Ընդունա՞կ է հայկական գիտական հանրույթն ընդունել կորոնավիրուսի առաջացրած մարտահրավերները
Այն, որ Հայաստանում առկա է գիտական ներուժ և գիտական որոշակի համայնք, անհերքելի է։
Այն, որ Հայաստանի բոլոր կառավարությունները անկախացումից հետո թքած են ունեցել գիտության և գիտական հենքով պետության զարգացման հնարավորության վրա, նույնպես անհերքելի է, ուղղակի կարելի է համեմատել գիտության վրա նախատեսվող ծախսերը 2020 թ-ի համար և, օրինակ, միայն ՊԵԿ պարգևավճարների հատկացումները 2019 թ․-ին (2019 թ-ին ՊԵԿ պարգևավճարները կազմել են 5,598,360,000 դրամ, իսկ 2020 թ․-ի բյուջեով գիտական և գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված է պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար՝ 3,854,972,400, և Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար՝ 14,255,302,700 դրամ համապատասխանաբար)։
Եկեք ավելի քննադատական մոտենանք հարցին։ Պետությունը նաև մենք ենք, բայց արդյո՞ք միայն պետական մոտեցման բացակայություն կա այս հարցում։
Այսօր գիտության ոլորտում աշխատող լավ ներուժով երիտասարդներ ունենք, նրանք չեն զիջում արտասահամանյան իրենց գործընկերներին, գուցե նույնիսկ գերազանցում են, բայց նրանց իրական ներուժի իրացում հանուն Հայաստանի շահերի լիովին չի կատարվում, կամ ընդհանրապես չի կատարվում։
Փորձենք հասկանալ խնդիրը, որը, գուցե, տեղային չէ այլ համընդհանուր, բայց դիտարկենք մեր երկրին վերաբերող հատվածը։
Շատերը սիրում են սեփական PR-ով զբաղվել, դա գայթակղիչ է ցանկացած սովորական մարդու համար, ով ինչ-որ հաջողություն է գրանցել, բայց իրեն գիտնական համարողի համար դա խորության բացակայության նշան է։ Այս ընթացքում Ֆիլիպիններում մի խումբ գիտնականներ արդեն սկսել են աշխատել նոր կորոնավիրուսի թեստի ստեղծման ուղղությամբ, Հնդկաստանում նույնպես և ընդհանրապես նման մշակումներն ամբողջ աշխարհում են ընթանում, կան արդյունքներ, կիրառվում են։ Բայց Հայաստանում նման նախաձեռնությամբ հանդես եկող գիտնականներ կարծես չկան։ Եթե այս ընթացքում թեստի վրա աշխատելու միտք ունեին կամ եթե կարիք կար նյութատեխնիկական բազայով ապահովելու, նրանք գոնե կարո՞ղ էին խնդիրը թմբկահարել ու պահանջել սկսելու այդ թեստերի մշակումը։ Երևի պետք էր, որ որևէ մեկը պետական մակարդակով ներկայացներ, որ կորոնավիրուսի բացահայտման թեստերը բավականին թանկ արժեն՝ Չինաստանում արտադրված էքսպրես տեստի գինը գրեթե 200 դոլար է, ԱՄՆ- ում այն գնահատվում է 3000-3300 դոլարի սահմաններում։ Ամեն ինչ գնում է նրան, որ այդ թեստերը երկար ժամանակ պահանջված են լինելու նաև ամբողջ հանրապետության մասշտաբով։ Իսկ դա, անգամ ընտանիք/1թեստ հաշվարկով կգերազանցի 600 000-ը։ Բուժման ավարտը գրանցելու համար ևս երկու թեստավորում է արվում, ինչպես ցույց տվեց պրակտիկան։ Առաջին և հետո, կրկնակի տեստավորման դեպքում 1,8 միլիոն տեստի կարիք կարող է լինել։ Թվում է, թե սա պետք է որ շահագրգռեր գիտական հանրությանը, կառավարությանը, լծվել սեփական թեստ ունենալու գործին, երբ հարցի գինը միայն առաջին փուլում կարող է լինել 120 մլն դոլար, իսկ թանկ տարբերակով՝ 1միլիարդ 800 միլիոն։ Ու սա նվազագույնը, եթե թեստավորվի ամեն ընտանիքի մեկ անդամ։ Մեկ այլ հղմամբ տեսնում ենք, որ Վրաստանում արդեն բնակավայրերում անցկացվում են մասսայական թեստավորումներ՝ Մառնեուլում թեստավորվել են ավելի քան 15 000, Բոլնիսում 3400 մարդ։
Նշենք նաև, որ անհնար է սպասել, որ ինչ որ մի պետություն կամ միջազգային կազմակերպություն ի վերջո ՀՀ բնակչության մասին ավելի պետք է հոգա, քան հենց ՀՀ-ն ու նրա մասնագետ քաղաքացիները։
Մենք չպետք է սպասենք օգնության ու ժամանակ կորցնենք ամեն նման առիթով, եթե ուզում ենք զարգացած պետություն դառնալ։
Ի վերջո աշխարհում նաև տնտեսական ճգնաժամ է այս պահին, և մինիմալ կորուստներով ու շահած դուրս կգան այն երկրները, որոնք առաջինը կհարմարվեն պայմաններին ու կվերսկսեն տնտեսության գործնեությունը։ Մասամբ դա հնարավոր է անել՝ կոնկրետ ձեռնարկությունների աշխատակիցներին թեստավորելով ու մեկուսացված աշխատանքային կյանքի պայմաններ ապահովելով, եթե իհարկե իրենք ցանկանան այդ պայմաններում աշխատել։ Դա չի ավելացնի վարակման վտանգը, և այն ընտանիքներ ևս չի փոխադրվի։ Ահա թեստերի ևս մեկ պահանջ՝ տնտեսական դրդապատճառներով։
Բայց այստեղ մի մեծ խնդիր էլ ունենք․ նոր սերնդի իրենց գիտնական համարողները, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, այն մտածողության խորությունը չունեն, որով հայտնի էին մեծ գիտնականները, շատերը հեռու են պետական և ազգային մտածելակերպից։ Համակարգչով գրաֆիկներ նկարելը և դրանց հիման վրա հետևություններ անելը լավ հմտություն է, բայց իրական գիտությունը զարգանում է լաբորատորիաներում, փորձարկումների միջոցով։ Որ հարցնենք լաբորատորիա չունե՞ք, կպատասխանեն՝ լուրջ հետազոտական կենտրոն ենք, մեր հոդվածների քանակին ու դրանց ինդեքսներին նայեք։ Բա որ ունենք, ինչու՞ չենք զբաղվում նման խնդիրներով, ամենասպասված պատասխանը գիտեք, որն է լինելու՝ խնդիր չի դրվել։ Է, բա ինչով եք գիտնական, որ ձեզ պիտի խնդիր դնեն։ Սա էլ պատճառ ունի․ սովորել են գրանտների ու դրանց թեմաների շուրջ աշխատել, որտեղ խնդիրներն արդեն դրված են այն մարդկանց կողմից, ով փող է տալիս։
Այս տարի քննարկումներ գնացին բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որում կարմիր թելով անցնում էր բուհերի գիտական բաղադրիչի դերի բարձրացման միտքը։
Պետք է ի վերջո ուսումնասիրել, թե մեր բուհերի, գիտական հաստատությունների գիտական միտքն ու աշխատաժամանակը արդյո՞ք արդյունավետ է զբաղեցնել պատահական գրանտների առաջադրանքներով՝ լուծելով հաստատության գոյության ու կադրերի կենսաապահովման ու հոսունության խնդիրն ընդամենը, թե պետք է հայտ ներկայացնել և տարածաշրջանային մակարդակում գոնե գիտական պոտենցիալով մարտահրավերներին ու հրատապ պահանջներին արագ արձագանքելու ունակ ու նաև դրանով ինքնաբավ դարձող գիտական համակարգ ունենալ։ Միայն այս դեպքում է հնարավոր գիտական բաղադրիչի որակի մասին խոսել՝ մրցելով տարածաշրջանում դեր խաղացող կենտրոնների հետ։ Օրինակ, Իրանը սեփական թեստ ստացավ՝ ռազմական ուժերի գիտական պոտենցիալն օգտագործելով, ու այսօր ինքնաբավ է, և նույնիսկ տնտեսական սանկցիաների տակ կարող է առաջարկել թեստավորման իր տարբերակը, գտնել պահանջարկ։ Ուկրաինան արդեն ունի սեփական մշակման թեստ։
Եվ այստեղ ավելի մեծ խնդիր կա։ Ստեղծագործ մտքի բացակայությունն է։ Գիտությունը հայտնի մեթոդների կիրառման հմտությունը չէ, գիտությունը նորարարություն է, ստեղծագործ աշխատանք, ապրելակերպ։ Եվ եթե իրեն գիտնական համարողները պիտի սպասեն, որ իրենց խնդիր դնեն, ո՞վ է իրենցից շատ հասկանում այդ ոլորտում, թերուս պաշտոնյանե՞րը, թղթաբանությամբ զբաղվող բյուրոկրատնե՞րը։ Եվ իրապես փախչելով խնդիր դնելու պատասխանատվությունից՝ պիտի որ կանգնենք և կանգնել ենք այսօրվա իրականության առջև․ թերուսներն իրենց գիտակցությանը համապատասխան են մոտենում գիտությանն ու գիտական մոտեցմանը, մինչ այդ իրենց գիտնականներ համարողներն էլ սպասում են թերուսներից մի բան, որը նրանց կոմպետենցիաների և կոմպետետնտության շրջանակից դուրս է։ Իսկ գրանտային թեմաները, եթե համատեղ են արվում, խնդիրները դրված են համատեղությամբ․ շատ մտածելու բան չկա, կամ եթե դիմում են, դիմում են իրենց համար արդեն վաղուցվանից հայտնի թեմաներով, եթե իրենց նախաձեռնությամբ է։ Եվ այստեղ գիտությունը սկսում է վերածվել ընկածին տշելու մի զբաղմունքի։ Ի՞նչ է դա կհարցնեք․ կան տարեց գիտնականներ, որոնք սերում են որոշակի խորհրդային դպրոցից և դեռ նրանց ղեկավարների կողմից դրված թեմաներն իրենք և իրենց աշակերտները անընդհատ ծեծում են՝ առանց նայելու դրանց արդիականությանն ու գիտական կարևորությանը, այնքան են ծեծված թեմաները, որ մաշվել են, ընկել գետնին, այլևս ուժ չունեն, բայց դրանց ու դրանց եկող թեմաներով դեռ խմբաքանակներով գրվում են ատենախոսություններ և հոդվածներ։
Մտածողության խորության մասով մեջբերված խնդիրը և դա պետական ու ազգային մտածողությունից հեռու լինելու հետ կապելը պատահական չէ։ Գրանտով իրականցվող աշխատանքներում իրապես կարող է ներգրավված լինեն տաղանդավոր մարդիկ, բայց եթե այդ նույն մարդիկ գրանտով ստացվող արդյունքները կամ նյութատեխնիկական բազան չեն մտածում ներդնել Հայաստանի շահի համար, այստեղ երևում են այդ բացերը։ Նման կարճ մտածողությամբ տաղանդավոր մարդիկ ոչնչով չեն տարբերվում, օրինակ, կարտոֆիլից, որին ցանում են հողի մեջ, նա այդ հողից և ջրից առավելագույնս օգտվում է, դրսից սելիտրա են տալիս, բայց իր տված արդյունքները դուրս են բերվում՝ հարստահարելով հողը։ Այսինքն՝ դրսում էլ հիմար չեն, տեսնում են այստեղ կա տաղանդ և այդ տաղանդն էժան գներով օգտագործում են՝ համ փողը պահելով իրենց երկրում համ էլ արդյունքները տանելով իրենց երկիր։ Եվ, փաստորեն, այդպես անողները իրենց պետության տեսանկյունից օժտված են պետական և ազգային մտածողությամբ ու ավելի խորն են դատում, բայց մեր տաղանդները հիմնականում իրականացնում են այն կարտոֆիլ-սերմացուի դերը, որի պտուղներն ուրիշն է քաղում, մի բան էլ վնաս տալով մեր հողին։
Ինչպե՞ս վնաս տալով, այնպես, որ այդ տաղանդին մեծացնելու համար մեր պետությունը, գուցե չնչին, բայց ծախսեր կատարել է և կատարում է նրան մատակարարելով հանրային բարիքներ, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանում, նույնիսկ չի կարող ակնկալել։
Նույն մեծ խնդիրն է համալսարաններում և ինստիտուտներում, նրանք սպասում են թե պաշտոնատար անձինք ինչ պիտի ասեն, որ իրենք անեն։ Այ այստեղ է կարևոր համալսրաննների և ինստիտուտների ապաքաղաքականացումը։ Ոչ թե պաշտոնյան պիտի ասի ու քաղաքականություն մշակի համալսարանի կամ հետազոտական կենտրոնի համար, այլ հակառակը համալսարանն ու հետազոտական կենտրոնը պիտի հասկանան, որ իրենք ուղեղային կենտրոն են և դրանք պիտի մշակեն քաղաքականություն և տեսլական պետության և կենսագործունեության ոլորտների զարգացման համար, իսկ պետական պաշտոնյան պետք է հնարավորություն ունենա օգտվել այդ հետազոտություններից և գիտական հենքով ձեռք բերված արդյունքներից։ Այս իներտ վիճակին վերջ է պետք դնել, թե չէ լճացումն ավելի է խորանալու։
Այլ խնդիր են ներպետական և ներբուհական գրանտները և դրանց տրամադրման տրամաբանությունը և վերահսկման մեխանիզմները, որոնք գրեթե անհասկանալի են։ Հետազոտությունների համակարգային կապի փոխարեն, որը կտար ինչ-որ ճյուղում առաջընթաց, ճեղքման և աշխարհում առաջատար դառնալու հարցում շանս, մենք նկատում ենք կարևորագույն ոլորտների բացթողումներ։ Եվ այստեղ պետք է պահանջել ֆինանսավորում՝ հնարավորինս հանրայնացնելով հաջողությունները, եթե այդպիսիք կան, հետազոտությունների կարևորության գիտակցումը և հանրային աջակցությունը պահանջեին։ Հետաքրքիր կլինի վերլուծել գրանտների տրամադրմամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքների ներդրումը ՀՀ տնտեսության և արդյունաբերության ճյուղերում և պատկերը լրիվ պարզ կլինի, որից հետո նոր կարելի է գնալ խորքային և համակարգային խնդիրների բացահայտմանը։
Մեկ ուրիշ խնդիր է սփյուռքի գիտական ներուժի հետ մեր կապը։ Մի լավ օրինակ այս առումով կա Վրաստանում․ NASA-ում աշխատող վրացի գիտնականը Վրաստանում երիտասարդ թիմի հետ ստեղծում են հատուկ համազգեստ հրշեջների համար՝ հետագայում նպատակ ունենալով ստեղծել հատուկ համազգեստ տիեզերագնացների համար։ Այս առումով մի այլ հատկանշական դեպքի հետ ենք առնչվել Հայաստանում։ Մի շատ առաջադեմ, գլամուր համաժողովի, որ ամեն տարի անց է կացվում Հայաստանում մի հայտնի հայ գիտնականի հետ եկել էր մեկ այլ գիտնական ԱՄՆ-ից, որը ելույթ պիտի ունենար ՀԱՊՀ- ում։ Այս գիտնականը ելույթը սկսելուց առաջ դուրս է գալիս ու սկսում ՀԱՊՀ-ում լսարանին հարցնել՝ քանի հոգի համակարգիչ ունեն, քանի՞սն են կարողանում օգտվել համացանցից։ Հասկանալի է չէ, թե որտեղից է այդ գիտնականի մոտ ձևավորվել նման պատկերացում Հայսատանի և հայկական գիտական հաստատությունների մասին։ Լավ է մեր ընկերներից, այնտեղ եղել և մասնագիտական «պորտատեղադրում» են արել ԱՄՆ-ից եկած ելույթ ունեցողներին։ Այ այստեղ է, որ դրսևորվում է ազգային ու պետական մտածելակերպը։ Եթե մի բան այստեղ բարդ դրության մեջ է, փորձիր ներուժովդ զարգացնել, այլ ոչ թե այլոց մոտ էլ թքել կամ տոն տալ այլոց թքելուն քո արմատների վրա, որտեղից դուրս ես եկել։ Այդ նույն համաժողովի ընթացքում մի շատ լավ ելույթի ականատես եղանք․ հայ երիտասարդ գիտնական էր, փորձեցինք մոտենալ ծանոթանալ, այնպիսի արհամարհանքով հեռացավ՝ բառերը մեր բերանում մնացին։ Կան նաև շատ դրական գործիչներ, իրապես ազգային և Հայաստանի շահերին նպաստող գործունեությամբ զբաղվող, որ իրապես ձգտում են այստեղ մի բան զարգացնել իրենց դրսում եղած պոտենցիալով։ Նրանց շուրջ կարելի է ձևավորել լավ գիտական դպրոցներ և նրանց արժանացնել գնահատանքի պետական մասշտաբով, իսկ միայն իրենց մասին մտածողներին պետք է ուղղակի թողնել, որ գան ինքնաPR-ով զբաղվեն և հետ գնան իրենց գործիերին՝ նույնիսկ մոտ չթողնելով գիտական համայնքի հետ համագործակցելուն։
Այս առումով իրենց գիտնական համարողներն ու պետական պաշտոնյաները ոչ թե պիտի վրդովվեն և իրենց էգոն առաջ մղեն կամ հոդվածներն ու դրանց ինդեքսները ցույց տան, այլ իրենց գիտական դպրոցի հնարավորությունները պետությանը շահ ապահովելու տեսանկյունից, եթե իրական գիտնական են, իսկ
իրական գիտնականները գիտական դպրոցների հիմնադիրներ են։ Պետական պաշտոնյաները պետք է ցուցաբերեն պետական մտածելակերպ, պետությանը և ժողովրդին ծառայողի գիտակցության համապատասխան մակարդակ։ Եվ այստեղ կարևոր է քննադատաբար մոտենալ հենց այս քննադատությանը, այլ ոչ էմոցիոնալ մակարդակով, որպեսզի այս քննադատությունն էլ իր նպատակին ծառայի, այլ չդառնա վիրավորական մի զրույց կամ բամբասանք․ նպատակը դա չէ, այլ Հայաստանի բազմակողմանի և համընդհանուր զարգացումը։
Կարեն Ավագյան, Արամ Բաղիյան