեսական մթերք, կամ կարճ ասած սննդամթերք արտադրողի գլխավոր խնդրին: Դա այդ արտադրանքի իրացումն է: Դե հիմա ասեմ, տեսականորեն գյուղացին 0 տոկոսով 20 մլն դրամ վարկ է վերցնում, որը պետք է մարի երեք տարվա մեջ մեկ երրորդի սկզբունքով, ստանում է որպես օրինակ 500 տոնա կարտոֆիլ, որի սխալ պահեստավորման պատճառով կորցնում բերքի 90 տոկոսը: Նա ունի պարտավորություն բերքահավաքը, պահեստավորումը կատարող բանվորների հանդեպ, չունի սերմացու հաջորդ տարվա համար, ամբողջ գումարը գնացել էր կարտոֆիլի մշակման պրոցեսը կազմակերպելուն: Ընտանիքն էլ ունի պարտքեր, որոնք պետք է մարվեին կարտոֆիլի իրացումից հետո: Հաշվարկներից պարզ է դառնում, որ ֆերմերը կամ պետք է նոր ավելի ծանր պարտավորություն ստանձնի բիզնեսը շարունակելու համար, կամ դառնա անվճարունակ: Սա չստացված բերքի օրինակն է, կա և հակառակ կողմը այն չիրացնելը: Այս երկու օրինակը ցույց է տալիս, որ կարևորը ոչ թե պրոցեսն է պետք օժանդակել, այլ գյուղմթերք արտադրելու առանձնահատկությունից ելնելով վերջնական արդյունքը, գյուղ մթերքը հավերժ կյանք չունի:

Ներկայացնեմ դրանցից մի քանիսը: Առաջին շատ չարչարկված թեմա է: Գյուղատնտեսության ապահովվագրությունը: Այդ վարկերի տոկոսների սուբսիդավորման փոխարեն թող ապահովվագրեն բերքի կորստյան պատճառով պարտավորության մարումը: Դա կարող են սուբսիդավորել, մի մասը պետությունը, մյուսը շահառուն: Պետական պատկան մարմիններում տարիներով աշխատած շատ լավ կադրեր կան, որոնք տեղյակ են ամեն մշակույթի բերքատվության ցուցանիշներից: Ֆերմերը, եթե բնական աղետների ժամանակ կորուստ է կրել, ապա փոխհատուցեն չստացված բերքը միջին շուկայական գնով: Ապահովվագրության ինստիտուտի առաջին արդյունքները ստանալուց հետո կարելի է քայլ առ քայլ այն դարձնել պարտադիր, միաժամանակ պակասեցնելով պետության մասնաբաժինը: Նույն կերպ կարելի է ապահովագրել նաև ոչ վարկառու ֆերմերների բերքը, պետության մասնակցությամբ, նրանց փրկելով մեծ կորուստներից:

Մյուս կարևոր հանգամանքը դա արդեն բերքի գնումն է պետության կողմից: Երկար տարիներ միշտ ականատես ենք լինում երբ պետական այրերը միայն կարգադրություններ են տալիս տարբեր բիզնես կառույցների, որ չնեղացնեն գյուղացիներին և մթերեն նրանց ամբողջ ներկայացրածը: Արդյունքում լինում են ավել մթերված և ավել արտադրաված պահածոններ, որը ոչ մեկին պետք չէ, ինչն էլ հանգեցնում է շուկայում ևս մեկ վերամշակողի պակասելուն: Արդյունքը գյուղացին մեկ մթերողի հանդեպ էլ չի բողոքի: Սա շատ բարդ և խճճված իրավիճակ է, որին պետք է համակարգային լուծում: Ուղղակի այստեղ պետության դերը կայանալու է նրանում, որ սկզբնական շրջանում նա լինելու է հիմնական գնորդ այն դեպքերում, երբ պտուղ և բանջարեղեն մթերող կազմակերպությունների հետ ֆերմերները չունեն նախօրոք կնքված պայմանագրեր: Հարց կլինի բա քաոսային վիճակ կլինի, բոլորը ինչ չկարողանան վաճառել կներկայացնեն պետությանը, նոր սոցիալական խնդիրներ կլինեն: Այստեղ է, որ կարևորվում է պետության դերը: Նորից ապավինելով բարձրակարգ մասնագետներին, որոնք կարող են պատրաստել այն ծարագիրը, որով կկարգավորվի պետական պատվերը, ավելի մատչելի լինելու համար, թե որտեղ կարող են համապատասխան գյուղմթերքը ավելի արդյունավետ արտադրել և ինչ պայմաններով: Կոնկրետ պետական պատվերներ իջեցվեն և դրանով կլուծվի ինչպես պարենի անվտանգության խնդիրը, այնպես էլ գյուղացու ապրանքի իրացումը: Ընդհանրապես այստեղ դեռ շատ աշխատանք կա գյուղմթերքի արտադրության արդյունավետության և որակի պահանջներին համապատասխան մշակմանը: Ծանոթանալով արտասահմանյան երկրներում տարբեր մթերողների պահանջին և մեր շատ ֆերմերի վերաբերմունքը դրան, մենք այստեղ շատ խնդիրներ ունենք այն բնական հունի բերելուն: Դա կարելի է կազմակերպել պետական մակարդակով, նրանց կրթելով գիտակցաբար մոտենալ իր ապրանքի որակին: Այս հարցը բոլորին չի վերաբերվում, գրագետ տնտեսվարողը միշտ ուշադիր է դրանց պահպանմանը, որպեսզի իր բիզնեսը խոչընդոտների չհանդիպի: Դրանք այն ԽՏ-ների աշխատակիցներն էին, որոնք և իր ապրանքն էր կոլտնտեսային շուկայում վաճառում և ԽՏ-ի:

Եվ երրորդ շատ ցավոտ թեման դա հարկային թեման է: Եթե երկրորդ ծարագրի մասով, պետությունը գնված մթերքը պետք է սպառի պետական տարբեր տեսակի ծրագրերի իրագործման վրա, կամ վաճառի մթերողներին կամ արտահանի ու դրանց դիմաց ստանա փոխհատուցում, ապա առաջին ծրագրի ֆինանսավորման համար, միջոցներ կարող են գոյանալ, գյուղատնտեսությանը քայլ առ քայլ հարկային դաշտ բերելով: Տարիներ շարունակ և դա կարող է շարունակվել միգուցե մինչև 2030թ-ը, Հայաստանում գյուղմթերք արտադրողները, ոչ վերամշակողները, ազատված են հիմնական հարկեր վճարելուց (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ): Սա հետաքրքիր քաղաքակնություն է. «ես ձեզնից հարկ չեմ ուզում, ինձնից աշխատեք շատ բան չուզել»: 2018թ-ի նոր իշխանության ներկայացուցիչները այլ մի հետաքրքիր բաց գտան կապված մեծ խանութների կողմից գյուղացիներից մթերք առնելու և վաճառելու գործընթացում, երբ խանութը ֆիզիկական անձից գնված ապրանքը իրացնելուց (մեր բոլոր ֆերմերները, ունենալով բիզնես գործունեություն, չունեն ոչ մի գրանցում, մի ժամանակ փորձ արվեց, ինչ որ կարգավիճակ տալ նրանց, բայց դա էլ բացառեցին) պետք է կիրառի լրացուցիչ հարկեր, որն էլ արհեստականորեն թանկացնում է ապրանքի գինը և պատճառ հանդիսանում խոշոր գնորդին հրաժարվելու այդ գործընթացից: Սա իր հերթին բերելու էր շղթայի մյուս մասի բողոքին: Հարցին արագ լուծում գտնվեց, հայտնված խնդրին լուծում տվեցին:

Այդ ժամանակ հետաքրքիր հարց բարձրացավ, որ գյուղմթերքի շղթան ազատել ԱԱՀ-ից, որի պատասխան էլ ՊԵԿ-ի պաշտոնյանները արագ գտան, որ նույն տեսակի ապրանքից, նաև ներկրվում է, դրա դեպքում կկորցնենք դրա հարկումից: Եվ այսպես մենք ունենք ոլորտ, որը բաղկացած է հիմնականում ֆիզիկական անձանցից, որոնց շրջանառության ծավալը չի գերազանցում 115 մլն-ը (ո՞վ է կարող ստուգել, շրջանառության մեծ մասը կանխիկ է), շահութահարկի և եկամտահարկի մասն էլ ամրագրված է օրենքով: Հարց․ երբ գա նրանց ծերության կամ աշխատանքային թոշակի տարիքը, այդ ո՞ր միջոցներից դա պետք է վճարվի: Այստեղ պետք է կիրառվի ուրիշ հարկային դրույք, ավելի ցածր քան գործող բոլոր հարկատեսակներն են, որի մեջ լինեն նաև թոշակային կոմպոնենտը: Բոլոր տեսակի վաճառքները հասցնել թափանցիկության աստիճան, խանութներին արտոնություն տալ այդ գնումները կիրառելու համար, որոնք պարտավոր են կատարել այդ հարկումը, որպես հարկային գործակալ:

Գյուղմթերք արտադրողներին տարբերակել, չսահմանել նրանց համար շրջանառության առավելագույն շեմ, այլ տարբերակված հարկում: Խանութներին նաև պարտավորեցնել տեղեկության տրամադրում խոշոր ֆիզիկական անձ մատակարարների մասին: Պարզեցնել փաստաթղթաշրջանառությունը գնման ժամանակ, ավելացնել հաշվետվողականության գործիքները բացառելու համար հարկային խախտումները:

Այս ամենը քայլ առ քայլ կկարգավորի շուկայի զարգացումը, և կիմաստազրկի բոլոր տեսակի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը: Պետությունը արդեն նպատակային վարկեր կտրամադրի համապատասխան կառույցի միջոցով և այն ճյուղի կամ նպատակի զարգացման համար, որի անհրաժեշտությունը պետք է այդ ժամանակահատվածում: Ֆինանսավորողին կընտրեն մրցույթի միջոցով, ով կկատարի միայն միջոցների հետ գանձման և պետությանը հետ վերադարձման ծառայությունը:

Անդրանիկ Մոսինյան, տնտեսագետ

wp-apeth