Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ դեկտեմբերի 7-ի կապակցությամբ
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը: Ներկայացնում ենք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձն օրվա կապացությամբ:
«Սիրելի շիրակցիներ
Ավերիչ երկրաշարժի թողած չսպիացող վերքերը, անմեղ զոհերի հիշատակն ու շիրակցուն բաժին հասած դժվարությունները յուրաքանչյուր տարի այս օրը վերապրում ենք նորովի։ Թվում է, թե տարիներն իրենց հետ տանում են 88-ի այն ահասարսուռ լուսաբացի թողած հետքերն ու հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի մասին հիշողությունները։ Ցավոք, ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտի ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։
Հիշատակի ու խնկարկման այս օրը երախտիքի խոսքերի են արժանի այն երկրներն ու մարդիկ, որոնք առանց վարանելու աղետից ժամեր անց Հայաստանի կողքին էին։ Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու անկեղծությամբ ու ջերմությամբ ստիպեցին ապրել ու արարարել։ Շիրակցին չընկճվեց ու չընկրկեց․ առաջ շարժվեցինք ու օր օրի մեր մեջքը շտկեցինք։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ փոփոխություններ բերող ծրագրեր կյանքի կոչելու վճռականությամբ քայլում ենք դեպի ապագա։
Բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն նոր արդյունքներ, նոր ձեռքբերումներ ունենալուն։
Իմ խոնարհումը բոլոր նահատակների հիշատակին»,- Բաղդասարյանի խոսքերը մեջբերել է Շիրակի մարզպետարանի լրատվության բաժինը: