Կորոնավիրուսը, Ուհանն ու դիակիզարանները. Հավատալ թվերին, թե՞ տրամաբանությանը

Կորոնավիրուսը, Ուհանն ու դիակիզարանները. Հավատալ թվերին, թե՞ տրամաբանությանը

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների իրական թիվը կարող է 14 անգամ ավելի լինել, քան՝ ըստ պաշտոնական տվյալների: Այս մասին են վկայում ամերիկացի փորձագետների կողմից արված հետազոտությունների արդյունքները, որոնք այս պահին հիմնված են միայն ենթադրությունների վրա: Բրիտանական dailymail պարբերականի հոդվածում, որտեղ հղում է արվում հետազոտության արդյունքներին, նշվում է, որ, հնարավոր է, մարտի կեսին չինական Ուհան քաղաքում արդեն մահացած է եղել առնվազն 36 հազար մարդ: 

Ամերիկացի հետազոտողները ենթադրում են, որ Չինաստանը թաքցրել է իր մոտ բռնկված համաճարակի իրական մասշտաբները՝ գործի դնելով Ուհանում գործող դիակիզարանները: Ըստ հետազոտող խմբի՝ քաղաքում, որտեղ անցած դեկտեմբերին բռնկվել է համավարակը, հնարավոր է, փետրվարի երկրորդ շաբաթվա դրությամբ օրական 800-ից 2000 մարմին են  կիզել: Սա այն դեպքում, երբ տվյալ պահին պաշտոնական թվերը խոսում էին այն մասին, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 700 մարդ:

Հետազոտողների հայտարարությունների համաձայն՝ կասկածի տեղիք է տալիս այն, որ ստացված տեղեկություններով նշված ժամանակահատվածում Ուհանի դիակիզարաններն աշխատել են ամբողջ հղորությամբ օրական 24 ժամ ռեժիմով:

Ըստ փորձագետների՝ տեղի սգո սրահներից հազարներով պատվիրել են սափորներ և ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մարտի 23-ի դրությամբ, երբ նույն Մեծ Բրիտանիայում նոր էին սկսել խիստ սահմանափակումներ կիրառել, միայն Ուհան քաղաքում արդեն մահացել էր մոտ երեք տասնյակ հազարից ավելի մարդ: Այդ պահին պաշտոնական Չինաստանը հայտնում էր, որ երկրում մահացել է 2524 մարդ:

Պաշտոնական Չինաստանն այս պահին հայտնում է, որ ընդհանուր հաշվով երկրում վարակվել է 83 293, մահացել է 4634 մարդ: Թվերը ցույց են տալիս, որ վարակվածների 98 տոկոսը գրանցվել է Հուբեյ շրջանում, որի մայրաքաղաքն է Ուհանը:

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ դեռ մինչև վերջ պարզ չէ, թե ինչքան ուժեղ է եղել կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում, որը, փորձագետների կարծիքով, ազդել է նաև մյուս երկրների վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն այս ընթացքում հասցրել են քննադատել նրա համար, որ կառույցը ինչպես հարկն է չի պնդել, որ Չինաստանի իշխանությունները ներկայացնեն ճշգրիտ տվյալներ: Ընթացիկ շաբաթվա ընթացքում իրադարձությունների զարգացումը Պեկինում նոր մտահոգությունների տեղիք տվեց՝ կապված համավարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ: Ի դեպ, արդեն կան փորձագետներ, որոնք ենթադրում են, որ Չինաստանն այս անգամ ևս չի ներկայացնի իրավիճակի իրական պատկերը:

Ուհանի դիակիզարանների հետ կապված հարցի հետազոտությամբ զբաղվել են Վաշինգտոնի համալսարանի, Օհայո նահանգի համալսարանի և ամերիկյան AT & T կոմունիկացիոն ընկերության փորձագետները: Այն գլխավորել է պաթոլոգ Մեյ Հեն Վաշինգտոնից և հիմնվել է հիմնականում զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների, այլ ոչ թե գիտական որևէ տվյալների վրա:

Dailymail-ը գրում է, որ medRxiv-ում հրապարակված հետազոտությունը չի հրապարակվել որևէ այլ գրախոսվող ամսագրում կամ չի նայվել այլ գիտնականների կողմից և սա նշանակում է, որ վերջիններս չեն մատնանշել հետազոտության մեթոդի բացթողումները, որոնք բժիշկ Հեն և նրա գործընկերները կարող էին փոփոխության ենթարկել:

Հետազոտողների խմբի հայտարարությունում նշվում է. «Ելնելով նրանից, թե ինչ հզորությամբ և այն, որ օրական 24 ժամ ռեժիմով են աշխատել դիակիզարանները, ինչպես նաև սափորների պատվերների քանակը 2022 թվականի մարտի 23-ի դրությամբ, կարելի է ենթադրել, որ Ուհանում մահացածների թիվը մոտ է եղել 36 հազարին, ինչը տասն անգամ ավելին է, քան այդ պահին մահացածների մասին պաշտոնական տվյալը՝ մահվան 2524 դեպք: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ փետրվարի սկզբին Չինաստանի ներկայացրած պաշտոնական թվերն էականորեն նվազեցված են եղել համավարակի դեմ պայքարի կրիտիկական ժամանակահատվածում»:

Բժիշկ Հեն ու նրա թիմն ուշադրություն են դարձրել արագության, որով կորոնավիրուսը տարածվում էր Չինաստանում մինչև նրա ավարտը, մահացվածության մակարդակի, դիակիզարանների աշխատանքային խիտ ու հագեցած գրաֆիկի և սափորների պատվերների քանակի վրա:

Հետազոտողները հայտնել են, որ կարողացել են 7 դիակիզարան պարզել Ուհանում, որոնք ունեն 86 վառարան: Սովորաբար այնտեղ կիզում են 136 մարմին և աշխատում են չորս ժամ: Սակայն, ըստ հետազոտության, փետրվարին աշխատանքային ժամը հասցրել են մինչև 24-ի, ինչպես նաև աշխատակիցներ են ներգրավել նաև այլ քաղաքներից: Սա արագացրել է գործընթացը՝ հասցնելով թիվը 680-ից մինչև 2000 լրացուցիչ մարմին օրական: Հետազոտողների գնահատմամբ՝ մարտի 23-ի դրությամբ Ուհանում կարող էին մահանալ 36720 մարդ:

Newsweek-ում մարտի վերջին հրապարակված հետազոտության համաձայն՝ պարզվել է, որ դիակիզարաններից մեկը գնել է լրացուցիչ 5000 սափոր: Սա այդ պահին կբավարարեր, որպեսզի երկու անգամ վերամշակեին կորոնավիրուսի զոհերի մարմիններն Ուհանում (2524 մահ) և իհարկե ավելի քան կբավարարեր ամբողջ երկրում կորոնավիրուսից մահացածների մարմինները (3277) մշակելու համար:

Հետազոտողները հաշվել են, որ եթե վերը նշված 7 դիակիզարանից յուրաքանչյուրը պատվիրել է լրացուցիչ 5000 սափոր, ապա մահացածների թիվը զգալիորեն շատ կլինի, քան երևում է պաշտոնական տվյալներից:

«Մահացածների թիվը կհասնի 35 708-ի, եթե նշված լրացուցիչ սափորները բաժանենք Ուհանի դիակիզարանների միջև: Սա գրեթե համապատասխանում է մեր գնահատականին (36 720) ՝ հիմնված դիակիզման ծառայությունների թվի զգալի աճի վրա»,- ասել է բժիշկ Հեն:

Հետազոտողները նշում են, որ երբ խոսում են հնարավոր 35000-36000 մահվան դեպքերի մասին, հաշվի առած չէ փաստը, որ համավարակի ժամանակ քաղաքում ստեղծվել է մոտ 40 շարժական կիզարաններ: Սրանք օրական կարող են ոչնչացնել մինչև հինգ հազար տոն «բժշկական թափոններ», հետևաբար թվերն այստեղ կարող են զգալիորեն նվազեցված լինել:

Հետազոտողների խումբը խոստովանել է, որ իրենց կողմից ներկայացված թվերը բացարձակ չեն և մոտավոր են և կարող են լինել սխալներ, բայց տրամաբանությունը հուշում է, որ թվերը կարող են լինել բարձր, քան ներկայացրել է պաշտոնական Չինաստանը:

Բժիշկ Հեն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց գնահատականների հիմքում ենթադրություններ են և դրա համար դրանք պետք է հաշվի առնել որպես մոտավոր թվեր:

Ամեն դեպքում, նշվում է, որ Չինաստանի կողմից թափանցիկությունը լրջագույն նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար՝ առաջին հերթին վարակի հետ կապված դասեր քաղելու, այն հաղթահարելու և հետագայում դրա նման խնդիրների դեմ ավելի արդյունավետ գործելու տեսանկյունից:

Համավարակի ընթացքում պարբերաբար խոսվում էր «չինական պայքարի ու գրանցած հաջողությունների մասին»՝ կապված գրանցված ու մահվան դեպքերի քիչ լինելու հետ չնայած նրան, որ վիրուսն ի հայտ է եկել այնտեղ դեռ ամիսներ առաջ այն պահից, երբ այն հայտնվեց մեկ այլ երկրում և անհայտ էր, երբ դա տեղի ունեցավ:

Այսօրվա դրությամբ պաշտոնապես նշվում է, որ երկրում վարակվել է 83293, մահացել է 4634 մարդ: Մեծ Բրիտանիայի հետ համեմատած թվերը զգալիորեն քիչ են: Մառախլապատ Ալբիոնում գրանցվել է 299,251 դեպք, մահացել է 42,153 մարդ: Սա այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում վարակը սկսվեց տարածվել Չինաստանում դրա հայտնվելուց երեք ամիս անց: Ապրիլ ամսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես խոսել է հարցի մասին:

«Եթե ԱՀԿ-ն բուժէքսպերտների մասով իր գործը լավ կատարեր և վերջիններս տեղում իրավիճակին օբյեկտիվ գնահատական տային ու պարզեին Չինաստանի կողմից ոչ թափանցիկ լինելու հետ կապված կասկածները, ապա բռնկումը հնարավոր է մարվեր հենց այնտեղ՝ մահվան քիչ դեպքերով»,- Թրամփի խոսքերը մեջբերել է CNN-ը:

Նշենք, որ ԱՀԿ-ի փորձագետներն եղել են Չինաստանում վարակի բռնկման սկզբում և հայտարարել են, որ Չինաստանը տեղի ունեցողի մասին ճիշտ տեղեկություններ է հայտնում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես մինչև վերջ վստահ չէ և ապրիլին Financial Times-ի տված հարցազրույցում ասել էր. «Եկեք այդքան միամիտ չլինենք ու չասենք, որ Չինաստանին ավելի լավ հաջողվեց պայքարել դրա դեմ: Չգիտենք: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել մի բան, որի մասին տեղեկություն չունենք»
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիզա Պեյնն իր հերթին ասել է, որ լուծումը՝ թափանցիկությունն է: Վերջինիս խոսքերը մեջբերել է VOA News-ը. «Նման հարցերում առաջ գնալու բանալին՝ թափանցիկությունն է, թափանցիկությունը Չինաստանից, իհարկե»:

Ներկա պահին Պեկինը կրկին հայտնում է կորոնավիրուսով վարակվածների թվի անսպասելի աճի մասին: Կրկին խոսվում է կանխարգելիչ գործողությունների ու միջոցառումների մասին, քաղաքի տասնյակ թաղամասեր փակվել են: Միլիոնավոր մարդիկ կրկին կարանտինային ռեժիմի տակ են: Ըստ պաշտոնական թվերի՝ երեկ ևս 21 վարակված են հայտնաբերել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում: Մեկ շաբաթում քաղաքի Xinfadi մեծածախ սննդի շուկայի հետ կապված վարակվածների թիվը հասել է 158-ի: Ազգային առողջապահության կոմիտեից հայտնել են երկրում հաստատված 28 նոր դեպքի մասին, որոնցից 24-ը տեղացիներն են 4-ը՝ արտասահմանից ժամանած: Հատաստված նոր դեպքրից 8-ն հիվանդությունը տանում են առանց աշխատանիշների: Չինաստանում ընդհանուր հաշվով վարակվել է 83 293 մարդ, 78394 մարդ ապաքինվել է, մահացել է 4634-ը: Վերջին տվյալներով՝ առանց ախտանիշների 111 հոգի գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Ի դեպ, համարյա երկու ամսվա ընթացքում Չինաստանից նոր դեպքերի մասին տեղեկություններ չկային, մինչև այդ մասին առաջին լուրը ստացվեց անցած շաբաթ: Փորձագետներից ոմանք արդեն թերհավատորեն են մոտենում նման հաղորդագրություններին և մինչև վերջ վստահ չեն, թե իրականում ինչ է կատարվում:

Ըստ dailymail պարբերականի՝ Նոթհինգեմի համալսարանի պրոֆեսոր Կիտ Նիլն երեկ ասել է. «Այն, թե ինչ է Չինաստանում իրականում կատարվում, երբեք հնարավոր չէ իմանալ, դրա համար մնում են միայն հիմնավորված ենթադրությունները»:

Ավելի վաղ խոսվել է այն մասին, որ հնարավոր է՝ կորոնավիրուսն արդեն եղել է ու տարածվել է Ուհան քաղաքում դեռ անցած տարվա օգոստոսին՝ համաձայն հետազոտության արդյունքների, որում վերծանել ու վերլուծել են Ուհանի խոշոր հիվանդանոցների կայանատեղիների արբանյակային լուսանկարներն ու որոնողական համակարգերի տվյալները:  

wp-apeth