3 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Ազատոճային ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել Մեժլում Մեժլումյանը ( 61 կգ ), Հայկ Պապիկյանը (70 կգ) և Կնյազ Իբոյանը (86 կգ ), իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել են բրոնզեմեդալակիրներ։
Մեժլումյանը 61 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ուկրաինացի Անդրի Ժելեպին և բավարարվել արծաթե մեդալով: Հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 10-0 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում նույն հաշվով հաղթել է ռումինացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ:
Իբոյանը 86 կգ քաշայինների եզրափակչում 1-11 հաշվով պարտվել է Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագամադովին և նվաճել արծաթե մեդալ: Հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության է հասել մոլդովացի Իվան Իչիզլի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հաշվով հաղթել է թուրք Իսմաիլ Կոչուկսոլակին:
Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում զիջել է ադրբեջանցի Մագոմեդ Բաշիր Խանիևին ու նվաճել արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է լեհ Մատեուշ Լուշինսկիին, քառորդ եզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Մուհամեդ Սանգարիևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 13-2 հաշվով հաղթանակի է հասել ադրբեջանցի Նուրադին Նովրուզովի նկատմամբ և հաղթող ճանաչվել: Հարությունյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 2-3 հաշվով զիջել թուրք Թոլգա Օզբեկին: Վերջինս հասել է եզրափակիչ, ու հայ ըմբիշը, սփոփիչ գոտեմարտում հաղթելով լեհ Ռոման Շչևցին, բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն է ստացել:
125 կգ քաշային Մարտին Սիմոնյանն արժանացել է բրոնզե մեդալին՝ առանց պայքարի: Սիմոնյանը մեկնարկել է քառորդ եզրափակչից, որտեղ զիջել է Ադրբեջանը ներկայացնող Վախիդ Գալաևին: Կիսաեզրափակիչում ադրբեջանցի ըմբիշի և վրացի Սոլոմոն Մանաշվիլի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է, և Սիմոնյանը կիսաեզրափակչում պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել: ½ եզրափակչում արդեն հայ ըմբիշը 0:10 հաշվով զիջել է ուկրաինացի Վոլոդյա Կոչանովին: Բրոնզե մեդալի համար Մարտին Սիմոնյանը պետք է գոտեմարտեր վրացի Սոլոմոն Մանաշվիլիի հետ, որը ևս որակազրկվել է ծեծկռտուքի համար: Արդյունքում, բրոնզե մեդալի համար գոտեմարտը չի կայացել և Սիմոնյանը հաղթող է ճանաչվել:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հանդես են եկել նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որոնք անմասն են մնացել մեդալներից։
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել։ Կարապետ Մանվելյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը, Հայկ Խլոյանը և Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալներ էին նվաճել: