Բացահայտվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ
#ՀՀքննչականկոմիտե ի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից իրականացված քննչական և օպերատիվ համակարգված և պլանավորված գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթաղոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոյին», «Աեֆեդրոն», և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ՝ ձեռնամուխ լինելով դրանք քննությամբ դեռևս չպարզված անձանց իրացնելուն, իսկ խմբի անդամներից ոմանք մեքենայով ապահովել է խմբի անդամների տեղաշարժը՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր գործողություններին:
Իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ․ Հ․-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։
Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող նշված օֆիսային տարածքում կատարված համաժամանակյա խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:
Խոհանոցում առկա գազօջախի միջից հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ, որոնք վկայում են Վ․Հ․-ի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու, դրա արդյունքում ապօրինի հարստանալու մասին:
Վարույթի ընթացքում խուզարկության ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են Սեբաստիա փողոցի՝ նշված օֆիսային տարածքի բակում, որոնք փաստացի շահագործվում են Վ․Հ․-ի կողմից:
Խուզարկությամբ նշված տարածքում հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված է եղել կոնյակի տուփի մեջ:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:
2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, խմբի անդամներից 4-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 1-ին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 3-ին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: